Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հինգ մարդու, որոնք կասկածվում են Ստամբուլի կենտրոնում տասը գերմանացու կյանք խլած ահաբեկչական պայթյունի հետ ուղիղ կապ ունենալու մեջ։ Թուրքական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հարձակումը քննարկելու նպատակով Թուրքիա ժամանած իր գերմանացի գործընկեր Թոմաս դե Մեզյերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կասկածյալներից մեկը բերման է ենթարկվել Ստամբուլում երեքշաբթի երեկոյան։ Պաշտոնյան, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել։
Ավելի ուշ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է հետաքննության շրջանակում չորս այլ մարդու ձերբակալության մասին։ Դավութօղլուն նաև ասել է, որ մահապարտ ահաբեկիչը Թուրքիա էր մտել որպես փախստական, իսկ նրա գործողությունները չէին վերահսկվում, քանի որ նա առկա չէր որևէ հսկացանկում։
«Նա վերահսկողության ենթակա անձ չէր։ Թուրքիա էր մտել որպես փախստական, որպես ապաստան փնտրող մեկը»,֊ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ ենթադրյալ ահաբեկիչը նույնականացվել է գանգի, դեմքի ու եղունգների բեկորներից։
Դավութօղլուի խոսքով՝ մահապարտը կասկածվում է ոչ միայն ԴԱԵՇ֊ի («Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման արաբերեն անվանման հապավումը) հետ կապեր ունենալու մեջ, այլև չի բացառվում, որ «որոշ ուժերի, որոնք օգտագործում է ԴԱԵՇ֊ը»։
Երեկ Թուրքիայի ոստիկանությունն հարձակման ու ԻԼԻՊ֊ի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալել է ևս 13 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի երեք քաղաքացու։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ավելի վաղ Բեռլինում հայտարարել էր, որ Ստամբուլի գլխավոր զբոսաշրջային կետերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ութ, լրջորեն վիրավորվել ինը գերմանացի։ Հունվարի 13֊ի երեկոյան, սակայն, արտգործնախարարության խոսնակը հայտնել է, որ մահացածների թիվը հասել է տասի։