#No Beijing 2022-ը արշավ է՝ բոյկոտելու մյուս տարի Չինաստանում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերը։
Բոյկոտը նախաձեռնել է Միացյալ Նահանգները՝ հայտարարելով, որ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին պաշտոնական պատվիրակություն չի ուղարկելու (մարզիկներն, այնուամենայնիվ, Խաղերին կմասնակցեն)։
ԱՄՆ-ն սա ներկայացրել է որպես քայլ ընդդեմ «շարունակվող ցեղասպանության և Սինցզյանում մարդկության դեմ հանցագործությունների», Չինաստանը՝ որակել որպես «քաղաքական մանիպուլիացիա»։
Վաշինգտոնի որոշմանը ավելի ուշ միացել են նաև Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան։
«ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան օգտագործում են Օլիմպիական խաղերի հարթակը քաղաքական մանիպուլյացիաների համար», – ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վանգ Վենբինը։
ԱԳՆ-ն հայտարարել է, թե Միացյալ Նահանգները «թանկ կվճարի» իր այս որոշման համար և նախազգուշացրել հակաքայլերի մասին՝ առանց մանրամասներ հայտնելու։
«Պեկինի 2022-ի օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչ անող քաղաքական գործիչները դա անում են իրենց քաղաքական շահերի համար: Ոչ ոքի չի հետաքրքրում՝ արդյոք այդ մարդիկ կգան, թե ոչ։ Դա որևէ ազդեցություն չունի #Պեկին2022-ի հաջող անցկացման վրա», – Թվիթերում (արգելափակված է Չինաստանում) գրել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուն։
Չինական պետական լրատվամիջոցները այս օրերին պարբերաբար շեշտում են՝ Պեկինը «չէր էլ նախատեսում հրավիրել արևմտյան քաղաքական գործիչներին, որոնք «բոյկոտելու» շուրջ աղմուկ են բարձրացրել»։
Արտահայտվել է նաև Չինաստանի ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալակիր Յան Յանը։ Մարզիկը հիշեցրել է Օլիմպիական կանոնադրության, սպորտը քաղաքականացնելու և Օլիմպիական խաղերը քաղաքական նպատակների համար օգտագործելու անթույլատրելիության մասին․․․
Արևմտյան կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները և լրատվամիջոցները արդեն տարիներ շարունակ ահազանգում են Չինաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճշնումների և ցեղասպան քաղաքականության մասին։ Համաձայն այդ հաղորդումների՝ առնվազն 2 միլիոն ույղուր, ղազախ և ուզբեկ մուսուլմաններ Չինաստանում պահվում են «վերականգնողական ճամբարներում», ենթարկվում համակարգված խոշտանգումների և քաղաքական հայրենադարձության։ Տիբեթցի երեխաների շուրջ 80 տոկոսը (սկսած չորս տարեկանից) ստիպված է լինում թողնել ծնողներին և բնակություն հաստատել չինական գաղութատիրական գիշերօթիկ դպրոցներում։ Բռնի ասիմիլացման ենթարկվող մոնղոլների բողոքի ցույցերը դաժանորեն ճնշվում են։ Արևմտյան պետությունները պարբերաբար «հիշում» են այս մասին, հիմնականում՝ որպես պատրվակ․․․