Ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում իրավիճակը ծայրահեղ ծանր է՝ կան բազմաթիվ վիրավորներ, դեղեր չկան, ջրի և սննդի պաշարները սպառվում են։
Մարիուպոլը պատերազմի առաջին իսկ օրերվանից ռուսական բանակի թիրախում էր․ շաբաթներ շարունակ այստեղ ծանր մարտեր էին ընթանում, քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։
Ապրիլի վերջին Մարիուպոլն անցել է ռուսական կողմի վերահսկողության ներքո՝ բացառությամբ «Ազովստալ» գործարանային համալիրի (~11 քառակուսի կմ), որտեղ, ուկրաինական կողմի տվյալներով, շուրջ հազար զինվորականներ կան պաշարված։ Մարիուպոլը գրավելուց հետո Վլադիմիր Պուտինը խոստացել էր, որ Ազովստալը այլևս չեն գրոհելու․ գրոհներն, այնուամենայնիվ, առ այսօր չեն դադարել։
Քաղաքացիական բնակչությանն Ազովստալի տարածքից տարհանել են միայն մայիսի սկզբին՝ ավելի քան 2 ամիս անց։ Տարբեր տվյալներով այնտեղ մինչև հարյուր մարդ է մնացել պաշարված․․․
Մարիուպոլում շուրջ 25 հազար մարդ է զոհվել, գերակշռող մասը՝ խաղաղ բնակիչներ, մայիսի 9-ին հաղորդել էին «Ազով» կամավորական զորագնդի ներկայացուցիչները։ Մարիուպոլի քաղաքապետը դեռևս ապրիլի 12-ին (մարտական գոծողությունները դեռ շարունակվում էին) հաղորդել էր ավելի քան 10 հազար զոհերի մասին։ Ստույգ թվեր առ այսօր չեն նշվում։
Մայիսի 15-ին Դմիտրի Կոզացկին՝ գործարանում պաշարված «Ազով» գնդի մարտիկներից մեկը, Current times-ի հետ զրույցում պատմել է, որ «Ազովստալի» տարածքում մոտ 600-700 վիրավոր զինծառայողներ կան, նրանցից մոտ 50-ը ծայրահեղ ծանր վիճակում են և շտապ տարհանման կարիք ունեն։
«Հստակ թիվ ասել չեմ կարող՝ այն աճում է։ Վիրավորներն ամեն օր ավելի ու ավելի են շատանում։ Մեր բժիշկների մոտ չկան նորմալ դեղեր, բուժման նորմալ միջոցներ։ Վիրավորների վիճակը օրեցօր վատանում է։ Հակաբիոտիկներ չկան, բարդացումներ ենք տեսնում վիրավորների մոտ, այն մարդկանց, ում վերջույթները անդամահատված են․․․», – ասել է Կոզացկին։
Սպառվում են նաև սննդի և ջրի պաշարները․ «Խմելու ջուրը, ցավոք, վերջացել է։ Տեխնիկական ջուր ենք օգտագործում, փորձում ենք այն եռացնել։ Ջուր ու սնունդ, կարծում եմ, մնացել է ևս 5 օրվա, հնարավոր է մեկ շաբաթվա»։ Ազովստալում պաշարվածները օրը մեկ անգամ են ուտում և խմում են մեկ կամ երկու բաժակ տեխնիկական ջուր։
Զինվորականի խոսքերով, ռուսական զորքերն արդեն մտնում են գործարանի տարածք․ գրոհները ուղեկցվում են ծանր հրետանու, տանկերի և օդուժի աջակցությամբ։
Conflict Intelligence Team-ի անդամ Ռուսլան Լևիևտը նախօրեին գրել էր, որ «Ազովստալի» վրա հրկիզող ռումբեր են գցում։
По Азовстали применили зажигательные снаряды (РСЗО пускает снаряды, на подлёте к цели они выпускают зажигательные элементы, это не фосфорные бомбы если что) https://t.co/ipIh1C1XiD
— Ruslan Leviev (@RuslanLeviev) May 15, 2022
Նույն օրը Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշենկոն հայտարարել էր, որ ռուսական զորքերը «Ազովստալը» ռմբակոծելիս առաջին անգամ «հրկիզող կամ ֆոսֆորային ռումբեր» են գործածել։
Կոզացկին ուղղել է նրան՝ առաջին անգամը չէր․ «Մենք մինչ այդ արդեն ականատես ենք եղել տվյալ ռազմամթերքի գործածման դեպքերի, անգամ գործարանի տարածքով անցնելիս կարելի է դրանցից մնացող հետքերը տեսնել»։
Չնայած իրավիճակի ծանրությանը, իրենք դեռ հավատում են դիվանագիտական լուծում գտնելու հնարավորությանը, ասել է «Ազովի» զինվորականը։ Ազովստալում պաշարվածները, ըստ նրա, դեռ հույս ունեն, որ ուկրաինական իշխանություններին կհաջողվի իրենց տարհանման շուրջ որևէ պայմանավորվածության հասնել։
«Ազով»-ականներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանձնվելու մտադրություն չունեն․ գործարանի տարածքը նրանք պատրաստ են լքել միայն սեփական զենքերով և պայմանով, որ տարհանման շուրջ պայմանավորվածությունը կերաշխավորվի երրորդ երկրի կողմից։
Ուկրաինան փորձում է կազմակերպել զինվորականների տարհանումը գործարանից․ առաջարկվում է նրանց տեղափոխել երրորդ երկիր՝ պայմանով, որ զինվորները մինչև պատերազմի ավարտը Ուկրաինա չեն վերադառնա։ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է երաշխավորել տարհանման այս տարբերակը։
Ռուսաստանը, սակայն, պնդում է, որ ուկրաինացի զինվորականները պետք է գերի հանձնվեն։ Մինչ այս բանակցվում էր նաև ռուսական ռազմագերիներին «Ազովստալի» ծանր վիրավորների հետ փոխանակելու տարբերակը։
Ռուսաստանի ՊՆ֊ն այսօր հայտարարել է, որ վիրավորներին «Ազովստալից» Նովոազովսկ քաղաք (Դոնեցկի մարզ, ԴԺՀ տարածք) տեղափոխելու շուրջ ուկրաինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել։