Home / Մշակույթ / Մենք սոլիդար ենք Քավալայի, Մատերի, Էքմեքչիի, Ալթընայի, Օզերդենի, Յափըջըի, Կահրամանի և Աթալայի հետ

Մենք սոլիդար ենք Քավալայի, Մատերի, Էքմեքչիի, Ալթընայի, Օզերդենի, Յափըջըի, Կահրամանի և Աթալայի հետ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իր սոլիդարությունն է հայտնում ակնհայտ շինծու գործով ցմահ ազատազրկման դատապարտված թուրք իրավապաշտպան, բարերար Օսման Քավալային և նրա հիմնադրած Anadolu Kültür մշակութային նախագծի 7 անդամներին, որոնք դատապարտվել են 18 տարվա բանտարկության։ Կինոփառատոնի հայտարարությունը՝ ստորև.

«Երկար տարիներ Anadolu Kültür-ը եղել է «Ոսկե ծիրան»-ի մշտական գործընկերը, և այս կազմակերպության աշխատակիցները միշտ մեր ընկերներն են եղել:

Եվ մենք ցնցված ենք թուրքական դատարանի վճռից, որով Օսման Քավալան դատապարտվել է ցմահ, իսկ Anadolu Kültür-ի ևս յոթ անդամներ կամ խորհրդականներ՝ 18 տարվա ազատազրկման։

2008 թվականին մենք սկսել և հաջողությամբ զարգացրել ենք մի յուրօրինակ ծրագիր՝ Հայաստան֊Թուրքիա կինոհարթակը, որի նպատակն է երկու երկրների կինոարտադրողներին խրախուսել, որ միասին ֆիլմեր ստեղծեն։ 

Մենք հայտնում ենք մեր սոլիդարությունը Չիղդեմ Մատերի, Իգիթ Ալի Էքմեքչիի, Ալի Հաքան Ալթընայի, Մինե Օզերդենի, Մյուջելա Յափըջիի, Թայֆուն Քահրամանի և Ջան Աթալայի հետ։

Չիղդեմ Մատերը և Օսման Քավալան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լավ ընկերներն են և միշտ կունենան մեր աջակցությունը»։

____

Քավալան և նրա թիմակիցները, ի թիվս այլի, մեղադրվում են 2013 թվականին Գեզի պարկի կառուցապատման դեմ զանգվածային ցույցեր կազմակերպելու մեջ․ ոստիկանական բռնությունների և դրանց հաջորդած բախումների հետևանքով այն ժամանակ 9 ցուցարար և 2 ոստիկան էր զոհվել։ Թուրքական դատարանը Քավալային է մեղսագրել նաև 2016 թվականի այսպես կոչված հեղաշրջման փորձը․ բազմաթիվ հարցերի տեղիք տվող այս կանխված հեղաշրջումը Թուրքիայում լայնամասշտաբ քաղաքական հետապնդումների առիթ դարձավ։ Քավալան արդեն 4 տարի բանտում է, նրա և նրա գործընկներների դատավճիռը հրապարակվել է մի քանի օր առաջ՝ ապրիլի 25-ին։