Home / Հայաստան / Ասում ա՝ երկու երեխատեր կնիկ էի արդեն, բայց չգիտեի՝ ինչ ա սերը

Ասում ա՝ երկու երեխատեր կնիկ էի արդեն, բայց չգիտեի՝ ինչ ա սերը

Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։

իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի

Զրույց առաջին

Գայանե

Մեր հարևանն ասում ա՝ ես հասկացել եմ, թե սերն ինչ ա, Անուշին տեսնելով։ Ասում ա՝ երկու երեխատեր կնիկ էի արդեն, բայց չգիտեի՝ ինչ ա սերը։

Անուշն էլ գեղեցկություն էր ուղղակի։ Երեք քույր էին ու իրանցից մեծը՝ Անուշը, ուսանող ա եղել, մերոնց հետ շատ կապված էր եղել։ Ես էնքան եմ իրան սիրել, որ փոքր քրոջս իրա անունով ենք դրել․․․ 5 տարեկան էի, պապայիս հետ գնացել եմ, պապաս հարցրել ա․ «Ի՞նչ ես ուզում դնենք»։ Ասել եմ․ «Արի Անուշ մորքուրի անունը դնենք»։

Ինքը սիրահարված էր մի մարդու՝ շատ խելացի տղու, որը Մոսկվայում էր սովորում, իրան միանգամից նշանակում են Իվանովոյում ինչ-որ տեքստիլ գործարանի գործադիր տնօրեն։ Էս Անուշի հետ ամուսնանում ա։ Ու Սովետ Միությունը քանդվում ա, էս մարդը դառնում ա բիզնեսմեն։ Էս կինն էլ դառնում ա հարուստի կնիկ, սենց ասած։

90-ականներն էին, ինքը գալիս ա Հայաստան՝ արդեն իրա երկու երեխու հետ․․․ Կառալեվա, էլի․ շուբայով, բան։ Մոսկվայից պակետով չայեր-մայեր ա բերել, ինչը ստեղ չկար։ Լամպաներ էր բերել մի 30 հատ։ Մենք էլ, ասենք, մթի մեջ նստած, ցուրտ, ահավոր կյանք ու, պատկերացնո՞ւմ ես, Մոսկվայից, շքեղության միջից գալիս ա։ Իրա շամշադինյան բարբառն արդեն խառնվել էր ռուսերենի հետ ու շատ գեղեցիկ խոսակցաձև դարձել։

Բայց իրանք մարդու հետ արդեն ընտանեկան խնդիրներ ունեին, էդ մարդը, երևի, խմում էր, ինչ էր անում, բայց հլը տպավորություն չկար, որ կբաժանվեն։

Ինքը հետ ա գնում, մեկ էլ իմանում ենք՝ բաժանվել ա։ Արդեն մարդն ընկնում ա լուրջ պարտքերի տակ, ինչ-որ մարդիկ են գալիս տուն, թե բա՝ էրեխեքին էս կանենք, էն կանենք։

Երևի, նարկոտիկ էլ էր օգտագործում, որովհետև էդ կինն ասում էր՝ մարդը լրիվ անջատվել էր, էնքան վատ վիճակում էինք ապրում, որ գնում շիշ-միշ էի հավաքում, որ տանեմ հանձնեմ, էրեխեքին հացի փող առնեմ, իսկ մարդը կանգներ, բալկոնում ապատիկ ծխեր։

Արդեն սկսվում ա ընտանեկան բռնություն նաև․․․Իրանք բաժանվում են, էս կինը սկսում ա գործ դնել, զրոյական կետից, ու լավ հաջողում ա։

Մի տաջիկ տղամարդու հետ ա սկսում ապրել։ Մի քանի տարի անց էկավ Հայաստան, դե, մամայիս հետ շատ մոտ էր, գիշերներով խոսում էին, չէին քնում, այ էդքան խոսում էին իրար հետ․․․

Հետո ուզում էր մի հատ էլ էրեխա ունենար, բայց էդ տղամարդուն ասել էր՝ դու մուսուլման ես, չեմ ուզում քեզանից ունենամ։ Էս մարդը շատ լավ ձևով գնում ա, նվեր ա առնում իրա համար ու շատ սիրուն բաժանվում են։

Կնոջը սիրահարվում ա իրանից տասնըքանի տարի փոքր հայ տղամարդ՝ շատ սիրուն։ Սա էլ մտածում ա՝ լավ, սրանից ունենամ։ Հիշում եմ՝ էս կինն ասում էր, որ հայ տղամարդիկ չգիտեն՝ կնիկ պահելը որն ա։ Չամռվում ա էս տղեն, դաժե մերը գալիս ա, լացը գցում, էս Անուշին ասում ա՝ վերջապես, սիրահարվել ա, իմ էրեխու սիրտը մի կոտրի, ամուսնացի։ Տղեն էլ կռասավեց կերպար ա լինում, հաջողակ բիզնեսմեն․․․ Բայց, ասում ա, էկավ, մտավ իմ տուն, սկսեց իմ էրեխեքի հետ կոպիտ վարվել, ասեցի՝ վեր կաց, փասափուսեքդ հավաքի, ռադդ քաշի։

Ինքը լավ դզվել էր, էրեխեքին կրթություն տվել, բան․․․ Հետո լսեցինք, որ տղուն սպանել են 25 տարեկանում։ Էդ էրեխեն շատ խելոք էրեխա էր։ Որ գալիս էին մեր տուն, որը ոնց որ հյուրանոց լիներ՝ Մոսկվայից Շամշադին, Շամշադինից՝ ստեղ-ընդեղ, գալիս մնում էին․․․ ես էդ ձև դաստիարակություն ոչ մի էրեխու մոտ չեմ տեսել։ Լավ էրեխա էր։

Ընկերների հետ գնում ա դաչա, Անուշի դաչան ա։ Հարևանի տղեն գալիս ա, սկսում ա քֆուր-մֆուր տալ, էս էլ ասում ա՝ «խի՞ ես քֆուր տալիս, մենք մեր համար հաց ենք ուտում, հանգստացի»․․․ Ծաղիկի տակը փորելու դանակը հանում ա Անուշի ծաղիկների միջից, էդ էրեխուն դանակահարում։ Հետը էղածները, կարծեմ, փախնում են։ Անուշն էլ հա զանգում էր՝ չկա էրեխեն, վեր ա կենում, գնում դաչա, տեսնում՝ արյունաքամ ա էղել։

Մյուս երկու քրերն էլ էին գժերի հետ։ Մեկի մարդը թղթով գիժ էր։ Բայց էն որ ասում են՝ իգիթ։ Էդ աղջկան, երևի, կտցրեց էդ տղամարդու գեղեցկությունից։ Ստեղ ինչ-որ սիրած ուներ Մոսկվայից, բայց մեկ էլ գնաց գյուղ՝ Շամշադին, լսեցինք, որոշել ա մնա ընդեղ։ Դու մի ասա՝ սիրահարված ա։ Էդ տղեն էլ գիտե՞ս՝ ոնցն էր։ Մի 16-17 տարեկան էր էղել, ընկել էր կռվի բաները, կամավոր․․․ Բայց գժո դեմք էր․ սահմանն անցնում էր, գնում ադրբեջանցիների արտերը պաժառ տալիս, հետ գալիս։ Գնում էր հետախուզական ինչ-որ բաներ անում․․․ Ու ինքը գյուղում ինչ-որ բենզինի գործ ա դնում, բայց նաև սամոդելնի բարեգործ՝ սկսում ա զոհված ընկերների ընտանիքներին ձրի բենզին տալ։ Դոդի Գագո չէր, տենց․․․ինչ-որ տեղային բան․․․

Սաղ բարեկամությունն ասում ա՝ էդի գիժ ա, էս ա, էն ա։ Դաժե մերը բռնում, էս աղջկան կապում ա, ասում՝ «ես քեզ կսպանեմ, սաղ գյուղը գիտի, որ դա գիժ ա․․․»։ Տղեն էլ պատուհանի տակ կանգնած՝ լսում ա՝ ինչ են ասում։ Աղջիկը բարձրանում ա վերևի հարկ, պատուհանից իջնում, տենց փախնում են իրար հետ։

Այ տենց Մոսկվայում կայացած աղջիկը սկսում ա գյուղում էս գժի հետ ապրելը։

Իրանց ծնողները շատ իրար սիրել են, սիրելով են ամուսնացել։

Իրանց մաման ա շատ հետաքրքիր կին, շա՛տ։ Դպրոցի գերազանցիկ, որը չի շարունակել ուսումը, մնացել էր էդ գյուղում։ Բայց ինքը առանց կարդալու կմեռնի, անընդհատ կարդում ա։ Ֆենոմենալ կերպար ա։ Անընդհատ կարդալու մեջ ա։

Էդ գրքամոլ կինը ասում ա՝ ես կխելագարվեմ՝ չկարդամ։

Ինքը, հասկանալի ա, էս հասարակության մեջ, իրանց գյուղում կարող ա համարի, որ էրեխեքի կյանքը չստացվեց, էն չի․․․ Բայց ինձ թվում ա՝ իրանք ընկերություն են անում իրանց մոր հետ․․․

պատրաստեցին լուսինե թալալյանն ու ալլա մանվելյանը

Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրորդ պատմությունն՝ ասյտեղ
Հինգերրորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝ այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ