44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված քաշաթաղցիներն այսօր բողոքի ցույց էին անում Կառավարության շենքի դիմաց։ Նրանցից շատերը դեռ 90-ականներից ապրում էին Ղաղրաբաղում։ Կառավարությունից տուն/փոխահատուցում ստանալ նրանց այժմ չի հաջողվում, քանի որ մինչև պատերազմը իրենց գույքի սեփականաշնորհման գործընթացը դեռ ավարտված չէր։ Ըստ ցուցարարների, պետությունը փոխհատուցման համար այժմ պահանջում է փաստաթղթեր, որոնք իրենք չէին էլ կարող ունենալ։
«Տունը մնացել է օդում, այգիները մնացել են օդում», – ասում է ցուցարարներից մեկը։ Վերջինս ծնունդով Գյումրիից է, 97 թվից ապրում է Արցախում։ Սեփականության փաստաթղթերը չունի, մեքենաների միայն կեսն են հաստատել, մյուս կեսը նույնպես «օդում է»։
«Երկու վիրահատություն ունեմ տարած՝ պատերազմից հետո։ Էդքան ծառայել եմ, կյանք եմ դրել։ Որ էգուց մի խնդիր լինի, պիտի գան մեր հետևի՞ց։ Իսկ էսօր տեր ե՞ն լինում։ Երկու տղա երեխա ունեմ։ Պիտի գան, ասեն՝ տանենք, չէ՞։ «Պիտի ծառայես»։ Ես ծառայել եմ սաղ կյանքս, էսօր ինչի՞ եմ հասե։ Հլը վարձի օրը թող գան մի հատ իմ տուն, ջրի փողի օրը, լույսի փողի օրը․․․ Տներս մինչև վերջին օրը մնացին սեփականաշնորհման փուլում։ Ո՞վ ա դրա տերը․․․», – պատմում է տղամարդը։
Վերջին մեկ ամսվա համար պետությունից 68 հազար դրամ օգնություն չենք ստանում, ասում է ցուցարարներից մյուսը։ Տեղեկություններ են շարջանառվում, որ կառավարությունը ևս երեք ամսով կերկարաձգի սոցօգնությունների տրամադրումը։ Նշված գումարը, հիշեցնենք, ստանում է ընտանիքի յուրաքանչյուր անդամը։ Հավաքվածների մեծ մասը վարձով է ապրում, աշխատանք չունի, վստահ է՝ նպաստով ապրել միևնույնն է՝ չի ստացվի, իսկ ընտանիքի ծախսերը հոգալու համար բավարար աշխատավարձով գործ գտնելու հեռանկար այս պահին չկա․․․
«15 օր առաջ ենք դիմել կառավարություն։ Պատասխանը հուսադրող չէ։ Ասում են՝ մենք չգիտենք, թե ձեզ ինչ պատասխան տանք։ Այսինքն՝ մեր վիճակը մնում է անորոշ», – ասում է քաշաթացիներից մեկը։
Կողքինը հավելում է՝ «կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ ասեք, որ չեք կարողանում, մենք էլ դիմենք միջազգային հանրությանը»։
Կանանցից մեկը ընդգծում է՝ Քաշաթաղում վերաբնակվելու առաջին տարիներին պետությունից առհասարակ աջակցություն չեն ստացել, ինքնուրույն են ստեղծել այն ամենն, ինչ այժմ կորցրել են։
«Էդ 20 տարվա ընթացքում մենք կարողացել ենք մեր քրտինքի հաշվին ստեղծել այնքան, որ արդեն մենք մեզ գոնե մարդ զգանք․․․Աշխատում էինք, փառք Աստծո, ամեն ձև։ Հիմա թողեցին ամեն ինչից կտրված։ Ինչո՞վ ապրենք։ Մի ամբոջ ըտանիք մտածում ենք՝ մեր վաղվա օրը ինչ ա լինելու։ Որոշում պիտի լինի։ Կամ մեզ բնակարանով պիտի ապահովեն ― մեզ պետք չի իրանց 68 000-ները՝ էդ թուլափայերը, որ ոչ մի բանի չի հերիքում ― կամ պիտի մենք մեր երկրից հրաժարվենք, գնանք մի այլ երկիր, որտեղ մեզ կընդունեն, մենք կկարողանանք գոնե աշխատենք, ապրենք»։
Նրա կարծիքով՝ եթե անգամ Սոցապ նախարարությունը օգնի աշխատանք գտնել, դրանով ընտանիք պահել միևնույնն է չի ստացվի, կբավականացնի միայն տան վարձին, բայց ընտանիքում ուսանող կա, ծանր հիվանդություն ունեցող մարդ կա և այլն։
Ցուցարարաները բողոքում էին նաև պետությունից հատկացվող սոցօգնությունների սխալ կառավարումից․ ասում էին՝ Հայաստանը չպետք դրամական օգնությունը, որը նախատեսված է նաև տեղահանված մոտ 20 հազար մարդու համար, ուղարկի Արցախ, որ այնտեղից էլ հետ ուղարկեն իրենց, այլ՝ պետք է ինքնուրույն համակարգի այդ գործընթացը․․․
Տես նաև՝ Քաշաթաղցիներ․ Մենք տուն չունենք՝ դուք շենք եք ծախում