Ղարաբաղի Ազգային ժողովն այսօր միաձայն հայտարարություն է ընդունել, որում անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներին։
«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջգիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։ Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։
Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին։ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։
ԵԱԿՀ Մինսկի համանախագահ երկրներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից, ջանքեր գործադրել, պահպանելու ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ», – ասված է հայտարարության մեջ։
Վարչապետի հայտարարություններին արձագանքել է նաև Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Նշաձողեր այլևս չունենք, ունեք կարմիր գծեր, արյունով ներկված կարմիր գծեր․․․Կարմիր գիծն այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա միանշանակ է», – ասել է Բաբայանը։
Այս թեմայով՝ Ժողովրդին պետք է դուրս բերել մատաղացու գառան կարգավիճակից
Բաբայանի խոսքով՝ Ղարաբաղումում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։
«Եվ այստեղ չկա որևէ, նույնիսկ քննարկման առարկա։ Այսինքն՝ Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձ բերելու է արյունահեղության, բերելու է Արցախի կործանման։ Արցախի կործանումից հետո Հայաստանի Հանրապետություն չի լինելու, ժամանակի հարց է՝ շատ կարճ․․․Այնպես չի, որ ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ է և մեզ պարտադրելու է։ Նույնիսկ եթե ամբողջ միջազգային հանրությունը մեր դեմ լինի, բայց մենք լինենք միասնական… տեսական եմ ասում, պրակտիկորեն իհարկե դա այդպես չէ։ Մենք կանգնելու ենք մինչև վերջ, մեզ համար դա ընդունելի չէ», – ասել է դիվանագետը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը, որ միջազգային հանրությունը կոչ է անում հայկական կողմին մի փոքր իջեցնել իր նշաձողը կարգավիճակի հարցում,
Հայտարարություններից զերծ չի մնացել նաև Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ում խոսքերով՝ եթե միջազգային հանրությունն Արցախն Ադրբեջանի կազմում է տեսնում, ուրեմն հայկական կողմը վատ է աշխատել, ու այդ հանրության համար պարզ չէ, որ դա նշանակելու է Արցախի հայաթափում։
«Պետք է այդ իրականությունը տեղ հասցնել, հստակ գծել այդ սահմանը, որ հնարավոր չէ ապահովել Արցախի ժողովրդի իրավունքները Ադրբեջանի կազմում՝ որևէ կարգավիճակով», – ասել է Ստեփանյանը և հավելել, որ առանց կարգավիճակի հստակեցման՝ անվտանգության մասին խոսել չի կարելի։ Օրինակը, ըստ նրա, հենց ռուս խաղաղապահներն են, որ այժմ անվտանգության երաշխավոր են, սակայն Ադրբեջանը վերջին պատերազմից հետո հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ։
«Փաստորեն ռուսական խաղաղապահ զորակազմը, որ տեղակայված է Արցախում, այդ անվտանգությունն ապահովողն է։ Եվ մենք նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում տեսել ենք, որ առանց կարգավիճակի հստակեցման և առանց հստակ մեխանիզմների ձևավորման, միայն անվտանգություն պահելով, հարցը չի լուծվում», – խոսքն ավարտել է Ղարաբաղի ՄԻՊ-ը։
Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանն էլ վերստին հաստատել է ԼՂ իշխանությունների դիրքորոշումը, որ «Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել որևէ կարգավիճակով»։
«Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով: Ի լրումն իրավական ու պատմական բավարար հիմքերի՝ վերջին 34 տարվա ցեղասպանական քաղաքականությունը հայության հանդեպ և համակարգային հայատյացությունն Ադրբեջանի կողմից լրացուցիչ հիմքեր են եզրահանգելու, որ Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով։ ԱՀ ԶՈՒ-ն Փառուխից ու Քարագլխից երբևէ կրակ չի բացել Խաչենի ջրամբարի ու Ակնայի (Աղդամի) ուղղությամբ, և եթե Ալիևն ունի հակառակն ապացուցող փաստեր, թող հրապարակի», – ասել է պետնախարարը։
Բացի այդ, Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ է հանդիպել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են իշխանությունների հնարավոր անելիքները։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Մեղավոր եմ, որ 2018-ին և 2019-ին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը․․․ Միջազգային հանրությունը մեզնից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․ Միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք»:
Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը նույն օրն ԱԽ արտահերթ նիստ էր հրավիրել։ Նախագահը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների պահանջով, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ՀՀ ԱԺ-ում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: «Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»։
Հարությունյանը, հիշեցնենք նար, ավելի վաղ հայտարարել էր, որ «Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ պահպանել ստատուս-քվոն։ Ինչպես ռուսներն են ասում՝ ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են այստեղ մնալ անժամկետ, քանի որ նրանք եկել են նաև որպես անվտանգության երաշխավոր Արցախում ապրող հայ բնակչության։ [Պետք է] շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության․ դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություն՝ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»։
Արդեն այսօրվա ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մանրամասն անդրադարձավ Ղարաբաղի կարգավիճակի և հակամարտության արգավորման թեմային, որում, ի թիվս այլի, ասել էր․ «Տպավորություն է, որ մարդիկ կան՝ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա Ղարաբաղից։ Ո՛չ։ Մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպիտի գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ապրի, ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»։