Home / Հայաստան / Մեքենայի մեջ Հիսուսի նկարն էր ու Հայաստանի դրոշը

Մեքենայի մեջ Հիսուսի նկարն էր ու Հայաստանի դրոշը

Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։


իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի

Զրույց ութերորդ

Արեգ

․․․Տանը երբեք խնդիր չեմ ունեցել։

Պատահում էր՝ դպրոցում մոռանում էին մինչև ժամը 5-6-ը, բայց կոփվում ես։ Մոտ 3-րդ դասարանից բանալին դնում են ձեռքդ, ասում․ «Ինքդ կգաս»։

Ծնողներս բաժանվել էին, երբ ես 6 տարեկան էի։ Երբ դպրոցում ասում էին, որ ծնողական ժողովին մաման ու պապան պետք ա գան, ասում էի․ «Դե, երևի, մաման կգա»։

Հայրս ֆիզիկոս էր, մայրս՝ բանասեր։ Մամայիս հետ աշխատում էի շատ չխոսել պապայիս մասին։ Կարծում եմ՝ պետք չէ ձեռք տալ այն վերքը, որը կարող ա արյունաթորել։

Պապայիս հետ շփվում էի կիրակի օրերին, հետո արտերկիր գնաց։ Հիմա քանի տարի է՝ չեմ շփվում, հետը կապ չկա։ Հետաքրքիր կլիներ մի օր հանդիպել․․․ Հնարավոր ա, ես քայլ անեմ էդ ուղղությամբ։ Պետերբուրգում ա հիմա։

Մեկ-մեկ զգում ես՝ որոշ բաներ քեզ չեն էլ սովորեցրել։ Պապաները օրինակ են ծառայում, ու երբ դա չկա, պահեր են լինում՝ մտածում ես․ «Աա՛, ստեղ սե՞նց էր պետք անել․․․»։

Պապիկը մինչև 10 տարեկանս էր եղել։ Լավագույն ընկերս։ Դպրոցում ընկերներ գրեթե չեմ ունեցել։ Երբ ուզում էի բադմինտոն խաղալ, պապս հետս գալիս էր։ Շատ էի սիրում ֆիշկաների հավաքածուներ կազմել: Գնում էինք Ֆիրդուսի․ Էնտեղ հազվադեպ գտնվող ֆիշկաները շատ էին։

Տատս ու պապս բժիշկներ էին։ Տատս ռուս էր, պապս՝ հայ։ Ռուսաստանում էին հանդիպել ու պիտի ընտրեին՝ Պետերբուրգում մնալու ու Երևան գալու միջև։ Բայց պապիկս ասեց․ «Ստեղ շատ խոնավ ա, արի գնանք Երևան»։

Հորեղբայրս էր պապային որոշ չափով փոխարինել, մեկ-մեկ տարբեր տեղեր տարել, ցույց տվել․․․ Պատահում էր՝ դասերից հետո ինքն էր հետևիցս գալիս։ Տուն ուներ, որտեղ հատուկ բոքսի տանձիկ էր կախել ու ինձ պարապացնում էր։

Ինձ թվում ա՝ պետք ա մաքսիմալ բաց լինել բոլորի համար․ ամեն դեպքում, պապաս ա․․․ Բայց նաև որոշակի տարածություն պահել։ Միևնույն ժամանակ ուզում ես նախապատմությունը իմանալ, բացահայտել՝ ինչի՞ էր էդպես ստացվել։

Ինձ համար երեխային թողնելը քննադատելի է այնքանով, որ դա ուղիղ օրինակ է․ եթե ես ընտանիք ունենամ, հաստատ տենց չեմ վարվի։ Չնայած, երևի, բոլորն են սկզբից նման բան ասում։

Պապաս, երևի, ուզում էր կյանքը նոր էջից սկսել ու դրա համար էր գնացել․․․ Ինքն էլ ա ինձ որոշակի փորձ տվել, գուցե, դառը, բայց էլի փորձ ա։

Չգիտեմ՝ ո՞վ կլինեի ես, եթե ընտանիքս այլ լիներ, բայց այնտեղ, որտեղ ես հիմա եմ, ես ինձ երջանիկ եմ զգում։

***

Մի անգամ ֆուտբոլից էի ուշանում։ Որոշեցի տաքսի պատվիրել, արագ նստեցի ավտոյի մեջ, հասցեն նախապես նշել էի․․․ Ու ինչ-որ չենք շարժվում։ Տեսնեմ՝ վարորդը հայելու մեջ ինձ ա նայում։ Չեմ հասկանում, ասում եմ․ «Ինչ-որ բա՞ն ա եղել»։ Ասում ա՝ «Հա, ես ոչ մի տեղ չեմ քշելու»։ Հարցնում եմ․ «Մազերի համա՞ր»։ Ասում ա՝ «Հա»։

Մազերս ավելի երկար էին, քան հիմա։ Իջա, ինքն էլ միանգամից գազ տվեց, գնաց։ Ոնց որ փախներ։ Շատ տպավորիչ էր, որ մեքենայի մեջ Հիսուսի նկարն էր ու Հայաստանի դրոշը։

Մի ուրիշ տաքսիստ էլ մեքենայով անցնելուց էր էղել ու, տեսնեմ, դանդաղեցնում ա ընթացքը, հետ-հետ ա գալիս, թե բա՝ «ձեզ տեղ հասցնե՞մ»։ Մտածել էր՝ աղջիկ եմ։ Կարծրատիպերը շատ ուժեղ են։

Ոստիկանների կողմից էլ են «հետաքրքիր» ռեպլիկներ լինում։ Գիշերը Բաղրամյանով տուն էի բարձրանում ու «эй, детка» տիպի բաներ էին ասում։ Ականջակալներով էի, բայց երաժշտությունն անջատած էր։ Ու երբ մի պահ կանգ առա, մեկն ասեց․ «Հլը նայի՝ հեսա մի բան կասի․․․»։ Ոնց որ այլմոլորակային լինես։

Հետաքրքիր հեղափոխություն էղավ, երբ սկսեցի բանկում աշխատել։ Մազերս երկար եկա հարցազրույցի, ասեցին․ «Պետք ա մազերդ կտրես»։ Հրաժարվեցի, բայց մեր բաժնի վարիչն ասեց․ «Օքեյ ա․ ռուսերենը լավ ա, անգլերենը տեղն ա, գործը լավ կանի»։ Սկսեցի աշխատել․․․ իհարկե, պոչիկ էի կապում։ Շատերն էին ասում, որ հեղափոխություն եմ արել։

***

Մոդելային կարյերաս սկսվեց նրանից, որ թատերականում սովորող օպերատոր ընկերոջս պետք էր «ձեռքը բացել»։ Ասեց՝ արի քեզ նկարեմ։ Հետո ասեց, որ լավ էլ ստացվում ա, ու առաջարկեց նկարներս ուղարկել քաստինգի։ Ուղարկեցի՝ առանց դրա հետ որևէ հույս կապելու, բայց մեկ շաբաթ անց զանգեցին, հրավիրեցին նկարահանման։ Նկարվեցի մի ռեժիսյորի մոտ, որը ասեց․ «Լրիվ գտած ես, որտե՞ղ էիր էսքան ժամանակ»։ Կանչեց մի երկու տեղ նկարվելու։ Սկսեցի ինչ-որ մասսովկաներից․ նույնիսկ մի քանի տեսահոլովակ կա, որոնց վրա ընկերներս մինչև հիմա ծիծաղում են։

Գնացի մոդելային կուրսերի ATEX-ում։ Ահագին բան սովորեցի, ճիշտ ա՝ տանջվելով, որովհետև դասատուն լավ տանջում էր։ Դասերից հետո թողնում էր, ստիպում նորից ու նորից քայլել։ Թվում ա՝ բարդ բան չկա, բայց էդ ուղիղ քայլելը, դիրքավորվելը․․․

Հետո քեզ բռնում ես էն մտքի վրա, որ փողոցում մեկ էլ սկսում ես «պոդիումային քայլել սովորել»։

Անգամ Ֆրանսիա հրավիրեցին․ Ինստագրամում գրեցին, թե էս ինչ օրը փարիզյան էս ինչ փողոցում ֆոտոշութ է։ Բացատրեցի իրավիճակը, ասեցին․ «Դուք կարևորը եկեք»։ Սկսեցի հետաքրքվել՝ հնարավո՞ր ա վիզա ստանալ արագ։ Այդքան արագ չստացվեց։

Հետաքրքիր պրոեկտներ շատ կային․ հիշում եմ՝ գնացի Թբիլիսի, մի երկու լուսանկարչի հետ, վրաց դիզայների հետ աշխատեցի, ինքը հիմա Ամերիկայում պոպուլյար ա, հայ դիզայներ Արմինե Օհանյանի հետ, որը Փարիզում խանութ ունի։

Վրացիները մոդեյալին բիզնեսի առումով ավելի առաջ են։ Էդքանը հասկանալու համար պետք չէ մասնագետ լինել․ եթե քայլես Թբիլիսիի կենտրոնական փողոցներով, կտեսնես՝ ինչքան կոլորիտային դեմքեր կան, էքսպերիմենտալ․․․ մարդիկ ինչեր ասես չեն անում իրանց հետ։ Դա էնքան հետաքրքիր ա նայվում։ Աչքի համար է՛լ ա կարևոր էդ սնունդը։

Երբ դեռ Չինաստանում էի, Շանհայից մի մոդելային գործակալությունից էի հրավեր ստացել։ Պեկինում ցուցադրության էի մասնակցում, որից հետո գործակալ մոտեցավ, ասեց, որ Շանհայում կուզեն ինձ հետ աշխատել։ Բացատրեցի, որ առանց աշխատանքային վիզայի չի լինի, որովհետև ես որպես զբոսաշրջիկ էի Չինաստան գնացել, իսկ էդ պահին ցուցադրությանը մասնակցելս ավելի շուտ բացառություն էր։

Պարզապես 2019 թվականի նոյեմբերն էր ու հետո սկսվեց կորոնան․․․

Տարիքային սահմանափոկումը աղջիկների դեպքում ավելի մեծ ա, քան տղաների։ Չինաստանում էդքան մեծ չի, իսկ այ Եվրոպայում եթե 24-25 ես, արդեն վերջ․․․

Իրենց համար ավելի հեշտ ա Փարիզում գտնել մեկին, ով 18 տարեկան ա ու համապատասխանում ա պահանջներին։ 18 տարեկանը նաև ավելի փոքր գումար կվերցնի, բացի դա, հովանավորների հետ պայմանագրերի հարցը ավելի հեշտ ա լուծվում։

Հայաստանում վարձատրության առումով լավ ա էն դեպքում, երբ աշխատանք կա։ Ես հիմա շատ լավ կապրեի, եթե ամեն օր նկարահանումներ ունենայի։ Նույնիսկ չէի մտածի, որ կարելի ա ծրագրավորում սովորել, ինչը և հիմա անում եմ։

Մոդելի կյանքը կարճ ա։

պատրաստեցին ալլա մանվելյանն ու լուսինե թալալյանը

Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրոդ պատմությունն՝ այստեղ
Հինգերորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ