Home / Հայաստան / Օլիմպիական խաղերի բացմանը Վրաստանի քարտեզի վրա «մշուշը» ԱԳՆ-ն սադրանք չի համարում

Օլիմպիական խաղերի բացմանը Վրաստանի քարտեզի վրա «մշուշը» ԱԳՆ-ն սադրանք չի համարում

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն չի կարողացել բացատրել՝ ինչու է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Վրաստանի քարտեզը ցուցադրվել առանց Աբխազիայի ու Հարավային Օսիայի։ Միևնույն ժամանակ, ԱԳ նախարարը նշել է, որ դա չպետք է ընկալվի որպես սադրանք։ Այս մասին, ինչպես հայտնում է Georgia Online-ը, նախարարը հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության «Դիրքորոշում» թոք-շոուի եթերում։

«Մենք չպետք է դա դիտարկենք որպես սադրանք։ Ես, ցավոք, չեմ կարողացել նայել այդ կադրերն ու տեսնել Վրաստանի այդ քարտեզը ու չգիտեմ՝ ինչպես դա բացատրել։ Բայց եթե դուք ինձ ցույց տաք, թե ինչպիսին է այն եղել մյուս քարտեզների վրա, ես կկարողանամ պատասխանել ձեր հարցին: Հարկ է նշել, որ Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում Վրաստանի քարտեզն այնպիսին էր, ինչպես կա։ Ես անգամ լրագրողների մեկնաբանություններ եմ տեսել, ըստ որոնց՝ «Ռուսաստանը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է Փանջիկիձեն։

Georgia

Նախօրեին՝ Սոչիում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, վրաստանցի մարզիկների երթի ժամանակ Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի քարտեզի վրա պատված էին «մշուշով»։

Georgia Online-ը նշում է, որ «Պուտինի կողմից Վրաստանի համար նախապատրաստված անակնկալներից» էր նաև այն, որ բացման արարողությանը մասնակցում էին Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի նախագահները։