Home / Կանանց իրավունքներ / Երկիրը փլվում ա, վերափոխվում, վերածնվում

Երկիրը փլվում ա, վերափոխվում, վերածնվում

Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։

տատիս կոլեկտիվի հետ

Զրույց տասներորդ

Կառա

Տատս ու պապս Մերգելյանում էին աշխատել։ Էդ վախտ գիտահետազոտական կենտրոնում, երևի թե, մի 30 հազար մարդ էր աշխատում, եթե ոչ ավել։ Տատս ուզում էր բժիշկ դառնալ, բայց չէր ստացվել, որովհետև էդ ընդունելության տարում տիֆով էր հիվանդացել, հետո էլ երեխա էր ունեցել` 58-ին մորաքրոջս, 60-ին՝ մամայիս, ու չէր ստացվել նորից դիմել:

Ու ինքը գնացել ինժեներ էր սովորել, որպես գծագրող էր աշխատում կոպիռովալնի (պատճենահան) բաժնում։ Պապս էր տարել տեղավորել Մերգելյանում՝ գծագրերի բաժնում։ Տտնօրենի մոտ էր մտել, ասել․ «Ուզում եմ կնոջս գործի տեղավորեմ, եթե տեղ կա՝ կոպիռովալշիկ ուղղակի․․․»։ Երբ ընդունեցին, պապս մաղարիչով գնացել էր ու ասել․ «Ուշադիր կլինեք էլի, որ հանկարծ իրան չնեղեն»։

Որոշ ժամանակ անց էլ գնացել հարցրել էր․ «Կնոջս հետ կապված ի՞նչ հարցեր կան», ասել էին․ «Այ Լյովա ջան, ի՞նչ նայել, ի՞նչ բան․․․ սաղ կոպիռովալնի բաժինն ինքն ա նայում, հեսա իրան բաժնի վարիչ ենք նշանակում»։

Էդտեղ պապս ասում ա ՝ օհո՛։

Վերջը, նշանակում են բաժնի վարիչ, էն էլ՝ զուտ տատուս աշխատանքի շնորհիվ․ աչքի էր ընկել իրա ֆայմով, քթածակով։

Հետո էդ բաժնում բոլորը կանայք էին․․․ էդ վատ, ծանր գործերը կանայք էին անում։ Ու քանի որ տատս արդեն ղեվավարն էր, արդեն բոլորին իրա թևի տակ վերցրած, բոլորի ընտանիքների խնդիրներից տեղյակ, բոլորը հետը կիսվում էին։

Մարդը լիդեր էր։

Ու մի անգամ ինչ-որ մի կեղտ, շեստյոռկա հասցրել էր, որ էդ կանայք գործի տեղը նստած՝ գործում են։ Էս շեֆը կանչել էր տատուս, հենց էդ դարակը բացել էր, հանել էդ կարի բաները, ասել․ «Էս ի՞նչ թելեր են։ Ուրեմն, պիտի էս ինչին գործից հանենք, չի՛ կարելի»։ Հետո տատս գնացել, մտել էր տնօրենի մոտ, ասել․ «Իմն ա»։ Սա հարցնում ա․ «Ո՞նց՝ քոնն ա»։ «Հա, – ասել էր, – ես եմ գործում, հարցե՞ր։ Ի՞նչ խնդիր կա»։ Ու քանի որ ինքը տնօրենն ա, տատս էլ՝ բաժնի վարիչն ա, ասել էր․ «Լավ, էլ չգործես»։ Տատս էլ, թե․ «Լավ, էլ չեմ գործի»։

Դու պատկերացրա՝ դա իրա հեղինակությունը ոնց բարձրացրեց ամբողջ կոլեկտիվում, կանանց մոտ, սաղ գժվում էին իրա համար։

Ինքը շատ հեռատես, խորիմաստ կին էր։

88 թվի օգոստոսին էր մահացել՝ մինչև իմ ծնվելը։ Երիկամի քար ուներ։ Էն թվերին երիկամի քարը մի մեծ պատմություն էր, ոնց որ հիմա քաղցկեղը։ Հիմա քարը խաղուպար ա․ դեղը խմում ես, գցում, գնում գործերիդ։

Քանի որ քարը հեռացնելու միակ ձևը վիրահատությունն էր, ինքը չէր գնացել։ Փաստացի, մի երիկամն էր աշխատում տարիներ շարունակ, ու հետաքրքիրն էն ա, որ երբ ինքը արդեն հիվանդանոցում էր, մամայիս ասեց․ «Իմ սխալները չկրկնեք»։ Դրա տակ նկատի ուներ՝ իմ սխալն էն էր, որ ինձ չեմ խնամել, իմ մասին հոգ չեմ տարել, ու էսօրվա դրությամբ ես մահանում եմ իմ սխալի պատճառով, իսկ դուք ջահել եք կյանքը առջևներումդ, նույն սխալը չանեք։

Մամաս իրա մամային կորցրել էր իմ տարիքում․ ես հիմա 30 եմ, մամաս էլ 29 էր։ Ես հիմա չեմ պատկերացնում՝ մամային կորցնեմ։ Էդ տարիքում շատ ծանր բան ա․․․ Էն էլ՝ մորը։

Մաման մինչև հիմա լողի ա գնում․․․ Ինքն էլ երիկամային քար ունի։ Մեր մոտ դա ժառանգական ա։ Աչքիս՝ ես էլ եմ ունենալու։ Բայց ինքն իրան հետևում ա։ Իրան ասել են՝ պիտի ակտիվ կյանք վարես։ Դե, արդեն 60-անց ա մաման։ Ու ինքը հստակ հետևում ա․ դեղեր ա խմում, լողի ա գնում։

Մաման միշտ երազել էր ուսուցչուհի լինել։ Բայց քանի որ դասատուներին ավարտելուց հետո մեկ կամ երկու տարով պարտադիր գյուղ էին ուղարկում, պապիկս դա մատի փաթաթան էր դարձրել ու պնդում էր, որ աղջիկը չգնա։ Անընդհատ նստում ականջին․ «Մի գնա, քեզ պե՞տք ա գյուղ․․․ գնալու ես՝ ազաբ աղջիկ, գյուղում ի՞նչ ես անելու։ Ինժեներ դարձիր իմ ու մամայիդ պես»։

Մամաս շատ լոյալ կնիկ ա, ծնողի ասածը սուրբ օրենք ա իրա համար։

Բունտար չի եղել։

Բունտար մորքուրս էր եղել։ Մորքուրիս ասել են․ «Ինժեներ դարձիր, իրավաբան․․․»։ Դեմից ասել էր․ «Ուզում եմ բժիշկ լինեմ»։ Ասել են․ «Այ կնիկ, փող չունենք էդքան»։ Բժշկականում սովետի վախտ էլ, հիմա էլ հոր գներ են և պլյուս՝ կաշառք։

Մի ձև համոզում  են, որ անասնաբույժը մոտ ա բժշկությանը ու տեղավորում անասնաբույժ սովորելու։ Տենց քիմիա-միմիա սովորում, գնում անասնաբույժ ա դառնում, աշխատում։

Ամուսնու հետ էլ հենց թռչնաբուծարանում ա ծանոթանում՝ Լուսակերտ։

Իսկ մաման․․․ ասում են՝ ինժեներ պիտի դառնաս, գլուխը կախ գնում ա։ Մաթեմից ինքը գազան ա։ Բարձրագույն մաթեմատիկան մինչև հիմա չրթում ա։

***

Տատիկիս կերպարն իմ համար մի տեսակ սենց բախում ա՝ հա՛մ գերժամանակակից գաղափարների, որը հիմա էլ են իմ համար ավելի պրոգրեսիվ, քան ես եմ իրա տարիքում․․․ Եվ հակառակը՝ նենց բաներ, որոնք հակասում են իրա էդ գերպրոգրեսիվ գաղափարին։

Քո երեխեքն ուզում են իրանց կյանքով գնան, դու էդքան խորհուրդներ ես բոլորին տալիս, հեռատես կնիկ ես, խի՞ չես քո էրեխեքին էլ ազատ թողնում։

Օրինակ, մեկը կար, ով սիրահարված էր տարիքով մի քիչ մեծ մարդու։ Էդ կնիկն էլ ազատ կնիկ էր․ ոչ ամուսնացած, ոչ մի բան։ Իսկ էդ մարդը բաժանված էր ու տարիքով մեծ, արդեն էրեխեք ուներ։ Ամբողջ բաժինը քննադատում էր էդ կնոջը, թե հերիք չի՝ քեզանից մեծ ա, մի հատ էլ էրեխեք ունի, ինչի՞ ես իրան ուզում։ Ինքն էլ գժի պես սիրահարված էր․ անընդհատ լաց էր լինում։

Մի օր տատիկս իրան կանչում ա, ասում․ «Կարա՞ս բացատրես՝ խի՞ ես լաց լինում»։ Էդ աղջիկն էլ պատմում ա, որ էդ մարդն իրան սիրում ա, բայց սրտի խնդիր ունի ու անբուժելի ա, շուտով մահանալու ա, շատ կարճ կյանք ունի՝ մի երկու տարի, ու դա հաստատ ա։

Դրա համար տատիս ասում ա․ «Եթե էդ մարդուն սիրում ես, ուրիշի հետ կյանքդ չես պատկերացնում, դու էլ ջահել չես, էրեխա ունեցեք։ Դու էլ էդ մարդու մասնիկը կունենաս քո համար»։ Ինքն էլ հա ասում էր՝ էրեխա եմ ուզում իրանից։ Հղիանում ա էդ մարդուց, մարդը մահանում ա, բայց հիմա էրեխեն կա․․․ Կնոջը ճանաչում եմ․ եթե էրեխեն չլիներ՝ էդ կինը չգիտեմ՝ ոնց պիտի լիներ։ Մենակ ու շատ տխուր։ Մի քիչ էլ տարօրինակ կին ա էլի․ կլասիկ երաժշտության վրա տարած, հաստատ էլ ոչ մեկի հետ չէր լինելու։

Նույնը բռնության թեման։

Տատիկիս հարազատ քրոջ ամուսինն իրան ծեծում էր։ Էն գլխից տատիկս քրոջն ասել էր․ «Շատ ջահել ես ամուսնանում, պետք չի, էդ ո՞ւմ հետ ես ամուսնանում․ ո՛չ կրթված ա, ո՛չ էլ ինտելեկտով մարդ ա, մի՛ ամուսնացի։ Ոչ էլ գժի պես սիրում ես, որ ասես՝ հանուն սիրո ամուսնացի»։

Էն վախտ էն էր գաղափարը, որ աղջիկը 25 ա հեսա դառնում՝ ուշ ա․․․ տենց ինքը ամուսնանում ա, էրեխա ունենում և ամուսինն իրան սկսում ա ծեծել նենց, ոնց որ տատիս կանխագուշակել էր։

Հետո տատիս գնում, հարցերը ինքնուրույն լուծում ա, որովհետև էդքան էդ կնոջն ասում էր․ «Էրեխեքիդ վերցրու, գնա․․․»։ Իսկ Սովետի ժամանակ դա չլսված բան էր․ ինքը իրա էրեխեքին չէր վերցնում, գնում։ Տատիկս ասում էր․ «Եթե ինքնասիրություն ունես ու հանուն էրեխեքիդ՝ վեր կաց ու գնա»։ Էդ կինն էլ ասում էր․ «Չէ, ո՞նց կլինի․․․ մեր սաղ ընտանիքի անունը կընկնի»։

Տատիկս էլ, տես՝ իրա խորիմաստ միտքը, ասում ա․ «Եթե ինչ-որ բանից խոսում են, խոսում են ոչ միշտ․ մի օր կխոսան, երկու օր կխոսան, երրորդ օրը ուրիշ բան են արդեն խոսում։ Ոչ մեկը սաղ կյանք քեզնից չի խոսալու․․․»։

Տենց, քույրը էշ-էշ չէր լսել, և մի գեղեցիկ օր, երբ տանն էր էղել, մարդը, ով խմում էլ էր, հարբած եկել էր տուն ու սկսել տատիկիս աչքի առաջ տատիկիս քրոջը ծեծել։ Տատիս արդեն չի դիմանում․ կնիկ հալով բռնում ա նենց հրում, որ խփում ա սերվանտին։ Սերվանտը ջարդվում ա էդ մարդու վրա, մարդը ուշաթափվում, ընկնում ա։ Տատիկս ասում ա․ «Վեշերդ ու էրեխեքին հավաքի, գնում ենք»։ Իսկ քույրն ասում ա․ «Ոչ, ես չեմ գալիս, դու խի՞ տենց բան արեցիր»։ Թռնում ա ամուսնու կողմ, անունն ա տալիս, կանչում, բան։

Էդ առաջին ու վերջին դեպքն էր, երբ տատիկս մտել էր էդ տուն։ Հասկանում էր, որ էդ բռնության հետ ոչինչ չի կարա անի, ու քրոջն էդքան ասեց, քույրն էլ չլսեց․․․ Երևի, մի 25 տարի տատիկս իրա հալալ քրոջ հետ չէր խոսում դրա պատճառով։ Ու երբ արդեն հիվանդանոցում ա լինում, պապիկիս կանչում, ասում ա․ «Չթողնե՛ս՝ իմ թաղմանը գա, որովհետև ես իրան չեմ ներում իրա արածի համար։ Հա՛մ էրեխեքի կյանքն ա քայքայել, հա՛մ իրա»։

Տատիկիս թաղման օրը էդ կինը մեքենայով գալիս ա, պապիկս ասում ա, որ իրա վերջին ցանկությունն էր էղել, որ քույրը չբարձրանա, թաղմանը չլինի։ Մեքենան մի քիչ սպասում ա ու քշում, գնում։

Տատիկիցս բավական երկար ապրեց, չնայած նրան, որ մեծ քույրն էր․ 2000-ականներին մահացավ։ Երկու աղջիկները 70-անց են․ մամաս ու մորքուրս կապը վերականգնել էին, խոսում են էդ հարցերի շուրջ․․․ Նենց հուզումնալից լացով էին դիմավորել մամայիս ու մորքուրիս․․․

Էրեխեքը հիշում են ու ատում իրանց հորը։ Հերը վաղուց մահացել էր, բայց․․․ Ո՞նց սիրես տենց մարդուն։

***

Տատիկս շատ ակտիվ քաղաքական թեմաների մասնակից էր եղել։ Նաև՝ ատենակալ․ քրեական, քաղաքացիական գործերը բերում էր տուն, նայում։ Ու լրիվ կամավոր։ Պլյուս՝ Բրեժնևի բոլոր ճառերը վերլուծած ուներ: Մարքս անգիր գիտեր։

Միշտ ասում էր, որ Սովետի հավասարության գաղափարը սխալ ա մեկնաբանված․ չի՛ կարելի՝ շորերը նույնը, ուտելիքը նույնը, ամեն ինչը նույնը․․․ չես կարա նույնացնես։ Հավասար չի նշանակում նույնը։ Նշանակում ա հավասար։

***

Իսկ այ պապիկիս տեսել եմ, հետը ապրել եմ երկար տարիներ։ Ինքը ոնց որ իմ պապան լիներ։ Երիտասարդ ժամանակ ինքը ավելի ռադիկալ ասեմ, ադաթավոր ասեմ, տենց էր։ Բայց ամբողջ ընտանիքի հետ կապված որոշումներն ամեն դեպքում տատիկս էր ընդունում։ Տատիկին հարցնում էին․ «Կլինի՞՝ դուրս գանք»։ Տատիկն ասում էր․ «Հա, կլինի, բայց մի հատ պապային հարցրեք»։ Հարցնում էին, պապիկն էլ ասում էր․ «Մաման ի՞նչ ասեց»։

«Ասեց՝ հա»։

«Հա, գնացեք, թույլ եմ տալիս»։

***

Երբ տատիկս մահանում ա, մաման շատ ծանր ա տանում, սկսում ա ծխել։

տատիս ու մամաս

80 թվին գործի էր ընդունվել, 90-ին Սովետը քիչ-քիչ փլվում էր․ մամաս արդեն իրա մամային կորցրած ա լինում ու ինձնով հղի, երբ մոտը երկրորդ շունչը բացվեց։ Ասել էր․ «Երկիրը փլվում ա, վերափոխվում ա, վերածնվում, ե՛ս էլ պետք ա վերափոխվեմ, վերածնվեմ»։

Գնում ա և իրա երազանքի մասնագիտությունն ա սովորում՝ մանկավարժություն, ու ընդունվում ա Բլեյանի դպրոցին կից ինչ-որ մի հաստատություն՝ տարրական դասարաններում մաթեմ ու հայոց լեզու դասավանդելու, դիպլոմը ստանում ու նույն Բլեյանի դպրոցում աշխատանքի ընդունվում։ Ու ինձ էդ ընթացքում ունենում․․․ դա ի՛նչ բան ա, էլի, դու հասկանո՞ւմ ես։

Հետո 90-ականներն են գալիս։ Մաման դպրոցի դասերից բացի, նաև գրվում ա՝ Սոցապ նախարարությունում Փարոս կար, որ անապահով ընտանիքներին նպաստ բաժանի, տենց փող աշխատի։

Մամայի ֆեմինիստական գաղափարները էդտեղ են ի հայտ գալիս, երբ ինքը տեսնում ա՝ ինչ վիճակում են էդ ընտանիքները։ Էն որ ասում ա՝ աղքատության դեմքը կանայք են, մաման բառացիորեն տեսնում ա էդ բոլոր դեմքերը։ Բոլորի ամուսինները կա՛մ չկան, կա՛մ Ռուսաստան են, կա՛մ մահացել են պատերազմում, ու 90-ականներին վառ արտահայտվել էր, որ ամբողջը կանանց ուսերին էր։

Հետո դուրս էկավ, որովհետև էլ չէր դիմանում էդ անարդարությանը, նպաստի չնչին փողերը․․․ հետո իրանք ինչ-որ գնահատումներ էին անում․ պիտի մտնեին տուն, իմանային՝ հեռուատացույց ունե՞ն, թե՞ չունեն, միավորներով գնահատեին․․․ Եթե հեռուստացույց ունես, մի միավոր հանում են, եթե չունես, մի միավոր ավելացնում են։

Էն վախտ, երբ մաման ընդունվել էր աշխատանքի, 30 դրամ էր աշխատավարձը․ դե, բրինձը, բան, մի դրամ երկու լումա էր․․․ Էդ խեղճ մարդկանց էլ իրանց տվածը մի 10-20 դրամ էր․ հազիվ մի կիլո մի բան էին առնում ու նստում։

պատրաստեցին ալլա մանվելյանն ու լուսինե թալալյանը

Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրոդ պատմությունն՝ այստեղ
Հինգերորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝ այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ
Իններորդ զրույցն՝ այստեղ