ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի այցից հետո Երևան է ժամանել նաև նրա ամերիկացի գործընկեր Էնդրյու Շոֆերը։ Պաշտոնյան նախ հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ապա՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, իսկ հետո նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները։
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։
Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով, ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը», – ասված է կառավարության հայտարարության մեջ։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը, իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է «հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար»։
Ամերիկացի համանախագահն, իր հերթին, ընդգծել է, որ ԱՄՆ-ն «շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին»։
Ձևաչափի ճգնաժամ
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած՝ Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ինչ ձևաչափով են ընթանալու այդ բանակցությունները՝ հայտնի չէ։
Դեռևս մարտի 14-ին Հայաստանի արտգործանախարարությունը՝ արձագանքնելով Ադրբեջանի առաջարկներին, դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խնդրելով խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպել։ Մինսկի խմբից պաշտոնական արձագանք մինչև օրս չի եղել:
Չնայած ՄԽ անգործությանը, Երևանը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է համանախագահող եռյակի շրջանակներում։ Բաքուն, հակառակը, պնդում է, թե 44-օրյա պատերազմից հետո համանախագահներն այլևս անելիք չունեն, «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա», «Մինսկի խումբ գոյություն չունի»։
Այս պնդմանը հետ համաձայն է նաև Ռուսաստանի արտգործնախարարը․ ապրիլի 8-ին Լավրովը հայտարարել է, թե այլևս չի պատկերացնում՝ ինչ ապագա կարող է ունենալ Մինսկի խմբի եռյակը։ Ըստ Լավրովի՝ ֆրասիական և ամերիկյան կողմերը «ռուսատյաց տենդի մեջ են», նրանք «չեղարկել են Մինսկի խմբի նախագահությունը» և հայտարարել, որ այդ ձևաչափով ռուսական կողմի հետ չեն շփվելու։
Հայաստանը թեև ընդունում է, որ Մինսկի խմբի հետ կապված որոշակի, այդ թվում՝ նոր բարդություններ կան, բանակցային այս ձևաչափից հույսերը դեռ չկտրում։
Հակասական հայտարարություններ
Ապրիլի 11-ին Երևան ժամանեց և Արարատ Միրզոյանի հետ հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյը։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլի, «կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»։
Այս թեմայով՝ Bonjour Մինսկի խմբից
Ապրիլի 14-ին արդեն Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց․ «Փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Հարավային Կովկասում իրավիճակը բանակցային դադարներ թույլ չի տալիս։ Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր»։
Հայատարարվեց նաև, որ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը «կշարունակի իր աշխատանքը նոր որակով»՝ որպես ՌԴ արտգործնախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի։