Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Համայն Ռուսիո Պատրարք Կիրիլի հետ իր խոսակցության բովանդակությունը պատմելիս, «սխալ տոնայնություն» է ընտրել, հայտարարել է Մոսկովյան պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժինը։
«Նման արտահայտությունները դժվար թե նպաստեն Հռոմի Կաթոլիկ և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև կառուցողական երկխոսությանը», ֊ նշվում է հայտարարության մեջ, որտեղ ներկայացված է զրույցի վերաբերյալ ռուսական տեսակետը։
Նախօրեին Հռոմի պապը իտալական Corriere della Sera հրատարակությանը պատմել էր, որ Ուկրաինայում պատերազմի սկզբից որոշ ժամանակ անց՝ մարտի 16֊ին, շուրջ 40 րոպե Zoom-ով խոսել էր պատրիարք Կիրիլի հետ․
«Առաջին 20 րոպեի ընթացքում նա՝ թղթից կարդում էր ռուսական կողմի հարձակումն արդարացնող բոլոր պատճառները։ Ես լսեցի նրան, իսկ հետո պատասխանեցի․ «Ես այդ ամենից ոչինչ չեմ հասկանում։ Եղբայր, մենք պետական կղերականներ չենք, մենք պետք է խոսենք ոչ թե քաղաքականության, այլ Հիսուսի լեզվով։ Մենք Աստծո նույն սուրբ նախիրի հովիվներն ենք։ Այդ իսկ պատճառով մենք պետք է խաղաղության տանող ճանապարհներ փնտրենք, պետք է դադարեցնենք ռազմական գործողությունները։ Պատրիարքը չի կարող իջնել պուտինյան զոհարանի տղայի մակարդակին»։
Բացի այդ, Հռոմի պապն ասել է, որ դեռ մարտի կեսերին ցանկանում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել․ ուզում էր խնդրել դադարեցնել պատերազմը։ Սակայն Մոսկվան մինչև հիմա չի պատասխանել Վատիկանի առաջարկին։
Հունիսին Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի հանդիպում էր նախատեսվում, որը, սակայն, հետաձգվել է պատերազմի պատճառով։ Ապրիլի վերջերին իտալական Il Messaggero թերթը գրել էր, որ Հռոմի պապը երեք անգամ դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ Մարիուպոլի բնակիչներին դուրս բերելու համար մարդասիրական միջանցք կազմակերպելու խնդրանքով։ Բոլոր երեք անգամները նրան մերժել են․ Ռուսաստանը հասկացրել էր, որ խաղաղ բնակիչների համար անվտանգ ելք չի երաշխավորում։