Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:
«Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը», – ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ «այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը»:
Լավրովն ու տենդը
Ապրիլի 8-ին, Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան բանակցություններից երկու օր անց, Արարատ Միրզոյանը մեկնել էր Մոսկվա․ ռուս գործընկերոջ հետ փակ բանակցություններին հաջորդած ասուլիսին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե այլևս չի պատկերացնում՝ ինչ ապագա կարող է ունենալ Մինսկի խմբի համանախահող եռյակը։
«Մեր այսպես կոչված ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները՝ ռուսատյաց տենդի մեջ, ձգտելով չեղարկել ամեն-ամեն ինչ, որ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով մեզ հետ չեն շփվելու», – ասել էր Լավրովը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հակադարձել էր՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը, այնուամենայնիվ՝ «միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում»։ Արարատ Միրզոյանը սա «շատ հուսադրող» էր որակել։
ՄԽ-ն հեռու է Ղարաբաղից
Երևանը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում։ Բաքուն, հակառակը, պնդում է, թե 44-օրյա պատերազմից հետո համանախագահներն այլևս անելիք չունեն («Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա», «Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ» և այլն)։
Երևանը վերջին անգամ Մինսկի խմբին է դիմել մարտի 14-ին՝ խնդրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպել։ Մինսկի խմբից պաշտոնական արձագանք մինչև օրս չի եղել:
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ղեկավարների մակարդակով հանդիպում 2020-ի նոյեմբերից հետո ընդհանրապես չի եղել, արտգործնախարարները թեև հանդիպել են, բայց կոնֆլիկտի հանգուցալուծմանը չեն անդրադարձել։ Միջնորդները մինչ օրս Ղարաբաղ այցելելու հնարավորություն չունեն։
Հետպատերազմական մեկուկես տարում տարածաշրջան այցելել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին համանախագահներ միայն․ պատվիրակությունը ոչ մի անգամ ողջ կազմով չի եկել։ Ֆրանսիայի համանախագահի այսօրվա այցին մարտի 28-ին նախորդել է նրա ռուս կոլեգայի այցը։ Տեսանելի այլ գործողություններ այս ընթացքում չեն իրականացվել։
Մեկնաբանություն Վարշավայից
«ԵԱՀԿ հիմնական նպատակն է վերականգնել Մինսկի խմբի համանախագահների համագործակցությունը։ Լեհաստանը կատարել է իր դերը՝ հնարավոր սահմաններում։ Մինչ ուկրաինական պատերազմը՝ այս տարվա փետրվարին Վարշավայում Լեհաստանի արտգործնախարարը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին։ Լեհաստանը կատարել է իր դերը, սակայն Ուկրաինայում պատերազմը փոխել է իրավիճակը», – ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։
Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ հատկապես ուկրաինական պատերազմի ֆոնին Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում դադարեցված է․ հարցին ի պատասխան լեհ դիվանագետն առաջարկել է դիմել ԵԱՀԿ կենտրոնակայան։