Home / Բանակ / Ադրբեջանին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին

Ադրբեջանին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին

Հայկական կողմը վերջին մեկ տարում Ադրբեջանին է վերադարձրել Ղարաբաղյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի աճյուն։ Առաջիկա օրերին կփոխանցվի ևս երկու մարմին: Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանական կողմը հայտարարում է Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում շուրջ 4000 անհետ կորածների մասին: Ըստ Փաշինյանի՝ ևս 777 անհետ կորած ունի հայկական կողմը։

«Ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորածներ ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել», – նշել է Փաշինյանը:

Մարմինները, ըստ պաշտոնյայի վերադարձվել են առանց նախապայմանների․ «Մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա։ Հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնկերպ վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների՝ վերադարձնելով առանց պայմանի․․․ Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»:

Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանն այս աշխատանքը սկսել է դեռ 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են հարցը, և ինքը համապատասխան հանձնարարականներ է տվել․

«Մենք ակնկալում ենք, որ ոչ միայն Ղարաբաղյան առաջին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»։