Թուրքիայում հունվարի 22-ին ձերբակալվել է հայտնի լրագրող Սեդեֆ Քաբաշը․ ուղիղ եթերում նախագահի մասին խոսելիս նա վիրավորական ասացվածք է գործածել։ Մինչև դատը լրագրողին պատրաստվում են պահել Բաքըրքյոյ բանտում, իսկ դատավճռի արդյունքում նա կարող է ազատազրկվել 1-ից 4 տարով։ Քաբաշը հերքում է մեղադրանքը։
«Կա շատ հայտնի ասացվածք, որ թագը գլխին դնելուց հետո մարդն ավելի իմաստուն է դառնում, սակայն մենք տեսնում ենք, որ դա յդպես չէ»,- ասել է նա՝ ընդդիմության հետ կապված «Tele1» հեռուստաալիքի ուղիղ եթերում,- «Ցուլը, պալատ մտնելիս չի դառնում թագավոր՝ պալատն է վերածվում գոմի»։ Նա, այնուհետև, կրկնել է ասացվածքը իր թվիթերյան էջում։
Ստամբուլում շաբաթ օրը նրան ձերբակալել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու հոդվածով։ «Tele1»-ի խմբագիրը նշել է որ լրագրողին ասացվածքի պատճարով գիշերվա 2-ին ձերբակալելը անընդունելի է, և ուղղված է մյուս լրագրողներին, մամուլին և հասարակությանը վախի միջոցով լռեցնելուն։ «RTÜK»-ը՝ երկրում ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը հետաքննություն է սկսել՝ հեռուստաալիքում նախագահին թիրախավորող անընդունելի արտահայտություններ հնչեցնելու գործով։
Նախագահի մամուլի խոսնակը լրագրողին անվանել է անպատասխանատու, թվիթերում հայտարարելով որ նա «կոպտորեն վիրավորում է նախագահին հեռուստաալիքում որի միակ նպատակը ատելություն տարածելն է»։ Քաբաշի իրավաբանը հայտարարել է երկուշաբթի դատարանի «ապօրինի» որոշումը բողոքարկելու մասին։
2014 թվականից, երբ Ռեջեփ էրդողանը դարձել է նախագահ, նախագահին վիրավորելու հոդվածով անցկացվել է 160 169 հետաքննություն, 35 507 դատական գործ է հարուցվել և 12 881 դեպք ավարտվել է մեղադրյալի ազատազրկմամբ։