Թուրքիայի հարավ֊արևելքում երկրի բանակը և ոստիկանությունը ռազմական լայնածավալ գործողություններ են սկսել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ։ Ինչպես հայտնում է Today's Zaman-ը, շաբաթ և կիրակի օրերին PKK֊ի ավելի քան 100 զինյալ է սպանվել, իսկ թուրքական զինուժը 2 կորուստ է տվել։ Վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։
Բախումները հիմնականում գրանցվել են Սիրիայի ու Իրաքի սահմանին գտնվող Շըրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի քաղաքներում, որտեղ արդեն շուրջ մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարարված։ Բախումներ են տեղի ունեցել նաև սահմանամերձ Մարդին նահանգի Նուսայբին և Դարգեչիթ քաղաքներում, ինչպես նաև Դիարբեքիրի Սուր թաղամասում։
Վերջին գործողությունները, որոնց, ըստ թուրքական ԶԼՄ֊ների հաղորդումների, ի հավելումն 10,000 ոստիկանների ներգրավված են եղել սահմանապահ զորքեր ու տանկեր, խոշորագույնն էին հուլիսին PKK֊ի ու Թուրքիայի անվտանգության ուժերի միջև զինադադարի խախտումից ի վեր։
Տարբեր քաղաքներում մարտերի հետևանքով վնասվել է շուրջ 300 տուն․ ականատեսների պնդմամբ, մինչ այժմ Ջիզրեի շենքերի ներսում կան մեծ թվով չվնասազերծված ռումբեր։ ԶԼՄ֊ների հաղորդմամբ, լարվածությունը երկրի հարվա֊արևելքում աճում է օր օրի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն բազմիցս խոստացել են շարունակել գործողությունները, «քանի դեռ նահանգը չի մաքրվել ահաբեկիչներից»։ Էրդողանի խոսքով՝ զինյալները «կոչնչացվեն իրենց խրամատներում»։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը, իր հերթին, Թուրքիայի կառավարությանը մեղադրել է հարավ֊արևելյան բնակավայրերում ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ լայնածավալ պատերազմ վարելու մեջ։
«Քաղաքներ տանկեր են ներխուժել, ներգրավված են զինված ուժերը։ Ի՞նչ հակաահաբեկչական գործողության մասին է խոսքը։ Այնտեղ իրականում պատերազմ է ընթանում։ Երբ կողմերից մեկը պարտություն կրի, պատերազմը կավարտվի։ Իրավիճակը դիտարկելով՝ [կարելի է ասել] այս պատերազմում ռազմական հաղթանակ չի կարող լինել, քանի որ Թուրքիայի կառավարությունը թիրախավորում ոչ թե PKK֊ին ու PKK֊ի զորքերին, այլ՝ քրդական համայնքին»,֊ ասել է նա։
Դեմիրթաշի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները փորձում են պատերազմն արդարացնել աշխարհի աչքերում՝ պնդելով, որ «հարավ֊արևելքը մաքրում են PKK անդամներից»։
«Հակաահաբեկչությունն ընդամենը պատրվակ է պատերազմի համար։ Ի՞նչ են անում 10,000 զինվորները, 6 գեներալներն ու 36 գնդապետները Ջիզրեում։ Վարչապետն ասում է՝ կներխուժեն բոլոր տներն ու տարածքը կմաքրեն ահաբեկիչներից։ Իսկ ո՞վ է ապրում այդ տներում՝ հասարակ քաղաքացիներ»,֊ հավելել է քրդամետ գործիչը։