Ղազախի շրջանում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակատանկային ականի պայթյունից զոհվել է Խանլիգլար գյուղի բնակիչ Մամեդ Մարդանովը (ծնված 1988թ․)։
Ադրբեջանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին հարակից Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում։ Մարդանովի տրակտորը պայթել է ականի վրա, տուժողը տեղում մահացել։
Նախօրեին Աղդամի շրջանի Գարվանդ գյուղում` «վերականգնողական աշխատանքներ կատարելիս» ականի պայթյունից վնասվածքներ է ստացել նաև էքսկավատորի վարորդ Զաֆար Աղաևը (ծնված 1972թ․)։
Օգոստոսի 29-ին՝ ոչխարներ արածելիս ականի վրա պայթել էր նաև Դաշկեսանի շրջանի բնակիչ Շուկյուր Տագիևը, որ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։
«Կավկազսկիյ ուզել»-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից առ այսօր Ղարաբաղյան հակամարտության գոտում և Հայաստանի հետ սահմանին ականի պայթյունից զովել է ընդհանուր 31 մարդ՝ 7 զինծառայող և 24 քաղաքացիական անձ, ևս 129 հոգի՝ 91 զինվորական և 38 քաղաքացիական, վիրավորվել է։
Հայ-ադրբեջանական սահմանը և Ղարաբաղում մարտական գործողությունների տարածքները ականապատվել են դեռևս 90-ականների սկզբից։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո որոշ տարածքների ականապատման քարտեզները փոխանցվել են Ադրբեջանին՝ այնտեղ պահվող հայ ռազմագերիների վերադարձի շրջանակներում։