Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։
Հարությունյանի աշխատակազմի փոխանցմամբ՝ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը։
Հարությունյանը շեշտել է, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից և խոստացել կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը: Նա աշխատանքային հրատապ խորհրդակցություն է անցկացրել նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ:
Իսկ երեկ՝ ապրիլի 12-ին, Հարությունյանը գնացել էր Մարտակերտ՝ հանդիպելու շրջանի վարչակազմի պատասխանատուներին։
Դիմելով դահլիճում հավաքվածներին՝ Ղարաբաղի նախագահը շեշտել էր՝ հակամարտության գոտում փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է շնորհիվ ռուսական խաղաղապահ ուժերի․ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի մասին Ադրբեջանի առաջարկություններին՝ Հարությունյանը դրանք անընդունելի էր որակել։
«Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, պետք է այդ հարևանությունը պահենք։ Մյուս կողմից՝ ենթակայությունը․ դա հնարավոր չէ, դա անթույլատրելի է», – ասել է Ղարաբաղի նախագահը՝ շարունակելով․
«Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք՝ պահպանել ստատուս-քվոն։ Ինչպես ռուսներն են ասում՝ ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են այստեղ մնալ անժամկետ, քանի որ նրանք եկել են նաև որպես անվտանգության երաշխավոր Արցախում ապրող հայ բնակչության։
[Պետք է] շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության․ դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ-որ հարաբերություն՝ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բրյուսելյան վերջին հանդիպումից հետո խոսում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին։ Ադրբեջանը մինչ այդ 5 կետից բաղկացած սկզբունքներ է ներկայացրել․ Բաքուն, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։ Երևանն ի պատասխան դիմել է Մինսկի խմբին՝ բանակցություններ սկսելու (մինչ օրս անպատասխան) խնդրանքով, և բարձրացրել Արցախի կարգավիճակի և բնակչության անվտանգության երաշխիքների հարցը։
Ազգային ժողովի այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեղավոր եմ, որ 2018-ին և 2019-ին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը․․․ Միջազգային հանրությունը մեզնից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․ Միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք»:
Այսօր առավոտյան Ստեփանակերտում՝ Մենք ենք մեր սարերը (տատիկ-պապիկի) արձանի դիմաց անհայտ անձինք հսկայական ռուսական դրոշ էին փռել՝ Z տառի տեսքով։
Մարտի 30-ին Հարավային Օսեթիայի նախագահը հայտարարել էր, որ մասամբ ճանաչված հանրապետությունը մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ։