Լիտվայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով Ուկրաինայի վրա ռուսական ռազմական հարձակումը ճանաչվել է որպես ցեղասպանություն, իսկ Ռուսաստանը՝ ահաբեկչությանն աջակցող երկիր։
Լիտվայի խորհրդարանի անդամները կոչ են արել Ռուսաստանում ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին քրեական հետապնդման ենթարկելու համար միջազգային դատարան ստեղծել։
«Լիտվայի Հանրապետության Սեյմը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից 2022 թվականին սկսված լայնամասշտաբ հարձակումը ճանաչում է որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն», – ասված է լիտվական խորհրդարանի կայքում հրապարակված փաստաթղթի մեջ։
Ըստ դրա՝ Ռուսաստանը ահաբեկչություն իրագործող և դրան աջակցող երկիր է, ի թիվս այլի, այն պատճառով, որ ՌԴ զինված ուժերը ռմբակոծման համար որպես թիրախ՝ «դիտավորյալ և կանոնավոր կերպով» քաղաքացիական շինություններ՝ հիվանդանոցներ, ծնարաններ, դպրոցներ և մանկապարտեզներ են ընտրում։
Ռուսական բանակի հանցագործությունների թվում պատգամավորները բազմաթիվ հանցագործություններ է հիշատակում՝ մասսայական սպանություններ (այդ թվում՝ երեխաների), առևանգումներ, խոշտանգումներ, բռնաբարություններ, քաղաքացիական շինությունների ռմբակոծում, բնակեցված տարածքների շրջափակում, հումանիտար օգնություն հասցնելուն և խաղաղ բնակչության տարհանմանը խոչընդոտում, բնակչության հիմնական կարիքների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բռնազավթում կամ դիտավորյալ ոչնչացում։
Ցեղասպանության դրսևորումներից է համարվել նաև ուկրաինացի երեխաների բռնի փոխադրումը Ռուսաստանի տարածք՝ նրանց ինքնությունը ոչնչացնելու նպատակով։
Բացի այդ, Ռուսաստանն ուկրաինական թանգարաններ, պատմական հուշարձաններ, ուկրաիներեն լեզվով գրված գրքեր է ոչնչացրել և օկուպացված տարածքներում ռուսալեզու կրթություն էր ներդրել՝ «հույս ունենալով արմատախիլ անել ուկրաինացի ժողովրդի պատմամշակութային ու լեզվական առանձնահատկությունները»։
Լիտվացի պատգամավորները կոչ են արել ՄԱԿ-ին, Եվրախորհրդին, Եվրոմիությանը, ԵԱՀԿ֊ի և ՆԱՏՕ֊ի խորհրդարանական ասամբլեաներին և այլ պետությունների կառավարություններին ճանաչել Ռուսաստանի Դաշնության կողմից իրագործված ցեղասպանությունը, ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և հետաքննել դրանք դատական կարգով։ Ըստ Լիտվայի խորհրդարանի անդամների՝ այս նպատակով հատուկ միջազգային քրեական դատարան է պետք ստեղծել, որը սահմանափակված չի լինի այլ երկրների ներկայացուցիչների և ղեկավարների անձեռնմխելիությամբ և իրավունք կունենա նրանց ձերբակալելու միջազգային օրդեր տրամադրել։