Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։
իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի
Զրույց երրորդ
Հասմիկ
– Աճել են մազերս տակից։
– Ֆանտաստիկ ա: Ես կյանքում չեմ ներկել իմ մազերը։
– Լո՞ւրջ։
– Հա, ես էլ չեմ ներկել։
– Առաջին անգա՞մն էր։
– Ստռաննիյե լյուդի [տարօրինակ մարդիկ եք]։
– Խի՞ որ։ Ես, օրինակ, դիմադրում եմ։ Քուրս ամեն անգամ ինձ որ տենում ա, ուզում ա ինձ ուղարկի մազ ներկելու:
– Հի՞նչ պատմիմ։
– Լուս, դու աման չունես։
– Ես կերա մինչև ձեր գալը։
– Այ մարդ, կերեք էլի։
– էն օրը ո՞վ էր ասում՝ Սաթի ձենը քո ձենին նման ա։
– Չգիտեմ՝ ով էր ասում, բայց ճիշտ էր ասում:
– Դաժե ծիծաղալու ձևը․ բարձր ենք ծիծաղում։ Սաթը որ գնացել ա
Շվեդիա․․․ դե, էնտեղ սաղ հանգիստ մարդիկ են, չէ՞: Ինքը որ ծիծաղում էր, սաղ շրջվում ու մտածում էին՝ էս չոբանը որտեղի՞ց ա էկել:
Մենք էլ որ գնացինք, շատ ման եկանք, բան։ Հիմա մետրոյում սպասում ենք, որ գա։ Սաղ մտել են․․․ ընդեղ սկամեյկայի վրա մի հատ կին էր նստած, ոչ մեկ մոտը չէր նստում: Ուրեմն, էտ կինը մեջտեղը չէր նստել, մի քիչ էս կողմ էր նստել։ Ես էլ գնացի, էն մի քիչ թողած մասում կավկազսկի նստեցի՝ ղարաբաղսկի: Էտ կինը սենց էր անում, ոնց որ ասեր՝ «էս ո՞վ ա, եկել ա՝ մոտս նստել»:
Սաթն էլ իրա ընկերոջ հետ նայում էին, խոսում ու ծիծաղում էտ կնոջ վրա, որ տենց էր նայում:
Երկու հետ եմ քեցալ Շվեդիա։ Վերջի անգամ երկու տարի առաջ որ քեցա, գնացի իրանց տանը մնացի։ Իտալիա էլ գնացինք միասին: Արխիպելագները ինձ դուր եկան։ Անդերսը ինձ հարցրեց՝ հիմա Իտալիա ամենաշատը ի՞նչը դուրդ եկավ: Ասեցի՝ պիզան դուր եկավ, Կոլիզեյը դուր եկավ ու արխիպելագները շատ դուր եկան: Ասեց «ի՞նչ, արխիպելագնե՞րը»։ Ասեցի, հա։
– էդ Ստոկհոլմում ա։
– Իրանց էլ էդտեղ դաչա ունեն, ու իրա պապայի հետ նավով տենց գնացինք էտ կղզիները: Հենա՝ նկարներ ունեմ: Հավես էր, շատ հավես էր:
Ես վաբշե-տը Ղարաբաղ որ աշխատում էի․․․ տասը տարի, համարյա տասնըմեկ տարի աշխատել եմ հաշվողական կայանում, էնտեղ ադրբեջանցիներ կային, նու, թուրք․․․ որ ասում եմ «թուրք», Մինասը ջղայնանում ա: Դե, մենք թուրք էինք ասում, բայց իրանք հայերեն էին խոսում:
Ընկերուհիս՝ Նորշեն գյուղ կար, իրա պապան բան էր․․․ Պուճուր ժամանակ՝ տասը, տասնըմեկ տարեկան ժամանակ, Գյուլափլու թորքու գյուղ կար, էդտեղից եկել էր Նորշեն, մի հարուստի տանը նոքյար էր աշխատում: Հա, հայ հարուստի տուն․․․ Նորշենը հայի գյուղ ա:
– Նոքյարը ծառան ա։
– Հա, մեր գրականության մեջ էլ նոքյարը կա, չէ՞: Էկավ էդտեղ ու սկսեց աշխատել։ Իրան դուր եկավ հային նիստուկացը էլի: Մնաց էդտեղ, ճիշտ ա, ամուսնացավ մի հատ թրքուհու հետ ու յոթը երեխա ունեցան, յոթը երեխաներն էլ գնացել են Նորշենի դպրոց՝ հայկական դպրոց, մենակ մի աղջիկը՝ իրանց երկրորդ երեխան էր, տատիկը իրան պահեց Գյուլափլու գյուղ, էդտեղ ինքը թուրքերեն սովորեց։ Ու Աղդամին մոտիկ ա, էլի, էտ գյուղը, էտ աղջիկը գնաց Աղդամի ինստիտուտը։
Իսկ իմ ընկերուհին հայոց լեզու/գրականություն էր․․․ գնացել ա, որ ինստիտուտ ընդունվի՝ չընդունվեց: Չընդունվեց, չկարողացավ, նենց չի, որ ինքը ադրբեջանցի ա՝ դրա համար: Կոնկուրսը մեծ էր՝ չկարողացավ:
Իսկ իրա քույրը՝ քույրական, Ստեփանակերտ սովորել ա ու հայկական հիվանդանոցում էլ աշխատում էր: Ինքը հայոց լեզուն կարող ա իրա համադասարանցուց լավ իմանար՝ գրում, կարդում, մեր հայկական վեպերն էր կարդում: Ու ինքը ամուսնացել ա ճիշտ իրա նման մի հատ տղայի հետ՝ Մարտունու բնակիչ, ադրբեջանցի, բայց իրանք սենց նիստուկացով, բանով․․․
Իրա պապայի անունը Զուլֆուգար էր, իմ պապայի հետ շատ մոտիկ էին։ Նու, մեր տուն գալիս-գնում էին:
Ինքը որ ամուսնացավ, իրանք ադաթ ունեին՝ ասենք, վաղը աղջիկը պետք ա ամուսնանա, գա էտ տղայի տուն, աղջկա օժիտը բերում են, սենյակը, որ էտ աղջիկը պիտի ապրի, կահավորում են: Ու պետք ա մոտիկ մարդ գա՝ սենյակը կահավորի: Ու իրան էտ արանքում հյուր են տարել, բան, դրա համար ինքը գիտի, որ սենյակն ա:
Ասեց․ «Հաս, իմ քույրիկի հետ դու գնա, կահավորի»: Ու կահավորողին նվեր են տալիս․․․
– Ի՞նչ են տվել։
– Մի հատ ատրեզըն տվալ։
Էտ ատրեզը դերյա եմ կարալ, կեցալ։ Էնքան սիրուն շոլկովի ատրեզ էր, նենց սիրուն էր ու նե՛նց եմ կարել տվել․․․ Կարողը մինչև հիմա ասում ա՝ «քու նման հաճախորդ ես չեմ ունեցել ամբողջ իմ կյանքի ընթացքում», որովհետև ես էի ձևերը ասում՝ սենց արա, նենց արա։ Նենց ձև էի ընտրում, որ ոչ մեկ չէր ընտրում։
Հա, մի խոսքով, գնացինք, իմ ընկերուհին (Գյուլնարա էր անունը) ասեց․ «Հաս, էտ սենյակում մի հատ խալադելնիկ կա, կասես՝ հանեն։ Իմ քույրը չի կարողանալու ասի։ Դու կասես։ Որովհետև էտ խալադելնիկը որ մնա էտ սենյակում, չեն հարցնելու՝ առավոտ շուտ ամուսինները քնած․․․ ո՞վ ա գալու, ասի «թողնո՞ւմ ես՝ մտնեմ քո սենյակ, թե՝ չէ՞»: Նագլի ձևի մտնելու են, դուրս են գալու: Ո՛չ գիշերն են նորմալ քնելու, ո՛չ առավոտը։ Ասեց՝ «կասես էլի»: Մի անգամ ակնարկել ա իրա ամուսինը, Էլման ա անունը, իրա պապան ասել ա՝ չէ, «խալադելնիկը տեղան տյուս չի կյալու»:
Հիմա գնում ենք, սենց կառավաթները, բանը դնում ենք։ Դե, իրա ամուսնու պապան իմ պապայի հետ ընկեր, գալիս-գնում էին։ Ու ասեմ մի բան՝ իրանք շատ լավ ընկերություն են անում հայի հետ, շատ լավ ընկերություն են անում:
Ու գիտե՞ք, իմ պապան ավտոէլեկտրիկ էր աշխատում էն ժամանակ։ Լավագույնն էր ինքը ու շատ հաճախորդներ ուներ: Էտ մարդն էլ հա՛մ մեքենա ուներ, հա՛մ նենց պահեստում էր, որ նենց ապրանքներ կար՝ պապայիս սարքել էր տալիս․․․ էլեկտրականության հետ կապված:
Հիմա գնացինք, կահավորում ենք․ տրյումոն եմ դնում, էս եմ անում, էն եմ անում։ Ասում եմ՝ դե, էս խալադելնիկը էստեղ խանգարում ա, էլի, պետք ա հանենք: Իրանց տան հարսերը, տեքոր կնանիքը օգնում են․․․ մի տանն էին ապրում՝ երկու ամուսնացած ախպեր ուներ, ինքը երրորդն էր․․․
Ասում են, թե բա՝ պապան ասել ա՝ էդտեղից չեմ հանելու։ Դե, ինքը գիտես՝ ո՞նց ա, ոնց որ թագավորի հետ խոսես՝ ամաչելով բան, զոռով:
Դե, ես էլ չէ, ես ի՞նչ: Գնացի, ասի․ «Ձյաձ Զուլֆուգար, էս խալադելնիկը օզումըմ էստեղա հանիմ, էլի»։
Ասում ա․ «Խի՞»։
«Դե, – ասում եմ, – էս ստեղ եմ դնում, խալադելնիկը խանգարում ա»։ Ասեց․ «Ես չէի հանի, բայց որ դու ես ասում՝ հանե՛ք»:
Դե, էն ժամանակ սոտովի չկար․․․ զանգեցի հարևանի տուն, ասեցի․ «Գյուլնարային կարա՞ք կանչեք»։ Ասի․ «Պատվերդ կատարել եմ, արխային էղի»։ Ինքն էլ, իրա ամուսինն էլ գիտեին, որ ես պետք ա դա անեմ, որ ես ասել եմ՝ պիտի անեմ:
Մեր հայ աղջիկները ամուսնանում էին ադրբեջանցի տղաների հետ, բայց նրանց աղջիկները՝ չէ:
Մեր Մարտունիում կա, բայց մամայի ազգանունն են վերցրել: Պապան ադրբեջանցի ա, մաման հայ ա:
Մի հատ դպրոցի տնօրեն ունեինք ադրբեջանցի, ուզել էր հայ կնոջ: Կաղ կին էր, գեշ: Ինքն էլ, որ ասում ա՝ չուտես, չխմես՝ նայես: Ի՛նչ տղամարդ էր: Քուրս ժողկրթբաժնում հաշվապահ էր․․․ էտ մարդուն խոսացնում էր, մի անգամ ասեց․ «Հայերը մաքրասեր են»։ Ինքն էլ պարտադիր հայ կին էր ուզում: Ասում էր․ «Էտ կինը ինձ կենթարկվի»։ Եթե ավելի սիրուն հայ ուզեր՝ չէր կարա․․․
Էս բանը որ սկսվեց, դե, ես էնտեղ չէի արդեն։ 87-ի սեպտեմբերին եմ ամուսնացել: 88-ի փետրվարին սկսվեց էն ուժեղ բանը։
Ընկերուհուս կանչում էին, սկսեցին օգտագործել, թարգմանություն էր անում․․․ չկարողացավ էտ բաներին դիմանա․ ինքը ամբողջ կյանքում հայի մեջ ապրած, էտքան հայ ընկերներ, հարազատներ․․․ Չկարողացավ դիմանա, ամուսնու հետ գնացին: Իրա տեքոր տղեն Ռուսաստան էր, գնացին իրանց մոտ, հետո՝ Բաքու:
Գյուլնարայի էրեխեքը ռուսական դպրոց են գնացել՝ Մարտունի։ Տղու կողքը դպրոցում թուրք էին նստացրել, էկել էր տուն, լացել, ասել ա․ «Մա՛, ասա՝ էն թորքին իմ մոտից տանեն, վրայից հոտ ա գալիս»: Ինքն է՛լ էր, է, թուրք:
Օրինակ, իմ քրոջ տղան Ջաբրայիլ տուն ուներ: Դաշնակները էկել են, սարքել ամերիկյան հովանավորությամբ: Էստեղից էլ են գնացել էդտեղ: Հիմա արդեն իրանցն ա էտ տունը: Մի քիչ նեղվում եմ:
Ես սխալ եմ համարում, որ Շուշին մերը չի: Էս վերջի ամիսներին ոնց որ սիրտս ասի՝ գնա էտ ամեն ինչը նայի։ ֆիզուլվա էտ մասերը գնացել եմ, որ հիմա իրանցն ա, Շուշվա էտ մասը, որ զոնտիկներ են ասում, էդտեղ նկարներ ունեմ նկարված:
Բայց էն օրը ես լսել եմ տելեվիզրով, որ դա չեզոք գոտի են սարքել՝ ո՛չ մերն ա, ո՛չ իրանցը: Շատ սիրուն տեղեր ա։ Օրինակ, էնտեղ մի տեղ կա, որ ասում են՝ Ալիևի դաչան, մեր հայերը չպահեցին, փլվեց, բայց նենց ահավոր լավ սիրուն տեղ էր, չես պատկերացնի։ Հիմա, որ մտածում եմ՝ չեմ կարա գնամ էդտեղ․․․
– Բայց հիմա, որ ամեն տեղ կարողանայիր գնայիր, կգնայի՞ր։
– Ինձ համար նշանակություն չէր ունենա՝ ումն ա: Իմացա՞ր:
Եթե ես իմանայի՝ էն առաջվանը լինի․․․ Ես Բաքու ազատ ման էի գալիս։ Բայց հիմա ո՞ր հայը կարա գնա Բաքու՝ ման գա:
Ես մի երկու տարի առաջ ՍԻԹԻ-ում մի ընտանիք տեսա՝ մաքուր ադրբեջաներեն էին խոսում: Կարող ա, Թուրքիայից էին եկել կամ Պարսկաստանից:
Գիտես, չէ՞, ես Երևանը չէի սիրում, ես Բաքուն էի սիրում, շատ սիրուն էր:
Էն ժամանակ, որ գալիս էինք Երևան, շատ կոշտ էին մեզ վերաբերվում, շա՛տ: Մի բան չէիր կարողանում հարցնեիր։ Իսկ Բաքուն տենց չէր․ էնտեղ լյուբեզնի էին շատ:
Բաքու շատ հայեր կային՝ հայկական թաղամաս կար՝ Արմենիքենդ, մենք էնտեղ ենք մնացել երեք ամիս:
Ես որ Բաքվում սովորում էի 77-ին, իրանց դասատուները գոնե իրանց աղջիկներին ասեին՝ գործ անեին, ինձ էին վստահում հաշվելը: Էդտեղ էտ պեռֆակարտաները որ ծակում էին, ինձ ասում էր՝ նստի, որը որ ճիշտ ա, դու գրի, որը սխալ ա՝ վրեն գրի, որ սխալ ա։
Հիմա չկան տենց կամուտացիոն բաները, դինոզավր ա դառած: Մեր պեռֆառացիոն մեքենաները դառալ ա մի հատ սենց փոքր չիպ: Տոննայանոց էր էտ մեքենան:
Հենա՝ նկար ունեմ էտ մեքենաների հետ: Այ սա իսկրա մեքենան ա, էտ ես եմ։
Ինձ սեզոնային ուղարկում էին գինու գործարան։ Խաղողը կշռող կշեռքի մոտ եմ նստած:
էս էլ ախպերս ա, սիրուն տղա ա, չէ՞: Էս նկարում էլ, նայի, ջղային եմ։
Էս աղջիկը․․․ եկել էին թերթի համար նկարեն՝ լարվում ա, բնական չի պահում: Ես էլ ջղայնանում եմ, ասում եմ․ «Բնական պահի քեզ»:
Ինչ նկար կա՝ գողացել եմ մեր տնից, չէին տալի: Դե, հիմա ո՞վ պահի էս ֆոտոները, ո՞վ ունեմ էնտեղ՝ ոչ մեկ:
– Մա՛, բա էս ո՞վ ա էս աղջիկը:
– Էս հետս դպրոցական ընկերուհիս ա: Հագիս շորը կռեպլին ա:
Գիտես՝ ի՞նչ էինք անում էտ մեքենաներով․ ամեն ինչ հաշվում էինք: Ավագ օպերատոր էի ես: Կոլխոզների մեքենաների բենզինի ծախսերը, իրանց աշխoրը՝ ինչքան փող պետք ա ստանան, էտ հաշվարկները լիցեվոյ էինք անում: Ես չորս պահեստի հաշիվ էի պահում:
Բաքվից գալիս էին, ստուգում: Հիմիկվա նման չի, որ իսկույն ինտերնետով փոխանցվում ա: Էտի նամակով ա գնում, իրանք գալիս էին, հաշվետվություն էինք տալիս կենդանիների մասին:
Իմ բաժնում վեց աղջիկ էինք աշխատում։ Էտ Գյուլնարան, որ ասում եմ, ասկոտայի [մեխանիկական համակարգիչ] վրա էր աշխատում՝ ասկոտա ա կոչվում:
Պապայիս հոպարի կինը (գործի բերումով իրա հետ շփվում էինք) մի պահ ասեց․ «Հասմիկ, խի՞ չես ամուսնանում»: Դե, երեսուն տարեկան էի, երբ Սաթս ծնվեց: Ասեց․ «Մի լավ տղա կա, գա, գնաս Ղափան, էստեղ ի՞նչ կա»: Նու, ուշադրություն չդարձրեցի:
Ինձ ասեց․ «Հաս, ամուսնացի, եթե դուրդ էլ չգա, երեխա կունենաս՝ կբաժանվես»:
Հետո օրերից մի օր էտ կինը զանգեց, ասեց․ «Քո տղան եկել ա։ Որ չհամաձայնվես էլ՝ դուրս արի հետը, ման արի, եթե չուզես էլ»:
Դուրս եկա հետը, սկսեցի խոսել, բան, էս մեր հարևանի կինը՝ տյուկ հա տյուկ։ Էտ Սպարտակս էլ․․․ մի երկու ժամ իրար հետ քայլեցինք, բայց ես էն բանով, որ՝ չէ էլի, այ մարդ, դե, չէ, չէ, չէ: Որ հասանք մեր տուն ու պետք ա բաժանվեինք, էս Սպարտակս փռնե՝ ինձ պաչի: Էտ հարևանն էլ չափառին տակին թաքուն նայում ա ու սաղ Մարտունավ մին պատմելական ա: Դե, ես սիրած ունեի, նենց չի, որ չունեի, բայց կորցրած էի երկար ժամանակ։
Էկա, մտածեցի՝ չէ, չէ։ Ասեցի՝ չէ, էլի: Սպարտակը գնաց ու զանգեց, տուն զանգեց: Մեկ, երկու, երեք․․․ պապաս էլ հիվանդ՝ սենյակում պառկած ա, տեսավ ինձ, ասեց․ «Վերջը քո խոսքի վրա կանգնած ես»։ Ասի․ «Չէ, նստած եմ»: Պապաս վեր կացավ, լացելով դուրս եկավ, որ ես պետք ա ամուսնանամ: Պապան ինձ շատ էր սիրում, ես էլ իրան:
Հաջորդ անգամ զանգեց, ասեց․ «Դե, գալիս ենք»:
Պատմե՞մ ցելոֆանի պատմությունը:
Լսի, ուրեմն, էտ ցելոֆանի տոպրակները դեֆիցիտ էր: Մի հատ բամբաներկա էտ ցելոֆանի մեջ դրած` գալիս ա, հանում ա էտ բամբաներկան, ցելոֆանը ծալում ա, պրծնում, թե բա՝ էս էլ ա քեզ, էս էլ ա քեզ համար: Դե, ինքը յանիմ քաղաքից էր, իրա արևին Ղափանը ավելի քաղաք ա:
Բայց որ ես եկա էտ տուն, ես ավելի ազատ կյանք էի ապրում, քան իրանք: Ես ո՞նց ասեմ։ Որ ամուսնացա, էտ տունը արդեն հարս էի, ոնց որ մի ազատ թռչուն գցես մի վանդակ:
Էս ամուսինս ոչ մի բան չէր կարում աներ տանը։ Մի օր սառոչկան պետք ա հարդուկեի, տենամ՝ հարդուկի լարը կտրված ա, ասի․ «Մի հատ կպցրա, մինչև ես էրեխուն կերակրեմ»: Ասեց․ «Ի՞նչ, բա ո՞նց սարքեմ, վաղը կտանենք, վարպետի կտանք»: Ասի․ «Ա պաշոլ, է՛, մի հատ»։ Ես սարքեցի: Ինքն էլ դա պատմություն սարքեց, թե բա՝ Հասմիկը հարդուկը սարքել ա: Ասի. «Ամոթ ա, է՛, ուրիշ տեղ մի ասա»:
Մեր տանը տենց բան չկար՝ վարպետ գա, բան: Մեր տունը մերոնք իրանց ընկերների հետ են սարքել:
***
Հաքուրի պատմությունն էլ էն ա, որ ինքը երբ ծնվել ա, իրան դրել են ադրբեջանցու ձեռքին, որ չմահանա: Տենց բան կար․ հայը որ դնում էր էրեխուն թուրքի ձեռքը՝ էրեխեն ապրում էր: Ի՞նչ իմանամ, միստիկա ա էլի:
Գիտե՞ս՝ ցավը որն ա․ էն հայերը, որ ընկերություն են արել ադրբեջանցիների հետ, իրանք է՛լ են թշնամի դառել: Կոնկրետ ես էն լավ բաները, որ հեռու եմ իրանցից, հիշում եմ:
Իմ ամուսնու պապան Չափնիից էր, մաման՝ Եղվարդ գյուղ կար, էդտեղից էր:
Ինքը էն շրջանում ա աշխատել, որ տարիներով փող չէին տալիս: Մթերք էին տալիս աշխատավարձի տեղը, բայց նենց մթերք չէր էլի, որ դու կարաս ամեն օր ուտես:
Մենք մի հատ հարևան ունեինք՝ կոմբինատում էր աշխատում, երեք տղա ուներ։ Գնում էր կոմբինատ, գալիս, իրա համար նստում: Իմ ամուսինը հանքից դուրս էր գալիս, գնում էր, շուկայում համբալություն էր անում, որ փող աշխատի, հաց առնի։
Մենք պարտք չենք ունեցել, իսկ էտ հարևանը, որ ամբողջ օրը դիվանին նստում էր, իրա կինն էր գնում, խանութից պարտքով բան բերում: Մենք պարտք չունեինք։ Ճիշտ ա, եսիմ ոնց չէինք ապրում, բայց պարտք էլ չունեինք:
Երեխեքը որ դպրոց էին գնում, կուրտկա չունեին: Արդեն ցուրտ էր, ասեցի՝ այ Սպարտակ, էրեխեքին ժակետներ էի գործել, տաք-տաք։ Մեկից քանդում էի, ուրիշն էի գործում: Դե, ասեցի՝ ցուրտ ա, կուրտկա ա հարկավոր: Հաջորդ օրը, տեսնեմ, երկու հատ կուրտկա բերեց:
Իսկ կոմբինատը էտ ապրանքափոխանակությունը որ անում էր, մի անգամ Սաթի համար կուրտկա վերցրեց՝ սպիտակ, էնքան մեծ էր, մինչև հինգերրորդ դասարան հագավ: Դրանից հետո, կարծեմ, Լուսն էլ ա հագել:
Իրա մահվանից հետո տարիներով իրա աշխատավարձը չէի կարում ստանայի, չէր տալիս կոմբինատը: Հետո կամաց-կամաց տվեց, եկավ, հասավ զրոյի:
Մի օր ծնունդ էինք գնացել, ամուսինս խմեց։ Արդեն ուշ էր, ասեցի․ «Արի գնանք տուն, տուն եմ ուզում»։ Ասեց․ «Չէ»։ Ասեցի․ «Դե, ես մենակս գնում եմ»։ Վեր կացա, էկա տուն։ Պետք ա Ղարաբաղ գնայի՝ էրեխու մոտ։
էկավ տուն, էնքան ծեծեց։ Աթոռը գլխիս ջարդեց։
էլ չկարողացա գմամ Ղարաբաղ, որ քուրս չտենար կապտուկներս։
էտ վերջի անգամն էր․ մահվանից մի տարի ու մի ամիս առաջ։
Դրանից հետո մի անգամ ասեց․ «Բա որ կարայի սենց ապրեի, խի՞ չէի ապրում առանց ծեծելու»։
– Բա ինչի՞ չէիք բաժանվում։
– Ինքը չէր թողնի, որ բաժանվեմ․․․ Ես ի՞նչ իմանամ․․․ չգիտեմ, ես հիմա էտ հարցին չեմ կարա պատասխանեմ, որ ես կարայի՞ իրանից բաժանվեի, թե՝ չէ՞։
Եթե բաժանվեի, պետք ա Ղափանից գնայի ուրիշ տեղ: Պետք ա գնայի Մարտունի, բայց ես Մարտունի էլ չէի կարա ապրեի, չէի կարա իմ հերանց տուն գնայի:
Նայի, որ ինքը կար, ես ոչ մի տեղ չէի գնում։ Ինչ պետք էր՝ ինքն էր անում էլի: Ահավոր էր արդեն։
Ես որ սկսեցի Մարտունի աշխատել, ամեն ինչ ես էի անում: Ամեն տարի գնում էի ման գալու։ Էն, որ ասում ա՝ իմ խոսքն էր անցնում: Բայց որ ամուսնացա, եկա Ղափան, ոչ մի բանի տեղ չէի իմանում:
«Այ մարդ, – ասում էին, – գնա փարոս գրանցի»։ Չէի կարողանում: Մի հատ կոմպլեքսավորված մարդ՝ վեր ընգած:
Մի օր չգիտեմ՝ ուր պիտի գնայի, ռիսկ չէի անում, աղջիկս գիտե՞ս՝ ինչ ասեց, 10-11 տարեկան էր, ասեց․ «Մամ, շատ-շատ «չէ» ասեն էլի»:
Արդեն որ Սպարտակը չկար, Սաթը մեր պապան էր:
***
Ամուսինս վերին աստիճանի խանդոտ էր: Ես գնացի հացի փուռում աշխատելու: Ինքը աշխատում էր, բայց փող չէր ստանում: Որ ժամը լրանում էր դուրս գալու, դռան շեմին կանգնած էր: Մի օր գործ չկար, գիշերվա սմենից եկել ա, քնել, ես էլ գիշերն էի աշխատում։ Նենց պետք ա գնայի տուն, որ հանկարծ չուշանամ:
Մի օր շփոթվել եմ, դե, յուբկա էի հագնում երկար, հետո էտ յուբկան հանում էի, դերիա էի հագնում՝ տուն գնում: Էնքան վռազեցի, յուբկաս չհանած՝ դերիաս հագել, ցիգանի նման գնացել էի տուն։
պատրաստեցին լուսինե թալալյանն ու ալլա մանվելյանը
Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Չորրորդ պատմությունն՝ ասյտեղ
Հինգերորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝ այստեղ
Յոթերորդ զրույցն՝այստեղ
Ութերորդ զրույցն՝այստեղ