Home / Հայաստան / Իմ սերն ուրիշ տեղ էր եղել

Իմ սերն ուրիշ տեղ էր եղել

Այս զրույցը շարքի մի մաս է և փորձ՝ մեզ հանդիպած մարդկանց հետ խոսակցությունները կամ նրանց և մեր պատմությունները հանրային դարձնել՝ առանձնացնելով դրանցից հատվածներ, որոնք սովորաբար դուրս չեն գալիս խոհանոցային կամ սրճարանային տարածքներից։

իլյուստրացիա՝ լուսինե թալալյանի

Զրույց իններորդ

Լուսինե

– Լուս, ատամներդ սարքեցի՞ր։

– Կիսով չափ։ Կերամիկան դրել եմ, հիմա գնում եմ էն մյուս մասը հարմարացնեմ:

Էստեղ օրավարձով եմ աշխատում, մյուս տեղը ամսով ա: Ես չեմ նեղվում ոչ մի աշխատանքից: Էնքան որ ձեռքս մեկնած չի: Մատենադարանում էլ կրճատումներ են, տեղ չկա: Հետո՝ էրեխեքի հետ կարամ աշխատեմ, բայց լրիվ ատամնաշարս լինի` նոր:

Իմ չորս երեխեքը դառան նկարիչ․ ուսանողներս՝ Նարեկացի կենտրոնից որ գալիս էին իմ մոտ:

Զոհվեցին:

Անիմաստ, անիմաստ:

2006 թիվն էր՝ հրավիրեցին, Շուշի գնացի: Արվեստի դպրոց ունեին, ես էլ ավագ մասնագետ էի: Սկսեցինք՝ արվեստի դպրոցը դարձավ իսկական դպրոց: Մի լավ տղա կար, ասեցի՝ իրան դրեք տնօրեն: Հեծանվորդ էր։ Ու շատ նպատակասլաց․ ինչ ուզոմ էր՝ հասնում էր իր նպատակին:

Մի օր էլ քայլում եմ, մի տղու տեսա, հարցրեցի. «Պարո՞ղ ես», ասեց. «Հա, ի՞նչ իմացար»։ Ասում եմ. «Քայլվածքիցդ»։ Թե բա՝ «Գաջ քսող եմ»։ «Ի՞նչ գաջ քսող։ Արի մեր կենտրոն, գաջ քսելը ո՞րս ա»։ «Բա կընդունե՞ն»։ Ասի․ «Հա, արի»։ Հետո իմացա՝ Սիսիանի պարի դպրոցում էր աշխատում, պարի խումբ էր ստեղծել, գնում էին դուրս ելույթներով:

Շուշի գրադարանն էլ ոնց որ հորս տունը լիներ: Աղջիկներն էլ շատ լավն էին: Ցուրտ՝ կծկված մտել էի գրադարան, դե, ես էլ չեմ կարա առանց գրքի, մինչև էստեղի գրքերը ուղարկեին՝ ես կարդայի․․․ գնացի, տենամ՝ գրադարանը քռչոտ-մռչոտ գրադարան ա։ Դե, առաջին պատերազմից հետո ի՞նչ պետք ա լիներ: Էտ աղջիկներն էլ վառարանի մոտ նստած։ Ու զգում եմ, որ լավ մարդիկ են: Հետները սկսեցի շփվել, իրանց նկարել:

Իմ ամենասիրած գիրքը «Փոքրիկ իշխանն» ա։ Հիմա էլ թոռս ա ուշագնաց լինում էտ գրքի համար: Ես էլ իրան փոքրիկ իշխանիկ եմ ասում: Իմ ծնունդին էլ տորթ էին պատվիրել, մորը ասել էր․ «Կգրես «Փոքրիկ իշխանիկի կողմից»: Իմ կյանքի ուղեկիցն ա եղել էտ հեքիաթը, Ռեմարկի «Հաղթական կամարը»․․․ Ռեմարկը իմ համար սեղանի գիրք էր:

Հաճելի ընտանեկան մթնոլորտում եմ մեծացել՝ սիրով լեցուն: Շատ լավ մանկություն եմ ունեցել: Հայրս ու մայրս շատ սիրով ամուսիններ էին: Մենք էլ երեք երեխա՝ շատ հանգիստ։ Եթե մեկը դուռը բացեր, մտներ տուն, չէր ասի՝ երեխաներ կային:

Մաման բժիշկ էր, պապան աշխեկ՝ պրառաբ․․․ այ տենց շատ հետաքրքիր ընտանիք:

Մեծ գերդաստանի թոռ եմ եղել՝ պոլսահայերի: Շաբաթ-կիրակի պապիենց տանն էինք հավաքվում՝ մեծ օվալաձև սեղանի շուրջ: Իրանց պատմություններն էին պատմում, կողքից էլ երաժշտություն լսում: Պապս դարբին էր ու ջութակահար:

Էն, ինչ սովորել եմ, մանկությունից ա եղել: Տատիկից եմ շատ բան սովորել՝ ճաշ սարքել․․․: Մեկ-մեկ հանդիպում են խոհարարական գրքեր կամ հաղորդումներ, որտեղ  իրանց տատիկների սարքած ռեցեպտներով են պատրաստում, ասում եմ․ «Մենակ ես չեմ տատիկից սովորել»: Տատիս շատ համով ձեռք ուներ: Առավոտից երեկո խոհանոցում էր՝ տարբեր-տարբեր բաներ էր սարքում, համով-հոտով, հոտը աշխարհ էր բռնում: Ով մտնում էր, ասում էր՝ «վայ, Լյուսյա տատին էլի բան ա սարքել»։ Հյուրասեր ժողովուրդ էր:

Արևելյան ճաշատեսակներ էր սարքում հիմնականում․ իմամբայալդի, թասքաբաբ, սալաթներ, ոսպով կարկանդակներ՝ բուքմե անունով, թուլումբա՝ էփած խմորով ձեթի մեջ: Վերջում էլ վրան քաղցր հյութ լցրած: Շատ համով, շատ անուշ խմորեղեն է, մանթի, թաթարբորակի, բաստուրմա, սուջուխ․․․

Էտ ամեն ինչի մեջ մենք թաթախվում էինք: Դե, տատիս թրքախոս էր, ես էլ էի սկսել հասկանալ: Ով գալիս էր տուն, տատս ասում էր․ «Իրա մոտ թուրքերեն չխոսաք՝ հասկանում ա»։

15 թվին փախել էին Սալոնիկ Էրզրումից ու Աֆինգայից, հետո եկել էին Պոլիս ու Պոլսից՝ Հայաստան, 46-ին: Իրանց տունը, հարստությունը թողել, եկել էին:

Տատիս քույրը լավ նկարչուհի էր: Էտ Անիկ քույրիկը մատիտով գծանկարել էր իրանց տունը, մեծ՝ երկու հարկանի, սաղ մանրամասներով: Իրա մանկական հիշողությունները տենց մնացել էին, չէին ջնջվել: Պապիկը վաճառական ա եղել․ էն մեծ բարդաններն էր նկարել, դոշաբի առևտրով էին զբաղված եղել: Տարիներ հետո՝ 68 թվին, նոր բացել էին ճանապարհը, պապիկին ու քրոջը թողել էին՝ գնան Թուրքիա: Էրզրումի տունը չկար: Քանդել, Ամերիկյան բանկի շենք էին կառուցել տան տեղը:

Անիկը շատ լավ կարում էր ու ասեղնագործում: Գյումրիում էին ապրում: Ասեղով նկարում էր: Երկրաշարժի ժամանակ իրանց տունը փլվել էր ու ոչ մի բան չէր մնացել: Լավ ա՝ էտ տատիկը շուտ էր մահացել ու ճիշտ ա՝ իր ընտանիքից ոչ-ոք չմահացավ երկրաշարժի ժամանակ, բայց ոչինչ չմնաց իր աշխատանքներից: Հետո իր երեխաներն էլ կամաց-կամաց տարիքները առան ու մահացան, թոռներն էլ դուրս են գնացել, էլ կապ չկա․ ամեն մեկը մի տեղ գնաց ու տենց:

Տատուս քույրը ոչ մի տեղ չի սովորել նկարչություն․ ինքը իրանով էր նկարում: Դե, ես էլ սովորել եմ, նկարչականն ավարտել: Մինչև էտ աշխատում էի ռեստավրատոր: Ռեստավրատորների հետ էի հետո․․․ 85-ին ընդունվեցի, բայց էստեղ դասատուներիցս ոչ-ոք գաղտնիքը չէր ասում․ պետք ա նայես՝ սովորես:  Հիմնականում ավետարաններ, ժամագրքեր էի ռեստավրացիա անում:

Հետո գնացի Լենինգրադ, սկսեցի պալետով զբաղվել: Մի ռուս նկարիչ կար, ինքը փայտի վրա լավ գործ էր անում: Դե, տեսավ՝ լավ ձեռք ունեմ, ասեց․ «Դու իմ աշակերտն ես»։ Հլը չգիտեր՝ ով եմ, ինչ եմ: Ասի․ «Հա, ինչի՞ չէ, հո պարապ-սարապ չեմ նստելու»։

Սկսեցի մատրյոշկեք նկարել, հետո՝ զարդատուփեր, դա էլ շատ նուրբ գործ ա, կոչվում ա պալեխ: Շատ հետաքրքիր ա սև ֆոնի վրա․․․ Հետո ասեց․ «Ֆարֆորի վրա Պոդոլսկի գործարանում կաշխատես»։ Ասեցի՝ չէ: Ամեն ինչ մանրամասն ինձ սովորացրեց, շատ լավ դասատու էր․ գաղտնիք բան չէր պահում, սաղ ասում էր:

Էստեղի նման չի, որ ասում են․ «Կտենաս՝ կսովորես»։ Այ աննորմալ, կարո՞ղ ա ես չեմ հասկանում: Եթե ես քիմիա չիմանայի, չէի իմանա՝ ինչը ինչի հետ են խառնում: Ռեստավրատորների մեծ մասը քիմիկոս ա, վերջում նոր՝ նկարիչ :

Իրանց մոտ ուրիշ պրինցիպներ ա․․․ էն որ ասում ա՝ լավ ուսուցիչ, է՛, մի քանի այ տենց լավ ուսուցիչներ ունեցել եմ կյանքում, որոնք իրականում ցանկացել են իրանց հետքը թողնեն աշակերտի միջոցով: Մեկը, իհարկե, ասեց․ «Կանանց վրա ես հույս չեմ դնում»։ Էս ընկերն էլ․ «Չէ, ինքը շատ լուրջ ա, մի նայի իրա ասող-խոսող, ծիծաղկոտ բնավորությանը»։

Ու տենց ա՝ որ խորանում եմ գործիս մեջ, մինչև վերջ գնում եմ:

Ինձ ասում էր․ «Դու պետք ա ամեն ինչ ուսումնասիրես, ոչ միայն ձեր հայկականին կպնես»: Ու առաջին անգամ իրանից ես լսեցի, որ մենակ մենք չունենք մանրանկարչություն: Ասեց․ «Պարսիկներն էլ ունեն շատ լավ մանրանկարչություն»։

Մի անգամ գիրք էի թերթում․․․ դե, գրքեր շատ եմ սիրում: ֆրանսերեն գիրք էր, ես էլ ֆրանսերենից նի բում-բում: Ասեց․ «Էս ֆրանսիական տպագրություն ա ու ֆրանսիական մանրանկարչություն: Հետո էտ մանրանկարները ֆրեսկո են դարձել»:

Ինքը ինձ շատ բան հուշեց՝ որտեղ ինչ նայեմ:

Հետո երբ Շուշիում էի, էկա էստեղ, Մատենադարանում շատ ուսումնասիրություններ արեցի, որ երեխաների համար մատչելի մանրանկարչության պատմություն լինի: Սաղ գրքերը հանեցի, դպրոցները, ուղղությունները սաղ ուսումնասիրել էի, գիրքը խմբագրվեց ու սրբագրվեց, պետք ա գնար տպարան․․․ Ինչ-որ նախարար փոխվեց՝ գիրքը մնաց օդի մեջ, դե, հետո՝ պատերազմ:

Էտ սաղ մնաց էնտեղ․ ոչ մի բան չունեմ, էկել եմ՝ Նարեկացու գիրքը ու երեք նկար պայուսակումս: Որովհետև ոչ-ոք չէր սպասում։ Ոնց որ հաջորդ օրը պետք ա գնայի․․․ Շառլ Ազնավուրի կենտրոն կա էնտեղ, դասաժամեր էին հատկացրել: Կառավարությունից էին զանգել, թե «տիկին Չարումյան, կգնաս, էնտեղ աշխատես»։ Ես էլ ուրախացա, ասեցի՝ հա:

Կոֆե եմ խմում, մեկ էլ տենամ՝ պայթեց էտ ամեն ինչը:

Ասեցի․ «Էրեխեք, էս ի՞նչ են պայթեցնում, բա՞ն են սարքում»։ Իմ մտքով ի՞նչ կանցներ, մեկ էլ ուսանողներիցս մեկը՝ ներքևն ա ապրում, բա․ «Տիկին Չարումյան, ներս գնա, բեսպիլոտնիկ ա թռնում»:

Ասում եմ․ «Այ տղա, որտե՞ղ ես դու էտ տեսնում, ես բան չեմ տեսնում»։ Դու մի ասա՝ ինքը ձենն ա լսել, ծառայած երեխա էր՝ գիտեր:

Ու սկսվեց էտ ախմախ, անիմաստ պատերազմը:

Անիմաստ, ամոթալի պատերազմ: Ներվայնանում եմ․․․ տականքները:

Ինչ ունեմ, ինչ արել եմ՝ սաղ մնաց էտ ախմախներին: Ոնց որ պատմությունը սենց միանգամից ջնջեն՝ ոչ եղել ես, ոչ էլ: Աբսուրդի հասնող բան ա: Ցնցում ես ապրում, բայց դե: էնքան ձգվեցի, ձգվեցի, որ չգժվեմ: Ու մենակ իմը չէ՝ բոլորի ապրած տարիները ոնց որ ջնջես:

Եկել էի՝ անձնագիրս փոխեի, հետ գնայի: Ասի՝ մի երեք օրվա պատմություն ա, էն էլ՝ առը քեզ: Բանալիով փակեցի դուռը ու տենց բանալիով էլ էկա:

Պիտերում մինչև 90 թիվն եմ մնացել ամուսնուս հետ, հետո եկա: Դե, պետք ա գայինք, բայց չէի ուզում գալ, որովհետև շատ լավ էի ինձ զգում էնտեղ: Էտ քաղաքը շատ հոգեհարազատ էր ինձ համար:

Ես չեմ սիրահարվել ամուսնուս: Մի դպրոցում նկարչության դասատու էինք: Ինքը ինձ սիրում էր, բայց ես՝ չէ: Հարգանք, բայց ոչ սեր: Մորս ուզելով ամուսնացա: Ես չէի ուզում, որովհետև շատ նախասիրություններ ունեի, հետո մտածում էի՝ էրեխեքը կարող ա ինձ խանգարեն: Նստեցնում էի գիրկս ու նկարում: Իրանք էլ փոքրուց տեսան ու հասկացան, որ մոր աշխատանքն ա դա: Իրանք էլ սկսեցին նկարել: Գալիս էին Խնկո ապոր գրադարան, ձայնագրություններ լսում, տիկնիկագործության խմբակ գնում: Իրանք հա զբաղված էին:

Օրինակ, ես իմ աղջկան երբեք չեմ ասում ամուսնանա: Մեծ մարդ ա՝ ինքը գիտի, ես հո իրա կյանքի տերը չեմ:

Կինոհերոսներին էի սիրահարվում: Էնքան էի ասում՝ սիրածս, սիրածս: Մի օր տղես ընկերոջ հետ շախմատ էր խաղում, մեկ էլ գոռաց․ «Մամա՛, արի, սիրա՛ծդ, սիրա՛ծդ»: Ընկերը գնաց տուն, մորը ասեց․ «Մյուս անգամ էտ Լուսիկ տյոտյաի հետ կոֆե չխմես․ ինքը խուժանի մեկն ա, լիքը սիրած ունի»:

Իմ սերը ուրիշ տեղ ա եղել:

– Գործերիցդ ոչ մի բան չունե՞ս հիմա Երևանում:

– Ոչ մի բան, ոչ մի բան: Ասի՝ մի քիչ հանգստանամ, նորից սկսեմ նկարել: Իշուկներ էի սարքում։ Աղջկաս ասում եմ՝ կարոտել եմ իշուկներիս: Հիմա չեմ կարում, բայց էս մեջիս եղածը պիտի թափեմ դուրս:

Հիմա ես ոնց որ․․․ չեմ կարա ասեմ․․․ կիսատ մարդ, չգիտես՝ կաս, չկաս: Դե, պատերազմը  ամոթալի բան ա: Ստոր, ստոր․․․

Երբ Ֆրանսիա էին հրավիրել, գնացել էինք ծովափ, հրավիրողին հարցնում եմ․ «Բա նկարիչները ո՞ւր են»։ Ասում ա․ «Մեր նկարիչները մտածում են»: Հիմա ես եմ․ դեպրեսիայի մեջ եմ՝ մտածում եմ:

պատրաստեցին ալլա մանվելյանն ու լուսինե թալալյանը

Առաջին զրույցն՝ այստեղ
Երկրորդ զրույցն՝ այստեղ
Երրորդ զրույցն՝ այստեղ
Չորրոդ պատմությունն՝ այստեղ
Հինգերորդ զրույցն՝ այստեղ
Վեցերորդ զրույցն՝այստեղ
Յոթերորդ զրույցն՝ այստեղ
Ութերորդ զրույցն՝ այստեղ