Սյուժեում, որը շատ պայմանականորեն կարելի է անվանել ղարաբաղյան, երկու չափազանցություն կա, որոնք աստիճանաբար վերածվում են միասնական առասպելի։ Առաջինն ամբողջ աշխարհակարգը Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությամբ բացատրելու սովորությունն է։ Երկրորդը, որ մասնակիորեն բխում է առաջինից, Ղարաբաղյան հարցի և Ուկրաինայի պատերազմի միջև անվիճելի կապի նկատմամբ հավատն է։ Պատկերը բավականանին աղավաղված է ստացվում, փոխարենը՝ տարածք է բացում իմպրովիզացիաների համար։
Մոսկվայից Փաշինյանը իր երկրին ու աշխարհին վստահեցրեց, որ ղարաբաղյան ամեն ինչի մասին Պուտինի հետ պայմանավորվել է։ Ինչի՞ մասին։ Մոսկովյան այցից մեկ շաբաթ առաջ նա կոչ էր արել հայկական խորհրդարանին ուշադրությամբ վերաբերվել, ինչպես ինքն ասաց, միջազգային հանրության՝ Երևանին ուղղված կոչին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնեն։ Հազիվ էր Փաշինյանը Մոսկվայից վերադարձել, երբ Իլհամ Ալիևը զգուշացրեց․ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ այդ սպառնալիքն ամենևին էլ համաչափ չէ՝ հաշվի առնելով ուժերի ներկայիս հարաբերակցությունն ու Բաքվի կողմից ուժային ճնշման փորձառությունը թե՛ Ղարաբաղի շփման գծում, թե՛ հենց հայ-արբեջանական սահմանագոտում։
Այս երեք իրադարձությունները շատ դիպուկ են գծանշում ներկայիս հաամարտության ուրվագծերն ու սկզբունքները, և ոչ մի Ուկրաինա այստեղ չկա։ Այսինքն՝ հնարավոր է, որ Բաքուն՝ ստիպելով Երևանին աշխատել խաղաղության այմանագրի շուրջ, օգտագործում է Ուկրաինայի իրադարձություններն իբրև քաղաքական ֆոն, որն ասես Ադրբեջանին ավելի մեծ տարածք է տրամադրում մանևրի համար, այդ թվում ՝ ուժային։ Բայց ռազմական սրացումներն այստեղ պատերազմից առաջ էլ կանոնավոր կերպով տեղի էին ունենում։ Հավանական է՝ Ուկրաինան կարող էին հիշատակած լինել եվրոպացի գործընկերները՝ նշաձողի իջեցման մասին Երևանի հետ զրույցում հասկացնելով, որ հիմա աշխարհը Ղարաբաղից ավելի լուրջ խնդիրներ ունի։ Բայց աշխարհն էլ Երևանին երեկ չի սկսել համոզել, որ ավելի պայմանավորունակ լինի․այնպես որ սա, կրկին, ոչ այնքան նոր, որքան լրացուցիչ փաստարկ է։
Իսկ այ Երևանի համար ուկրաինական թեզը, կարծես թե, ավելի բովանդակալից է թվում։ Ներկայիս իրավիճակում նրա համար ստեղծարարության տարածք չի երևում։ Ուժային փաստարկներ չկան։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն առանց Ղարաբաղի ճանաչելու տրամաբանությունը (ինչպես Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է ձևակերպում՝ «Ղարաբաղը տարածքի հարց չէ, այլ իրավունքների») Հայաստանի սահմաններից դուրս չեն հասկանում։ Ինչպես էլ վերաբերվեն Բաքվի նախաձեռնած ռազմական սրացումների բուն փաստին, ոչ ոք դրանք ֆորմալ տեսանկյունից չի դատապարտելու։ Հատկապես այսօր, երբ իրապես ավելի լուրջ խնդիրներ կան։
Սակայն վերադառնում ենք վերը նշված առասպելներին, ըստ որոնց՝ համաշխարհային հակամարտությունը շարունակվում է Ղարաբաղում։ Եվ եթե ինչ-որ մեկը կասկածում է, թող հետևի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին ջղաձգումներին։ Եթե Մոսկվան հաշտեցնում է Երևանին ու Բաքվին, ապա Բրյուսելը պետք է նրանց հաշտեցնի իր ձևով և ի հեճուկս Մոսկվային։
Միայն թե անգամ Մարիա Զախարովան Բրյուսելին ուղղված իր զայրացած հանդիմանության մեջ վիրավորվում է ոչ այնքան Ղարաբաղյան հարցում նրա հետ հակամարտությունից, որքան պլագիատից և Բրյուսելի կողմից մոսկովյան օրակարգի զավթումից։ Կարծես թե այդ օրակարգերը երբևէ ինչ-որ կերպ սկզբունքորեն տարբերվել են։ Ղարաբաղյան խնդրի ունիկալությունը հենց նրանում էլ կայանում էր, որ այն գրեթե միակ և վերջին խնդիրն էր, որում Ռուսաստանին և Արևմուտքին հաջողվում էր կոնսենսուս պահպանել։ Իհարկե, տարբեր պատճառներով և տարբեր մոտիվներով, բայց դրանք էլ, ի տարբերություն հետսոցիալիստական անջատողականության թեմայով այլ վարիացիաների, թշնամական տեսք չունեին։ Եվ դրա մեջ դժվար թե կարող էին որևէ բան փոխել Ուկրաինայի իրադարձությունները․ գուցե միայն այն, որ դրանք չվերապրեց Մինսկյան խումբը, բայց այն արդեն վաղուց է խոստովանել դա։
Բայց եթե ամբողջ աշխարհը Ռուսաստանի դեմ է, նշանակում է, որ Երևանը սողանցք ունի գոնե ինչ-որ խաղի համար։ Այս աշխարհը խնդրում է իջեցնել նշաձողը, և արդեն այդիպիսի տեսք ունի հենց Փաշինյանի հայտարարությունը, ով, կարծես թե, չի վախենում նույնիսկ ռիսկային ներքաղաքական բանավեճերից։ Ու Բաքուն հասկացնում է․ եթե Հայաստանը կառուցողականություն ցուցաբերի, ապա ինքն էլ կարող է վերանայել իր վստահությունն այն հարցում, որ Ղարաբաղի կարգավիճակը փակված է պատերազմում հաղթանակով, և այս կամ այն ձևով վերադառնալ դրա քննարկմանը։ Թվում է՝ բոլորը կողմ են փոխզիջմանը։
Թվում է, թե Նիկոլ Փաշինյանն իրոք, ասես պատմության վրա ծիծաղելով և բացառապես իշխանությունը պահելու համար կանի այն, ինչը քառորդ դար առաջ իր սկզբունքներից և իրականությունը հասկանալուց ելնելով չկարողացավ անել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ու թե Փաշինյանը կմիավորի մոտիվներն Արևմուտքի, որին պետք է լուծել Ղարաբաղյան խնդիրը, և Ռուսաստանի, որին միայն խաղաղությունը թույլ կտա Անկարայի հետ համատեղ ստանալ տարածաշրջանի բոլոր հիմնական սահմանների հանգույցում գտնվող որոշիչ տրանսպորտային-հաղորդակցային հաբի կառավարման փաթեթը։ Ու թե դրա համար Փաշինյանն ի կատար կածի պատմական առաքելությունը՝ ազատելու իր հայրենակիցների մի ամբողջ սերնդին կարծրատիպերից և միֆերից, այդ թվում այն մասին, որ ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնար է։
Այո, կատարելապես անհնար է՝ այսօր, երբ երկու կողմերն իրենց քաղաքական երջանկությունն այդ թեզի ամրապմնդման վրա են կառուցում։ Բայց Փաշինյանը, կարծես թե, դիմում է հրաշքի․ սկսում է պատրաստել ղարաբաղցիներին ոչ թե նախնիների սերունդների պես մեռնելու պատրաստակամության, այլ հասկանալուն, որ վաղը կարող է ավելի վատ լինել, և եթե շարունակեն համառել, գուցե իրոք ստիպված լինեն հեռանալ՝ ողբերգականորեն ու զանգվածաբար․ միայն թե արդեն ոչ թե Քելբաջարից, այլ հենց Ստեփանակերտից։ Եվ այդ ժամանակ ու՞մ կմխիթարեն կամ ու՞մ կհետաքրքրեն նոր ցեղասպանության մասին խոսակցությունները։
Բայց ոչ, կարծես թե՝ ատբոյ։ Փաշինյանը դրա համար չէ մեկնում Մոսկվա, և դրա համար չէ, որ Ալիևը ռազմատենչ կերպով նախազգուշացնում է։ Մոսկվան Արևմուտքի դեմ է, նշանակում է՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն առաջապահ ջոկատ են, իսկ շփման գիծը՝ առաջնագիծ։ Իրականում՝ սա նույնպես խաբեություն է։ Արևմուտքը դժվար թե պայքարում է այստեղ ռուս խաղաղապահներին ինչ-որ երկնագույն սաղավարտներով փոխարինելու համար։ Նախ՝ դա անող չկա, և երկրորդ, որ ավելի կարևոր է, չկա պատճառ։ Ռուսներն այստեղ ոչ ոքի, բացի Ադրբեջանից, չեն խանգարում, և վստահաբար չեն ուժեղացնում Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցությունը՝ ինչպես նորաձև է ասել։ Կրկնենք․ եթե որոշել ենք անզգույշ կասկածների դիմել, ապա սա Աբխազիան կամ Հարավային Օսիան չէ 2008-ից առաջ, ոչ էլ Մերձդնեստրը, այլ, ավելի շուտ, բրիտանական մարտական դիրքերն են Կիպրոսում։
Ուժային ճնշումը Բաքվից և քաղաքականը՝ աշխարհից, որին այսպես թե այնպես միանում է Ռուսաստանը, կոնսոլիդացվում է։ Նշաձողը պահել չի լինի։ Եվ այս հանգամանքներում Ռուսաստանի քաղաքական ներկայությունը Երևանի համար դառնում է վերջին շանս, խաղաղապահները՝ հենման կետ, իսկ համաշխարհային հակամարտությունը՝ վերջին իմպրովիզացիայի թեմա։ Ղարաբաղն, իհարկե, կարող է Ռուսաստանին անդամակցելու հերթ կանգնել Ցխինվալիից և Տիրասպոլից հետո, բայց դա տպավորվողների համար է։
Իրականում Երևանը պատրաստ է իջեցնել նշաձողը և քննարկել խաղաղության ցանկացած պայմանագիր, բայց անվերջ՝ ինչպես պահում էր իրեն ձեռնտու ստատուս-քվոն, մինչև պատերազմն այն չոչնչացրեց։ Այսինքն՝ շարունակել քննարկել այս հարցը՝ միաժամանակ Ղարաբաղի պատասխանատվությունը հանձնելով Մոսկվային, որն այլևս Երևանից թաքնվել չի կարող, քանի որ այնպիսի ժամանակներ են, որ հետ քայլի տեղ չկա։ Մոսկվան հավանաբար համաձայն է։ Այն այժմ շտապելու տեղ չունի, և այստեղ թերևս Ղարաբաղի և Ուկրաինայի կապն իսկապես նկատվում է։
Իսկ ինքը՝ Երևանը, ազատվում է ներքաղաքական ռիսկերից․ Ղարաբաղը ոչ ոք չի տալիս, հայրենիքը հուսալի ռուսական անվտանգության մեջ է։ Ճիշտ է, որքան էլ մեծանա խաղաղապահ դիրքերի թիվը, նոր էսկալացիաները, ինչպես մարտին Փառուխում տեղի ունեցածը, դրանք չեն կանխի։ Էլ չասած հենց հայ-ադրբեջանական սահմանի մասին, որտեղ խաղաղապահներ առհասարակ նախատեսված չեն։ Բաքուն ինքն իրեն չի զսպելու, ինչը մի անգամ չէ, որ ցույց է տվել։ Եվ տեղային բախումների մասշտաբները հավանաբար միայն մեծանալու են, սակայն առանց ռուսական ներկայության համար որևէ հետևանքի։ Հետևաբար Երևանը ժամանակ ձգելու տեսանկյունից այս ռիսկերն, ըստ ամենայնի, համարում է լիովին արդարացված։ Միաժամանակ՝ դրանք փաստարկ են նրանց դեմ, ովքեր մինչ այժմ Ադրբեջանի հետ խաղաղությունն ու համակեցությունը հնարավոր են համարում։
Վադիմ Դուբնով
Ռուսերեն բնագիրը՝ Эхо Кавказа-ում