ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պարտադիր պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությանը՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման կապակցությամբ: Այս նախաձեռնությունը երկրի պաշտպանական բյուջեի օրինագծի մի մասն է, որը նախատեսված է 2021 ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ին):
«Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց, ԱՄՆ նախագահը պետք է կիրառի հինգ կամ ավելի սահմանափակող միջոցներ, որոնք շարադրված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» օրենքի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, որը գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռքբերմանը», – ասվում է բյուջեի նախագծում, որն աջակցվում է օրենսդիրների կողմից:
Ակնկալվում է, որ այն շուտով կքննարկվի ԱՄՆ Սենատի կողմից: Եթե նախաձեռնությունը հաստատվի ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից, այն կուղարկվի նախագահի ստորագրությանը: Իր հերթին, Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը նախկինում քննադատել է տվյալ փաստաթղթի մի շարք կետեր և խոստացել վետո դնել օրինագծի վրա, հայտնում է ermenihaber.am-ը։