Չինաստանի ույղուր մուսուլմանական էթնիկ խմբի տասնյակ ցուցարարներ, վանկարկելով «Չինաստան, դադարեցրու՛ ցեղասպանությունը։ Չինաստան, փակի՛ր [համակենտրոնացման] ճամբարները» բողոքի ցույց են իրականացրել Ստամբուլում՝ կոչ անելով բոյկոտել հաջորդ ամիս Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը։
Ցուցարարները մեղադրում են Չինաստանի իշխանություններին մահմեդական ույղուր փոքրամասնության դեմ ցեղասպանություն իրականացնելու և խոշտանգումների մեջ։
Կիրակի օրը ցույցի մասնակիցները հավաքվել էին Թուրքիայի օլիմպիական կոմիտեի շենքի մոտ՝ ծածանելով Արևելյան Թուրքեստանի անկախության շարժման դրոշը։ Այդ խումբն, ըստ Պեկինի՝ սպառնում է Չինաստանի արևմտյան Սինցզյան շրջանի կայունությանը:
«Չինաստանը իրավունք չունի հյուրընկալելու Օլիմպիական խաղերը՝ զուգահեռ իրագործելով ույղուրների հանդեպ ամեն տեսակ խոշտանգում, դաժանություն և ցեղասպանություն»,- ասում է ցուցարարներից մեկը, ով հարազատներ ունի Չինաստանի համակենտրոնացման ճամբարներում։
Ավելի վաղ, ի նշան բողոքի, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան և Դանիան, հայտարարել էին, որ պաշտոնական պատվիրակություններ չեն ուղարկելու խաղերին։
Ենթադրվում է, որ մոտ 50․000 ույղուրներ, որոնց հետ թուրքերը էթնիկ, կրոնական և լեզվական կապեր ունեն, բնակվում են Թուրքիայում․ Կենտրոնական Ասիայից դուրս ամենամեծ ույղուրական սփյուռքը: