Թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել իրավապաշտպան Օսման Քավալային՝ առանց ներման իրավունքի։ Եվս 7 մարդ դատապարտվել է 18 տարվա։
Քավալան , ով «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահն է, մեղադրվում էր 2013 թվականի Գեզի զբոսայգու լայնամասշտաբ ցույցերի, ինչպես նաև 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ 18 տարվա դատապարտված 7 ակտիվիստները ևս մեղադրվում են Գեզի զբոսայգու ցույցերի կազմաերպման և իրականացման մեջ։
Գործիչը բանտում էր արդեն շուրջ 4 տարի և սպասում էր իր դատավճռին։ Նրա դեմ բացված քրգործն ու տարիներ տևած դատավարությունը իրավապաշտպանին լռեցնելու փորձ են համարել թե ՄԻԵԴ-ը, որը պահանջել է նրա անհապաղ ազատ արձակումը, թե արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ ԵՄ երկրների և Միացյալ Նահանգների պետկառույցները։
Թուրքիայի նախագահը դրան արձագանքել էր Քավալային միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ կապերի մեջ մեղադրելով և սպառնալով արտաքսել արևմտյան դեսպաններին Թուրքիայից։
«Դուք ձեր երկրներում ազատ կարձակեի՞ք ահաբեկիչներին, խռովարարներին ու մարդասպաններին»։
Դատալսմանը, ըստ Bianet-ի մասնակցել է շուրջ 2000 մարդ, այդ թվում՝ Թուրքիայում հավատարմագրված մի խումբ արևմտյան դիվանագետներ։
«Մենք խստորեն մտահոգված ենք Թուրքիայում քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, քաղաքական և բիզնես առաջնորդների նկատմամբ շարունակվող դատական հետապնդումներով, այդ թվում՝ երկարատև նախնական կալանքի, ահաբեկչությանն աջակցելու չափազանց լայն հայցերի և վիրավորանքի քրեական գործերով», – ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2013 թվականին Գեզի զգոսայգու կառուցապատման դեմ ցույցերը ձնագնդու նման վերաճեցին լայնամասշտապ ակցիաների, որոնց ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների, ինչպես նաև ոստիկանական բռնության հետևանքով մահացավ 11 մարդ, որոնցից 9-ը՝ ցուցարար, իսկ երկուսը՝ ոստիկան։ Կառավարության արձագանքը ցույցերին սրեց հարաբերությունները Անկարայի և Բրյուսելի, ինչպես նաև Անկարայի և Վաշինգտոնի միջև։ 2016-ին արդեն Թուրքիայում հեղաշրջման փորձ տեղի ունեցավ երկրի զինվորական վերնախավի մի մասի կողմից, որը սակայն, ձախողվեց, և որում Էրդողանը մեղադրեց ԱՄՆ-ում ապրող ընդդիմադիր գործիչ ՖԵթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին։ Հեղաշրջման փարձն օգագործվեց նաև մի շարք ակտիվիստների, այդ թվում՝ հենց Օսման Քավալայի նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու համար։