Home / Հայաստան / «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը ձերբակալվել է (թարմացված)

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենը ձերբակալվել է (թարմացված)

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու տեղակալ Կարեն Թորոսյանը:

Տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու և մի շարք այլ հոդվածներով քննվող քրեական գործի շրջանակում, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Հիշեցնենք, որ 2021թ․-ի նոյեմբերին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։

Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»։

Թարմացում՝

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրգործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արմեն Գրիգորյանն իր տեղակալի օժանդակությամբ հափշտակել է ավելի քան 17 մլն դրամ և ավելի քան 1 մլն դրամի վնաս պատճառել Երևանին։

Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով իր տեղակալի` Կարեն Թորոսյանի հետ, վերջինիս ցուցում է տվել հավաքագրել վստահելի անձանց և նրանց հետ ձեռք բերել որոշակի պայմանավորվածություն` դրամական փոխհատուցման դիմաց համայնքային հիմնարկում աշխատանքի ընդունվելու, սակայն փաստացի աշխատանքի չհաճախելու վերաբերյալ:

Ըստ այդմ` տնօրենի տեղակալը իր մի շարք մտերիմներին և ազգականներին հանձնարարել է աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումներ ներկայացնել հիմնարկ, որից հետո վերջիններս տնօրենի կազմած կեղծ հրամաններով 2019-ի ընթացքում ձևակերպվել են համապատասխան հաստիքների` 300,000-ական դրամ աշխատավարձով: Այս մարդիկ, սակայն, փաստացի չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել իրենց պարտականությունները: Ավելին` 2019-2020 թվականներին, չնայած աշխատանքի չհաճախելու հանգամանքին, նրանք տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևատրումներով:

Արմեն Գրիգորյանը 2020-ի հոկտեմբերին հիմնարկի ավտոպարկի պատասխանատուին հանձնարարել է վաճառել շուրջ 110 տրանսպորտային միջոցների փոխարինված, սակայն օգտագործման համար դեռևս պիտանի անվադողերը՝ յուրաքանչյուրը միջինը 10,000 դրամով։ Աշխատակիցը անվադողերի դիմաց ստացած ավելի քան 1,000,000 դրամը նույն ժամանակահատվածում մաս-մաս փոխանցել է տնօրենին:

Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը` 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Հակակոռուպցիոն կոմիտեի կայացրած որոշման հիման վրա Ա. Գրիգորյանն ու Կ. Թորոսյանը ձերբակալվել են: