Home / Հայաստան / Նկարեցի սեղանը՝ վարունգներ, պապաս ու Հեյդար Ալիևը

Նկարեցի սեղանը՝ վարունգներ, պապաս ու Հեյդար Ալիևը

Այս պատմությունը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։

իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի

Պատմություն հինգերորդ

Անդրեյ

– Լուսինե, ֆոտոապարատի կափարիչը չկա՞։

– Չէ:

– Այ այ այ, ոչ մի աշխատանքային կուլտուրա:

– Ձյաձ Անդրեյ, շնորհակալություն ապարատի համար։ Ալլային պատմել եմ՝ ինչքան ինձ անվճար պլյոնկաներ ու ապարատ եք տվել, երբ գրքի վրա էի աշխատում:

– էտ ամեն ինչը գրված ա ու շոչիկը միացրած ա:

– Ի՞նչ խմենք:

– Կոֆե, բայց մի պայմանով, որ ես եմ վճարելու:

– Դե, տենց արդար չի:

– Չէ, ինչի՞։

– Ձյաձ Անդրեյ, դուք որտեղի՞ց եք ծնունդով:

– Ղարաբաղսկի:

– Ղարաբաղում ե՞ք ծնվել:

– Չէ, Բաքու:

– Ես Կիրովաբադում եմ ծնվել: Բայց մերոնք ծնունդով Ղարաբաղից են:

– Դու ե՞րբ ես ծնվել։

– 86-ին։

– Прямо с корабля на бал:

– Հա, մենք 89-ին, թե 90-ին արդեն եկանք ստեղ:

– Փորձի հիշել՝ 89-ին հստակ ե՞րբ եք եկել: Ավելի ճիշտ, ե՞րբ են ձեզ «խնդրել»  գնաք:

– Դե, ես չեմ հիշում, պատմելով գիտեմ։ Ոնց որ ամռանը: Ես ոչինչ չեմ հիշում:

– Դե, հա քիչ հավանական ա, որ կհիշես, բայց, ինչքան գիտեմ, ամռանն այնտեղ արդեն հայեր չկային:

Ինչի՞ սրանից սկսեցի խոսակցությունը: Սեպտեմբերի 12-ին ես տոմս ունեի Բաքու-Թբիլիսի: Էն ժամանակ տենց էր․ գնում էինք Թբիլիսի, հետո տաքսիով կամ ավտոբուսով գալիս Երևան: Դե, ավտոբուսով երկար էր,  իսկ տաքսիով երեք-չորս ժամ: Կազախով էլ էինք գալիս, հետո արդեն՝ Նոյեմբերյանով:

Ես Բաքու էի ապրում: Գնում էի ավտոմոբիլային դասընթացների վարորդական լիցենզիա ստանալու համար: 89 թվականի մարտ-ապրիլին պռավա ստացա, հունիսի 3-ին՝ «Զապառոժեց» ավտոմեքենա:

Ես ունեի ու մինչև հիմա ունեմ երկրորդ կարգի հաշմանդամություն:

73 թվականից լուսանկարիչ էի աշխատում։ Սկզբում ստուդիայում էի լուսանկարում, հետո ստուդիայից դուրս եկա, հարսանիքներ, թաղումներ էի նկարում:

Մեկ-մեկ ոստիկանությունից ինձ կանչում էին հանցագործության վայրը նկարեմ: Դա անվճար էի անում:

Առաջին գունավոր ժապավենի երևակումը արել եմ 66 թվականին: Երբ դպրոցը ավարտեցի, վերջին զանգը երբ եղավ, ես գնացի, լուսանկարեցի: Գունավոր ժապավենը՝ անունը AGFA color, ոչ թե ORWO color, էտ ժամանակ ORWO չկար:

Ուրեմն, երբ ես ավարտեցի․․․ մինչև իմ ավարտելը դպրոցը 11 տարի էր: էտ տարի՝ 66-ին, դարձրին 10 տարի ու երկու պատոկ ընդունվում էր համալսարան: Շատ դժվար էր ընդունվելը, էտ տարի կոնկուրսը մեծ էր: Կարճ ասած, տենց պահ էր պատմական:

– Ի՞նչ ապարատով էիք նկարում:

– Зоркий-6, պապաս էր առել 62 թվականին: Պապաս 20 թվին ա ծնվել,  բանակ գնացել ա 40 թվին՝ սահմանապահ ջոկատ: էն ժամանակ սահմանապահ ամեն մեկին չէին վերցնում: Ստուգում էին, տենային՝ ի՞նչ բույս ա, բարեկամներն ովքե՞ր էին, կուլակներ կայի՞ն, թե՝ չէ:

Իսկ հորեղբայրս 43 թվականին պատերազմում զոհվել էր՝ հորս միջնեկ եղբայրը: Երբ բանակից եկավ, ինքը էլեկտրիկ էր աշխատում: 40-ականներին էլեկտրիկ ոնց որ հիմա՝ առաջատար համակարգչային մասնագետ: Հետո աշխատել ա շինարար: էտ ժամանակ Բաքվում հանգստյան տուն կար, որի վերանորոգումն էր անում: Կագեբեյի հանգստյան տունն էր: Մի վախեցի․․․

Մենք ապրում էինք․․․ ֆիննական դոմիկներ կային հինգ հատ, տենց տուն կար՝ վերջին հինգերրորդում մենք էինք ապրում: Մեր տնից հետո առևտրի նախարարի դաչան էր՝ միակ փայտե տունը, իսկ ավելի հեռու կառուցում էին բժշկության պրոֆեսորի ամառանոցը, ով Ալիևի աներն էր:

Հեսա աթոռից կընկնես, սպասի:

Առաջին լուսանկարը որ արեցի, վերցրեցի ֆոտոապարատ Зоркий-6-ը՝ սև-սպիտակ ժապավենով, ու մտածում էի՝ ում նկարեմ: Նայեմ, տեսնեմ՝ պապաս է նստած ու Հեյդար Ալիևը։ Ինքը էն ժամանակ մայոռ էր: Սեղանին վարունգներ էին, իրանք էլ նստած՝ խոսում էին:

Ալիևը ասում ա հորս․ «Ե՞րբ եք էտ քարերը բերելու»: Սպիտակ քարեր էին, Հայաստանի տուֆի նման չէին, ավելի փխրուն քարեր էին: Իսկ էն ժամանակ ամեն ինչ դեֆիցիտ էր․ քար, ցեմենտ չկար:

Ես էլ անցնում եմ էտ պահին, Ալիևը ասում ա․ «Արի, արի էստեղ»: Պապան ասում ա․ «Դե, թող գնա, ման գա»: Ասում ա․ «Չէ, թող գա, ի՞նչ ա ձեռքին։ Ֆոտոապարա՞տ։ Դե, թող մեզ նկարի»:

Պապան ասում ա․ «Նայի, պատմության մեջ կմտնես»:

Ես նկարեցի սեղանը՝ վրան վարունգներ, պապաս ու Հեյդար Ալիևը:

Մյուս հանդիպումը, որ չեմ մոռանա, 66 թվականի հոկտեմբերի սկզբին։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել էի գործի: Տներում կային ռադիոներ, հատուկ գծեր կային՝ կռիշայից իջնում էր, միանում ռադիոյին: Եթե փչանում էր, զանգում էին ինձ, ես գնում էի՝ սարքում: Շատ պրիմիտիվ գործ էր:

Ժամը մեկն էր, Շահումյան փողոց – պրոսպեկտ Կիրովի խաչմերուկը: Կագեբեյից չորս րոպեի ճանապարհ՝ ոտքով: Առաջին հարկի բնակիչը զանգել էր, որ գնայի, վերանորոգեի ռադիոյի գծերը: Ալիևը եկել էր ընդմիջման․ ինքը ապրում էր էտ շենքի երրորդ հարկում: էտ ժամանակ ինքը Անվտանգության կոմիտեի փոխնախագահն էր:

Սեղմեց լիֆտի կոճակը․․․ Դե, ինքը ինձ գիտեր, նենց չի, որ ինձ տենար՝ չճանաչեր:

Իսկ իմ բերանը լիքն էր պոնչիկով: Գլխով բարևեցի, ասեցի, որ եկել եմ՝ գծերը սարքեմ, ինքը բացեց դուռը, ներս մտա:

Երբ իրան նշանակեցին Ադրբեջանի առաջին քարտուղար, փոխվեց:

Չէր սիրում հայերին: Բայց կարելի է տարբեր ձևերով չսիրել, բայց ինչո՞ւ ատել:

Դե, չգիտեմ՝ ոնց դա բացատրեմ։ Թերթերում դրա մասին չես կարա կարդաս, իսկ էն մարդիկ, ովքեր կարող էին դա ասել, արդեն չկան:

– Իսկ ձեր մաման որտեղի՞ց էր:

– Մաման երեք տարի առաջ է մահացել: Մաման ղարաբաղցի էր, Ավետարանոց գյուղ, լսե՞լ ես։ Էնտեղից էր: Ինքը աշխարհագրության դասատու էր էն ժամանակներում: Սղնախ գյուղ կար, ինքը Ավետարանոց գյուղից գնում էր Սղնախ գյուղ՝ դաս տալու:

Իլհամ Ալիևը էտ ժամանակ փոքր էր։ Իրա պապը մոր կողմից՝ Ազիզ Ալիևը, շատ լավ մարդ էր, ես իրա հետ նարդի էի խաղում ու հաղթում, ինքն էլ կատաղում էր: Բայց դա կարևոր չի: Որպես մարդ շատ լավն էր: Դա շատ վաղուց էր, ճիշտ ա, բայց դա էղել ա:

Մոտս Minox ֆոտոապարատ կար, այ քո «Ախթամար» սիգարետի տուփի չափ: Նկարելուց օբյեկտիվը բացվում ա, հետո փակվում: Սև էր ու սև ռեմեշոկ էի ճարել: Կուռտկաս սև, վադալազկան սև, որ ապարատը չերևա: Minox -ը հայելային ապարատ չէր, երկու անգամ ֆռացնում ես, որ նկարի: Օբյեկտիվը 38 միլիմետր էր: Մեր տնից մինչև էտ հրապարակը՝ Լենինի մոտ, մի կիլոմետր ա, բայց հենց հրապարակը ահավոր մեծ ա, եթե սուտ չխոսեմ, 250-ը 250-ի․․․ մի միլիոնը ի՞նչ ա իրա համար, ավելի շատ մարդ կհավաքվեր:

Կարճ ասած, ապարատը զարյաժատ արեցի․․․ Բայց չես կարում տնից դուրս գաս: Բայց ինքս ինձ ասում էի՝ չէ, կգնամ:  Գնացի, հասա էնտեղ, ապարատը հանեցի, մեկ-մեկ՝ չիկ, կադր․․․ Տենց չորս-հինգ օր նկարել եմ:

Դու չես կարա նկարես, հետո հանես պլյոնկան․ քեզ միանգամից կնկատեն: Մթնոլորտը․․․ չեմ կարա ասեմ՝ ինչ մթնոլորտ ա եղել։ Ղժժոց, վժժոց: Մի խումբ՝ հազար հոգի, գալիս ա մի շրջանից՝ պլակատներով, հետո մյուս շրջանից։ Ու գրված ա լինում, որ խումբը որտեղից ա եկել, տեսողությունս շատ լավն ա եղել։ Լիքը ռացիայով մարդիկ կային:

«Մա՛հ հայերին» դա «ամենալավ» կոչն էր էնտեղ:

Երբ եկա Երևան, էտ լուսանկարները ցույց տվեցի «Ղարաբաղ» կոմիտեին ու ասում էի՝ «դուք հասկանո՞ւմ էիք, երբ էստեղ գոռում էիք, մտածո՞ւմ էիք, որ էնտեղ է՛լ են սկսելու գոռալ»:

Ու սխալվեցի, որ էտ նկարները տվեցի «Ղարաբաղ» կոմիտեին: Իմ դժբախտությունն էր, որ հանդիպեցի Ստամբոլցյանին: Ցույց տվեցի նկարները, ասեց: «Սպասի, ո՞նց չես վախեցել, նկարել ես»: Ես էլ ասեցի․ «Ամեն մարդ պետք ա իրա գործով զբաղվի ու իր տեղում լինի: Եթե դու վիրաբույժ ես, պետք ա դանակից վախենա՞ս: Իսկ ես դա՛ կարայի անեի, չէի կարա ավտոմատը վերցնեի ու օդ կրակեի: Ինձ դա պետք չի»:

Ես ոչ թե մոռացել էի էտ լուսանկարները, այլ չեմ ուզել ինձ ցույց տամ, որ ես եմ աշխարհի կենտրոնը: Ես սիրում եմ հանգստություն:

Քեզ թվում ա՝ իմ ոտքերը չէի՞ն դողում, երբ փողոցով քայլում էի էտ օրերին Բաքվում․․․ Ես գիտեի՝ ինչ անեի, որ ինձ չնկատեին, իսկ էնտեղ ինձ բոլորը գիտեին:

Երևի, ինչ-որ պահապան հրեշտակ ունեի, որ ինձ բան չեղավ:

Ալլա, մի հարց տամ քեզ, լավ մտածի՝ նոր պատասխանի: Ունես անսահման գումար, որ կարող ես ծախսել։ Մտնում ես վերնիսաժ, ամեն ինչ կարաս գնես։ Ի՞նչն ա, որ չես կարող գնել, ինչքան էլ գումար ունենաս:

– Նյութական բանի մասին չի խոսքը, չէ՞?

– Դե, որ ասեմ՝ միանգամից կգուշակես։ Դա կարա լինի ոչ նյութական ու կարա լինի նյութական:

– Ժամանա՞կը:

– Ապրե՛ս:

Լուսինե, նայի՝ Искра ֆոտոապառատը վերցրա, որ նկարես։ Դիաֆրագման տես՝ 11-ից ցածր չդնես: Դու թեորապես նկարելու ես անսահմանությունը: Ժամանակն էլ երկար պահի: Իսկ երբ կադրը կադրի վրա նկարես, երկինքը քո մոտ սև չի լինելու, այլ մոխրագույն ա լինելու: Սևի մեջ գույն չկա, ձախողում ա, հասկանո՞ւմ ես:

պատրաստեցին լուսինե թալալյանն ու ալլա մանվելյանը

Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրոդ պատմությունն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝ այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ