Home / Կանանց իրավունքներ / Իմ մոտ էլ երբեք ոչ մի բան նորմալ չի լինի

Իմ մոտ էլ երբեք ոչ մի բան նորմալ չի լինի

Այս պատմությունը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։

Ընկերս իրեն վատ է զգում, թե՝ ինչի՞ հենց այդ օրն ինձ պիտի չճանապարհեր։

Ես էլ միշտ ասում էի․ «Տնաշեն, առանց քեզ տարիներով ապրել եմ, զբոսնել, հանգիստ գնացել դասի, գործի, եկել տուն»։

Ճանապարհն էլ երկար չի։ Մետրոյից դուրս ես գալիս՝ մի 5-10 րոպե քայլում։ Ու հիմա այդ հատվածն առաջվա պես ամայի չի։

Քայլեցի, փողոցն անցա, մութ էր արդեն՝ 9-ի կողմերը։ Դիմացի մայթով էլ բոյով տղա էր քայլում՝ իրենից երկու անգամ կարճահասակ աղջկա հետ։

Ապահով զգացի, քանի որ մենակ չէի փողոցում։

Մի քիչ այն կողմ էլ բենզալցակայան կա, իսկ երբ թեքվում ես՝ ինչ-որ գրասենյակային տարածք․ երեկոյան աշխատողներից շատերը դուրսն են լինում։

Խաչմերուկից ներքև՝ փոքրիկ խանութ։

Մի խոսքով, ամենատհաճ բանը, որ կարող է պատահել, հատուկենտ մեքենաների վարորդների հայացքներն են, բարևելը կամ ճպճպացնելը։ Իրենց գեղից մեր գեղ են հասնում, բա մի անծանոթի մի բան չասե՞ն։ Ո՞նց կլինի։

Չեմ հիշում՝ կոնկրետ ինչպե՞ս այդ զույգն ուշադրությունս գրավեց, բայց երբ դեռ իրենք էին առջևում, նկատեցի դրբով տղամարդու ձեռքի շարժումները։ Հաստատ անհանգիստ էր։ Ականջակալներով էի, զրույցը չէի լսում, բայց նրա անվերջ կանգ առնելը, ժեստերն ինչ-որ բան էին հուշում։

Ականջակալներն անջատեցի։

Իսկ երբ արդեն առաջ անցա, հասկացա, որ տղամարդն աղջկա ձեռքից հեռախոսը խլել ու ինչ-որ մեկի հետ էր խոսում։ Աղջիկը փորձում էր հետ վերցնել բջջայինը։

Խոսեց, պրծավ, թե բա՝ «ա՛ռ»։

Աղջիկը հարցրեց․ «Ի՞նչ ասեցիր»։ Էս բոյլուխը գոռաց․ «Կգնա՛ս, ինքդ կհարցնե՛ս իրանից»։ Աղջիկն էլ շրջվեց՝ ցույց տալով, որ չի ցանկանում նրա հետ քայլել, կարծեմ, նման մի բան էլ ասեց․ «Ես մենակ կգնամ․․․»։

Տղամարդն ուժեղ ձեռքերից բռնեց ու գոռաց։ Ես արդեն կանգնել, նայում էի, թե մոտակայքում ով կա, որ եթե միջամտեմ էլ, գոնե միայնակ չլինեմ, մի կերպ դրան հանգստացնեինք։

Մի երիտասարդի նկատեցի, բայց, ճիշտն ասած, դեմքը, հայացքը մի տեսակ չհուշեցին, որ կարելի էր իր վրա հույս դնել։

Շրջվեցի, տեսնեմ՝ բոյլուխն ուժեղ քաշում է աղջկա ձեռքից, ստիպում հետը քայլել։ Աղջիկը սկսեց ցածրաձայն խոսել։

Դանդաղ ճանապարհն անցա, աղջկան հարցրեցի․ «Ձեզ մոտ ամեն ինչ նորմա՞լ ա»։ Չեմ հիշում՝ կոնկրետ ի՞նչ բառերով, բայց տղամարդը տեղեկացրեց, որ դա իր կինն է ու ամեն ինչ լավ է, խորհուրդ տվեց ճանապարհս շարունակել ու չխառնվել։

Ես ասացի, որ իրեն չէի դիմել, ու հարցս կրկնեցի։

«Իմ մոտ էլ երբե՛ք ոչ մի բան նորմալ չի լինի», – առանց ինձ նայելու, ասաց աղջիկը։

Մարդն էլ ձեռքից բռնել, հարվածում էր։ «Կինս ա, քո ի՞նչ գործն ա՝ մեր հարցերի մեջ ես խառնվում»։ Նախ, դուք փողոցում եք, հասարակական վայր է և այլն․․․ Հետո էլ՝ չհասկացա՝ շունի՞կդ է, ի՞նչդ է։

Բայց նա հենց դա՛ էր պնդում․ «Կինս ա, դուք գործ չունե՛ք»։ Այնքան ինքնավստահ, այնքան բռի։

Այդ ամբողջ իրավիճակից ամենից շատը աղջկա խոսքերն են տպավորվել։

Անգիր հիշում եմ։ Ասելու ձևն էլ եմ հիշում, ինտոնացիան։ Նույն գիշերն էլ հազիվ քնեցի, անդադար՝ «Ին մոտ էլ երբե՛ք ոչ մի բան նորմալ չի լինի»։

Զույգն առաջացավ, ես հետևից քայլեցի։

Հասանք բենզալցակայան, շուրջբոլորս նայեցի, ինչ-որ մարդկանց նկատեցի։ Մի տեսակ նույնիսկ ուրախացա։

Տղամարդն իրեն ահավոր էր պահում։

Ես հիմա եմ հասկանում, որ այդքան էլ ճիշտ չվարվեցի։ Երևի, պետք էր ոչ թե մոտենալ, խոսել, այլ միանգամից նկարահանել կամ ոստիկանություն զանգահարել։

Իսկ ես իրենց հետևից քայլելով, բջջայինը հանեցի ուսապարկիցս․․․ Չէի սպասում, որ կտեսնի։

Նույն պահին շրջվեց, եկավ դեպի ինձ, սկսեց քաշել ձեռքերիցս․ «Հլը տուր ստեղ, ջնջի մի հատ»։

«Բան էլ չեմ նկարել», – ասացի։ Նաև՝ որ իրավունք չունի իրեն այդպես պահելու, հետո ասացի՝ կջնջեմ, կարող եմ ցույց տալ, որ բան էլ չկա․․․ Շփոթված էի։

Վերցրեց, ձեռքը տարավ-բերեց, հեռախոսս գետնով տվեց։

«Լրիվ են սրանք արդեն․․․», – սա էլ, կարծես, և՛ կնոջն էր ուղղված, և՛ ինձ, և՛ աշխարհին, որը չգիտես՝ ինչու, չի ուզում ճանաչի նրա՝ «իր ընտանեկան հարցերը» իր ուզած ձևով լուծելու իրավունքը։

Հնարավոր է, չէ՞, պատկերացնել, թե տանն իրեն ինչպես է պահում։

Կինը գոռաց․ «Ի՞նչ ես անում»։

Բենզալցակայանի աշխատողները դանդաղ մոտեցան մեզ։ Բոյլուխը կնոջ հետ թեքվեց։ Այս մասում դարպաս կա, չեմ էլ իմանում՝ որտեղ է տանում, ինձ թվում էր՝ փակ տարածք է։ Մտան այդտեղ։

Աշխատողներին հարցրեցի՝ կարո՞ղ են հեռախոս տալ, ոստիկանություն զանգահարեմ։ Պարզվեց՝ հեռախոս չունեն, բայց ակնհայտ էր, որ ստել էին։

Նրանք նույն բանն ասացին՝ «մարդու ընկերուհին ա, ի՞նչ գործ ունենք»։

«Ես էլ ընկեր ունեմ, – ասացի, – բայց հայվանի պես իրեն չի պահում»։

Ասացի նաև՝ այսինքն, հիմա էս պահն էլ հիշենք, որ դո՛ւք էլ սրա նման եք․ «Փաստորեն, ի՞նչ օգնություն, ի՞նչ բան»։

Հեռախոսս շատ հետաքրքիր տեսք ստացավ։ Չգիտեի, որ այսքան շերտեր ունի։

Սպասում եմ, տեսնեմ՝ հնարավոր կլինի՞ հիշողության քարտը ու դրա պարունակությունը վերականգնել։

Ո՛չ էկրանն է մնացել, ո՛չ էլ։ Բայց գիշերը ժամը 3-ին մոտ ձայն լսեցի, որը լիցքավորման սպառվելուց է հնչում։

Հույս կա, որ նկարածս չի կորչել։

Չեմ հիշում՝ երբ քնեցի։ Անընդհատ մտածում էի նրա չակերտավոր ինքնավստահության մասին, որն ավելի շատ անզորությունը, խեղճուկրակ լինելն էր փաստում։

Առավոտյան ժամը 8-ին միացավ զարթուցիչը՝ Ալիշա Քիզի ձայնով, ու քանի որ այժմ բջջայինի միայն կողքի երկու կոճակներն են մի կերպ աշխատում, սկսեցի դրանց վրա սեղմել։

Մեկ ժամից ավել սեղմում էի։ Տասը րոպեն մեկ Քիզը հարցնում էր․ «Երբևէ կոտրված սրտով քնել փորձե՞լ ես»։

Հավատս չէր գալիս, որ այս ամենն ինձ հետ էր պատահել։

Արդեն հանդարտվել էի, դուրս եկել քայլելու, հասել Մետրոնոմ, որտեղ էլ գրեցի պատմությունս:

ալլա մանվելյան

 

Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Հինգերրորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝ այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ

Tekali Taxi