Թուրքիայի արևելքում վերջին ամիսների ընթացքում ռազմական գործողություններ են ընթանում, ինչի հետևանքով մարդու իրավունքների վիճակը կտրուկ վատթարացել է։ Epress.am֊ի հետ զրույցում ստեղծված իրավիճակի մասին խոսել է հրապարակախոս, իրավագիտության պրոֆեսոր Գյունալ Քուրշունը։
Հակամարտող կողմերն են Թուրքիայի կառավարությունը և Քրդական բանվորական կուսակցությունը (PKK), որը երկրում ահաբեկչական է համարվում։ Քուրշունն ընդգծում է, որ ներկայիս դրությամբ երկու կողմերն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար և պատրաստ չեն խաղաղ բանակցությունների միջոցով լուծում գտնել։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռնապետ է, նրա կուռքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, և թող ոչ մեկին չշփոթեցնի այն, որ այսօր Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակասություններ կան։ Իրականում Էրդողանը ձգտում է այն մոդելը ստեղծել, որը Ռուսաստանում ստեղծել է Պուտինը։ Նա միտումնավոր լարեց իրավիճակը արևելքում, որպեսզի հետագայում ճնշի PKK-ին։ Վերջիններս էլ, իմ կարծիքով, իսկական ահաբեկիչներ են, ովքեր չեն ցանկանում զենքը վայր դնել, ինչից էլ շատ լավ օգտնվում է Էրդողանը։ Այսօր կողմերից և ոչ մեկը չի ցանկանում խաղաղության հասնել», ֊ ասել է Քուրշունը։
Անդրադառնալով ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP) ՝ բանախոսը նշել է, որ տեսականորեն այն կարող է համարվել PKK֊ի քաղաքական թևը, բայց գործնականում դա այդպես չէ, որովհետև HDP֊ն միատարր չէ. կուսակցությունն այսօր միավորում է բազմաթիվ գաղափարապես տարբերվող խմբերի։ Մասնավորապես, Քուրշունի խոսքով, HDP֊ի կազմում են ոչ միայն քուրդ ազգայնականներ, այլ նաև, օրինակ, իսլամիստներ, որոնք գաղափարապես պետք է մտնեին Էրդողանի ղեկավարած իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության մեջ, սակայն նրանք HDP-ի հետ են միայն այն պատճառով, որ ազգությամբ քուրդ են։
«Ստացվում է, որ HDP֊ն այս պահին ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ էթնիկ, որին միացել են նաև Թուրքիայում բնակվող ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Նրանց տեսլականը վատը չէ՝ դառնալ ամբողջ Թուրքիայի Հանրապետության խնդիրներով զբաղվող քաղաքական ուժ, որը միավորում է քաղաքական տարբեր հայացքներ ունեցող այն մարդկանց, որոնք ունակ են առաջնորդվելու ազատական գաղափարախոսությամբ։
Իրականում, սակայն, դա դեռ չի աշխատում։ Մասնավորապես, ստեղծված իրավիճակում, երբ երկրի արևելքում կառավարական ուժերը զինված պայքար են մղում PKK֊ի դեմ, HDP֊ն իրավացիորեն կոչ է անում իշխանություններին զենքը վայր դնել, սակայն նույն կոչը չի անում PKK֊ին։ Եթե HDP-ն նման քաղաքականություն վարեր, ապա կուսակցությունը թուրքական բնակչության շրջանում էլ մեծ աջակցություն կստանար։ HDP-ի տեսլականը չի աշխատում հենց քրդական զինված խմբերի պատճառով, որովհետև նրանք պատրաստ չեն զենքը վայր դնել, իսկ Էրդողանն անընդհատ այնպիսի իրավիճակ է ստեղծում, որպեսզի նրանք ցանկանան այդ զենքն օգտագործել», ֊ ասել է Քուրշունը։
Փորձագետն ընդգծել է, որ վերջին ամիսներին Թուրքիայում տեղի ունեցած պայթյունները՝ Դիարբեքիրում, Սուրուչում, Անկարայում և Ստամբուլում, էլ ավելի են խորացրել ճգնաժամը և երկրում ահաբեկչության մթնոլորտ ստեղծել։ Դեռևս մեկ ամիս առաջ PKK֊ի երիտթևի զինյալները վերահսկում էին առավելապես քրդական բնակչություն ունեցող քաղաքների և նահանգների, մասնավորապես, Ջիզրեի, Դիարբեքիրի, Մուշի, Շիրնակի զգալի հատվածներ, սակայն վերջին ամսվա ընթացքում Թուրքիայի կառավարական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել այդ նահանգներում և այժմ հիմնականում վերահսկում են իրավիճակը։
«Ակնհայտ է, որ յուրաքանչյուր պետություն, պետական համակարգ ստեղծված իրավիճակում նման կերպ կարձագանքեր։ Կարող եմ ասել, որ Էրդողանի գործողություններին ներկայումս աջակցում է Թուրքիայի բնակչության մեծ մասը․ սա Թուրքիայի նախագահի քաղաքական հաջողությունն էր, սակայն մարդու իրավունքների տեսանկյունից մենք շատ բան ենք կորցրել։ Պարետային ժամը, զենքի կիրառումը մշտապես տանում են մարդու իրավունքների ոտնահարման։ Մի օրինակ․ Ջիզրեում, որտեղ պարետային ժամ է հայտարարված, մի 60-ամյա կին ցանկացել էր հարևանի մոտ գնալ, ու տանից դուրս գալուց հետո սպանվել էր դիպուկահարի կողմից։ Նրա հարազատները մեկ շաբաթ չէին կարողանում դուրս գալ փողոց և նրա դին տուն բերել։ Երբ տանից դուրս էին գալիս, նրանց վրա սկսում էին կրակել։ Պատկերացրեք, ձեր մայրը մահացած ընկած է փողոցում և դուք չեք կարողանում մոտենալ նրան։ Սա ամենաահաբեկչական մթնոլորտն է, որ ես կարող եմ պատկերացնել։ Պատկերացրեք, թե ինչպես է վերաբերվում դրան տեղի բնակչությունը։ Եվ այս ամենը Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է լեգիտիմացնել։ Նա իր քաղաքական առաջնահերթություններն ունի, ցանկանում է Թուրքիան նախագահական պետություն դարձնել, և արդեն խոսվում է, որ կարող են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվել, որպեսզի Էրդողանի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստանա», ֊ ասել է Քուրշունը։
Կանխատեսելով իրավիճակի զարգացումը՝ իրավագետը կարծիք է հայտնել, որ գալիք 2-3 ամիսներին արևելքում ստեղծված լարված իրավիճակը կպահպանվի։ Նրա խոսքով՝ խաղաղ քրդական բնակչությունը ամբողջությամբ չի սատարում PKK-ի զինյալներին, քանի որ պատերազմական իրավիճակում չի կարողանում ապրուստի միջոց հայթհայթել։
«Դիարբեքիրի հին քաղաքում՝ Սուր թաղամասում, փակ են բոլոր խանութները․ պայթյունների, կրակոցների պատճառով մարդիկ չեն կարողանում աշխատել։ Եթե այժմ HDP֊ն նախաձեռնությամբ հանդես գար և կոչ աներ PKK֊ին զենքերը վայր դնել, ապա իրավապաշտպաններն էլ բավականաչափ հիմքեր կունենային նման կոչով դիմել կառավարությանը, անգամ ճնշում գործադրել իշխանությունների վրա։ Բայց իրականում այս պահին ես թունելի վերջում լույս չեմ տեսնում։ Նոր զարգացումների, գուցե, կարող ենք սպասել 2-3 ամիս հետո», ֊ ասել է Քուրշունը։