Home / Հայաստան / Էլ չեմ սիրում նկարվել

Էլ չեմ սիրում նկարվել

Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։

Զրույց յոթերորդ

Սվետլանա

– Էս լրիվ սովետական տորթ ա։ Հորքուրս էր սարքում։ Միշկա, չէ՞։

– Համարյա, մի փոքր ինտերպրետացիայով։ Առաջին բանն էր, որ անում էի, հետո էլ բիսկվիտ սկսեցի անել՝ տասը ձվանի։ Գաթան մաման էր սարքում։ Նոր տարվա գաթա, տռուբոչկա, նապոլեոն։ Ու կրեմը ձեռքով էին խփում։ Միքսեռ չկար։ Էն լավ կարագով՝ քանի ժամ․․․ Մինչև հիմա զարմանում եմ՝ ոնց էին էդքան խփում։

Հեռուստացույցի ձենն ո՞վ անջատեց։ Էս իմ ընկերն ա․ նայեմ, չնայեմ` պիտի միացրած լինի։

Մամաս 9 տարեկան էր, երբ Ռուսաստանից եկան Հայաստան, մեծ քույրն էլ՝ 12։ Սովից փախել էին․․․ Ելեցք էին ապրում։ Ստեղ ավելի լավ էր․ գնացին գործարանում աշխատելու՝ պապս էլ, տատս էլ, արդեն ինչ-որ մի բան հնարավոր էր անել։ Պատերազմը սկսվեց, պապս գնաց պատերազմ ու էլ չվերադարձավ։ 42 թվին էր մահացել։ Տատս էլ ստեղ մնաց՝ երեխաների հետ, աշխատում էր։

Հարցում էի արել, հիմա գիտեմ՝ որտեղ էր մահացել։ Մամաս հա ուզում էր գնալ։ Մահացավ, չկարողացավ։ Հիմա էլ իմ երազանքն ա գնալ, եղբայրական գերեզմանը տեսնել։ Որ մտքիս դնեմ՝ կգնամ։

Տատիկիս մեծ աղջիկը հետո ամուսնացավ ռուսի հետ, գնաց Վյոշենսկայա։ Մանկությունս էնտեղ էր անցել՝ մինչև դպրոցը։ Տատիկիս մոտ էի, որովհետև մաման գնաց աշխատանքի, պահող չկար՝ ուղարկեց տատիկի մոտ։ էնտեղ էլ մեծացել եմ։ Հետո բերեցին, դպրոց սկսեցի գնալ։ Էնպես որ корнями вросла (արմատներով ներաճեցի).

Առաջին տպավորությունն էր, երբ կայարանում իջա՝ անծանոթ խոսքեր են, անծանոթ լեզու։ Ոչ մի բառ չէի հասկանում։ Էնքան վատ զգացի։ Շշմած նայում էի։ Ինձ զարմացրեց, որ մամայիս գիրկը մի ուրիշ երեխա կար։ Ասի «что это такое?» (ի՞նչ է սա)։ Մաման ասաց․ «Քույրդ է»։ Փոքր քույրս էր ծնվել։ Մի թեթև ինչ-որ բան ասել էին, որ ծնվել էր, անունն էլ Սուսան․․․ Էնտեղ ռուս էրեխեքն էլ ինձ ձեռ էին առնում․ «С усами она у тебя, с усами» («Ինքը բեղերով է, բեղերով է»)։

Պապաս փախստական էր՝ Ղարսից։ Եկել էին Մայկոպ, Մայկոպից էլ՝ ստեղ։ Բայց լավ ռուսերեն գիտեր։

Պապան էլ մի կյանք չի տեսել․ հերը էդ ծանրություններին չդիմացավ, սկսեց խմել։ Լա՛վ խմում էր։ Իսկ ինքը երեք տարեկանից էդ էր տեսել՝ որ հերը խմում էր։ 12 տարեկանից սկսեց աշխատել, որ ընտանիքը պահի։

Շատ լավ մասնագետ էր պապաս, բարձր կարգի խառատ․ ինչ ցույց տային՝ ֆորմեն պատրաստում էր։ Իրա կողմնակի եկամուտն էն էր, որ զակատ անելու գործիքներ էր սարքում ու սրճաղացներ։ Ինձ, իհարկե, չհասավ, բայց քույրս ունի։ Դե, ինքը հիվանդացավ․ երբ ես ամուսնացա՝ արդեն պառկած էր։ Իսկ սրճաղաց ունեմ։ Հիմա ցույց կտամ։

***

Հայաստանում ապրում էինք, Ռուսաստանում՝ հանգստանում։ Հսկայական Դոն գետը, լողափ, ավազ․․․ Լավ ընկերներ ունեինք, լավ շրջապատ։ Մեզ բոլորը սիրում էին, արշավների էին տանում։ Հոյակապ հիշողություններ են։ Մեծ տղաս 9-ամսական էր, երբ վերջին անգամ տարա․․․ Հիմա մեր էդ տունն էլ չկա։ Ախպերս ծախեց, չուզեց պահել։

– Ձեզ էնտեղի մշակույթն ավելի հարազատ ա։

– Չէ, արդեն չէ։

Ես ստեղ Բրյուսովն եմ ավարտել՝ ռուսաց լեզու։ Ավելի ճիշտ կանեի՝ օտար լեզուներ ընտրեի։ Գոնե մասնագիտություն կունենայի։ Հետո ո՞վ բանի տեղ դրեց ռուսերենը։ էն ժամանակները դուք չեք պատկերացնում՝ ոնց էր ստեղ։ 90-ականներին ոչ մի աշխատանք չկար։

– Էդ վախտ Ռուսաստան էին շատ գնում։

– Մենք չգնացինք․ ամուսնուս ծնողները մեծ էին, մենք իրենց հետ էինք։ Իրա եղբայրը գնաց, քույրը գնաց՝ ընտանիքներով, իսկ մենք մնացինք։ Էլի, Աստծուն փառք, մեզ նայում էին։

Ամուսինս էլ առևտրական չէր կարող լինել։ Ինչ-որ խաբեբայություն չէր կարող անել։ Իրա ձեռքից շատ բան ա գալիս, շատ գրագետ ա։ Ինժեներ ա։

Ինքն էլ իր տեղը չգտավ էս կյանքում։ Տղես դժգոհ ա, որ իրա պապայի հետ եմ ամուսնացել (ծիծաղում է)։ Դե, որ տեղը չգտավ, որ առևտրական չի։ Եսիմ։ Ձեռքը ճար լիներ՝ մամային նորից կամուսնացներ։ Ճակատագիր․․․

Ուշ եմ ամուսնացել՝ 30-ից հետո։ Հիմա դուք, օրինակ, ի՞նչ եք նստել։ Նույնը չի՞։ Հա ասում էին՝ մինչև չսովորես, ինստիտուտը չավարտես, ոչ մի ամուսնություն։ Էդ էի լսել սաղ կյանքս։ Դրա համար էլ ուշ եղավ ամեն ինչը։

Ոչինչ, գոհ եմ։ Հասցրեցի երկու լակոտ ունենալ․․․ Սա որ ծնվեց՝ աշխարհը տվել էին ինձ։

Տատն էլ աշխատում էր «Դռուժբա» խանութում, լավ-լավ մանկական շորեր էր բերում։ Շատ боевой տատիկ էր․․․ 2007 թվին մահացավ։ Իրա երեխեքի համար էլ ամեն ինչ արել էր՝ բնակարաններով էր ապահովել, մեքենաներով։ Էն ժամանակ դե, կողմնակի գործ էր անում՝ թուրքերը գալիս էին իրանց խանութ․․․ Ադրբեջանցիներ՝ Ղազախից։ Նենց բաներ կային, որ մեծաքանակ տանում էին՝ խալաթներ էին տանում, էն հաստ գեղեցիկ խալաթներից։ Շատ էին սիրում։ Իմ մաման էլ ուներ։ Տեղը բադամ էին տալիս՝ նուշ, բարտեր էին անում։

Պապիկը честный коммунист էր (ազնիվ կոմունիստ)։ Ամբողջ օրը կնոջ վրա խոսում էր․ «Եթե քեզ բռնեն, ես քո տերը չեմ»։

Ինքն էլ կադրերի հետ էր աշխատում։ Կոմկուսի ինչ-որ դպրոց կար, պարտիական գծով։ 90-ականների շարժումը որ սկսվեց՝ նենց հիվանդագին էր տանում, որ էլ ասելու չի։

Հետո թոշակի անցավ։ Մեր ժեկում Կոմունիստական բջիջի քարտուղարն էր։ Գնում էր ժողովների․․․

Էրեխեք, ձմերուկը կերեք։ Տաքացա՛վ։

***

– Դուք կիսուրի հե՞տ էիք ապրում։

– Այո։

Մեծ տուն էր կիսուրիս տունը։ Կյանքը ստիպեց՝ ծախեցինք, էն էլ բան չհասկացանք՝ ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ, չհասկացանք։

Կամաց-կամաց սովորում ես նոր տանը։ Նայած՝ ոնց են քեզ վերաբերվում։

Կիսուրս առավոտ 9-ին վեր էր կենում, գնում էր, 8-ին գալիս՝ հոգնած։ Ես ուսումնարանում էի աշխատում․ ժամը 2-ին արդեն իմ աշխատանքը վերջանում էր։ Գնում էինք ամուսնուս մեքենայով առևտուր անում, բերում, ասում էին․ «Ինչ ուզում ես՝ եփի, ինչքան ուզում ես՝ արա»։

Եփում-թափում էի, սպասում՝ գային ճաշին։

Ուսումնարանում շաբաթը մի 3-4 օր էի աշխատում՝ մինչև 2-ը։ Չնայած շատ էի հոգնում, դժվար աշխատանք էր, որովհետև մենք գործ ունեինք դպրոցի թափթփուկների հետ․ 8-րդ դասարանից հանում էին, բերում պրոֆուսումնարան։ Շատ ուսանողներ կային։ Երևի, մի 12 խումբ ունեինք։

Շատը գնում էին ավտոէլեկտրիկ դառնալու, ավտոռեմոնտչիկ։ Հետո աղջիկների խումբ ունեցանք՝ քիմիկոսներ, լաբորանտներ։

Իմիջիայլոց, շատ լավ բան էր էդ ուսումնարանը՝ հա՛մ պրակտիկա էինք անում գործարաններում, հա՛մ բան էին սովորեցնում։ Ո՞նց քանդեցին էդ ամբողջ սիստեմը՝ ես չգիտեմ։ Ինչքան էլ մարդ ռուսերեն չսովորի, մասնագիտությունը ստանում էր ու կյանքում իր տեղը գտնում։

Չեմ էլ հիշում՝ երբ փակվեց։ Երեխաներիս ծնվելուց հետո՝ դեկրետից, չգնացի էլ։

***

Բայց որ հաց չկերաք՝ էդ ա վատ։

***

Երեխեքիս ծնվելուց հետո աշխատել եմ։ Մի քանի տարի բանկում՝ կադրերի բաժնում։ Հետո տանը խմորողեն էի թխում։ Ավելի շատ էի տանջվում, իհարկե, բայց գոնե էրեխեքի հետ էի։ Էն թվերին դա փրկություն էր։

Հետո արդեն ձեռքի հետ խաչապուրի էի անում։ Յոլա էի տանում՝ սոված չէին էղել էրեխեքը։

Մարդ մի շնորհք պիտի ունենա էլի՝ գործել, կարել․․․ կարելն էլ ա շատ լավ գործ։

Տանը ինչ փչանա՝ ամուսինս սարքում ա։ Այ էն տումբոչկեն ինքն ա սարքել, կոմպյուտերի սեղանը ինքն ա սարքել։ Ձեռքից գալիս ա, բայց տղաները բան չսովորեցին իրանից։

***

– Ուսանողական տարիներին դուք է՞լ էիք հազիվ շորեր, պլաստինկաներ գտնում։

– Չգիտե՞ք, որ հայերը գալիս էին Ամերիկայից, բանից, ծանրոցներ էին բերում։ Սկսեցին անընդհատ գնալ-գալ․․․ Էդ էր․ մի հատ քռչի համար մեզ կոտորում էինք։

Սկզբից Բեյրութից սկսեցին բերել, իսկ հետո՝ Ամերիկայից։

Կուրսում տղաները քիչ էին։ Նենց լավ տղա կար, իրա մոտ ինչ ասես՝ խոսում էինք,  ոնց որ մեր ընկերուհին լիներ։ Հիմա մեկ-մեկ տեսնում եմ, մոտիկ ա ապրում։

Մի ռուբլիով հինգը հոգով կաֆեում քաղցրով-բանով, ուտում-խմում, դուրս էինք գալիս։ Կրթաթոշակով տղաները նույնիսկ կարող էին իրենց թույլ տալ մեզ շամպայն հյուրասիրել։ Համենայնդեպս, պաղպաղակ, շամպայն ու կոֆե կար։

Մի 5 ռուբլի հավաքում էինք, գնում արշավների՝ Դիլիջան, Ծաղկաձոր։ Հոյակապ ժամանակ էինք անցկացնում։ Համարյա ամբողջ Հայաստանը տեսա։

Պլաստինկաներ էին բերում արտասահմանից։ Ընկերուհիս գնաց Հոլանդիա մի տասը օրով՝ մաման ճարտարապետ էր, տարել էր աղջկան։ Էնտեղից ընկերուհիս էղած գումարով մենակ Բարրի Ուայթի պլաստինկաներ բերեց՝ շատ լավ որակի, ուրիշ բան չէր բերել։ Մեզ համար ստեղ նորություն էր։

Հիմա էդ ընկերուհիս Հոլանդիայում ա՝ փախստական։ Թե չէ ի՞նչ․․․ Ճարտարապետականն ավարտած՝ լավ աշխատանքի էր, իսկ սոված տարիներին թողեց-գնաց։ Պատերազմը պրծավ՝ գնացին։ Կամաց-կամաց ոտքի կանգնեցին, էրեխեքը աշխատում են արդեն, բայց ինքը ի՞նչ։ Ինձ նման՝ տանը նստած։ Էնտեղ էլ մեր դիպլոմը չի անցնում։

Էս Խանջյանի վրա որ լողավազան կա՝ դրա դիմացի շենքը՝ վարդագույն, իրա մաման էր նախագծել։

***

Մեզ էլ շատ կոտրեցին։ Բայց ես մի քիչ ջահել լինեի՝ սենց չէի նստի․․․ Տես՝ չընկճվեցի, պահեցի իմ էրեխեքին՝ ինչքան կարողացա։

Ձեր սերունդը կարա ապրի առանց աշխատելու։ Մի բան անելով փող են պոկում, ես տենց եմ նկատել։ Կամ պետք ա շատ ձգտես, սովորես, քո վրա աշխատես, որ մի բանի հասնես։

Ամենալավ մասը 90-ականներին թողեց գնաց։ Էն մեր ժամանակվա կիրթ, հասկացող մասսան չկա։

Նույն Փաշինյանը․ էնքան բան կա, որ ինձ ջղայնացնում ա, որ էլ ասելու չի։

Չունեն էդ մակարդակը։ Ինտելիգենտ չեն։

***

Միտինգների ոչ մի անգամ չեմ գնացել։ Ես էդ չէի հասկանում։ Իմ տալն ու իրա ամուսինը շարժման շատ ուժեղ կողմնակիցներ էին։ Օպերայի մոտ էին ապրում, անընդհատ էդտեղ էին։

Ես էնքան հեռու էի էդ բաներից։ Ամուսինս ուզում էր գնալ․․․ Ինքը առհասարակ չէր ծառայել՝ անպիտան էր․ շատ ուժեղ թունավորում էր ունեցել, մազերը թափեց․․․ Հա ուզում էր գնալ կռիվ, հա չէի թողնում։ Էրեխեքս փոքր․․․ Իսկ հիմա երեսովս ա տալիս։

Էրեխեքիս առնում էի, գնում հերթ էի կանգնում, հաց վերցնում։ Սկի հաց չունեինք։

Իմ կյանքը էս ա։ Հիմա էլ չեմ սիրում նկարվել։ Էս էլ եմ ես․․․ Գյուղում եմ աշխատել երկու տարի՝ ինստիտուտից հետո։ Դդմաշեն գյուղ, Սևան չհասած։ Ամաչում էի ասել, որ Դդմաշենում եմ աշխատում։

Այ հիմա հիշում եմ, որ շատ լավ, շատ պարզ մարդիկ էին, համեստ։ Էրեխեքը չէին սովորում, իհարկե, որովհետև գյուղատնտեսական աշխատանքները սկսվում էին՝ արդեն ամիսներով չէին գալիս։ Ամեն մեկը մի 7-8 էրեխա ուներ։ Լավ էլ ապրում էին մարդիկ։

– Էս Մոսկվայո՞ւմ եք։ Ինչ սիրուն շորեր են։

– Հիշում եմ էդ վենգեռսկի թիկնոցը։ Սա էլ մեծ քույրս ա՝ անմար կրակի մոտ։ Քույրս պապային ա նման, ես՝ մամային։

– Էս շորը որտեղի՞ց էր։

– Յուբկան քույրս էր կարել, ես էլ ապլիկացիները դրել։ Չկար ոչ մի բան, մենք էինք անում։

Էս իմ սիրած տատն ա։

Սա էլ գյուղի դպրոցը։ Գիտես՝ ի՞նչ էր ածականս։ Կուկլա։

Մեկը հետապնդում էր։ Հետևիցս ման էր գալիս։ Իրա ձևերով ուզում էր հասնել։

Բոլոր նկարները սիրողական են։ Իմ կյանքն ա սա։ Որ հիշում եմ՝ ոնց որ երազ լինի։

***

Ես ամուսնուս խմբերում դաս էի տալիս, բողոքում էի, ասում․ «Լակոտներդ սենցն են, նենցն են, լավ չեն պահում․․․»։ Հետո՝ մենք մոտ էինք ապրում, ավտո էլ ուներ, իսկ մեր ուսումնարան հասնելը պրոբլեմ էր էն ժամանակ։ Քույրս էլ էր ուսումնարանում աշխատում։ Մեռանք ասելով՝ որ գնում ես, արի մեզ էլ տար։ Սկզբից չեմուչում էր անում, հետո կամաց-կամաց․․․ Մենք ավելի անամոթ էինք․ սպասում էինք՝ տուն էր մտնում, գնում էինք, որ մեզ էլ տաներ։

Ամբողջ ուսումնարանը չգիտես՝ ինչի, ուզում էր մեզ ամուսնացնել։ Հատկապես տնօրեն Զարգարյանը։ Կողքից բզբզում էին։

***

Վերջը չթողեցիք էլի ես ձեզ կերակրեմ։ Եքյա տոլմա կա։ Տղուս ծնունդն էր էրեկ, սարքել էի։

պատրաստեցին ալլա մանվելյանն ու լուսինե թալալյանը

 

Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրոդ պատմությունն՝ այստեղ
Հինգերորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ