հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Մոսկվան իրենով է անում հայ-ադրբեջանական հաշտությունը

Մոսկվան իրենով է անում հայ-ադրբեջանական հաշտությունը

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։

«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին», – գրել է Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը։

Արտգործնախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը»։

Ձևաչափի ճգնաժամ

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած՝ Փաշինյան-Ալիև-Միշել բանակցություններից հետո Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը իրենց երկրների արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ինչ ձևաչափով են ընթանալու այդ բանակցությունները՝ հայտնի չէ։

Դեռևս մարտի 14-ին Հայաստանի արտգործանախարարությունը՝ արձագանքնելով Ադրբեջանի առաջարկներին, դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խնդրելով խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպել։ Մինսկի խմբից պաշտոնական արձագանք մինչև օրս չի եղել:

Չնայած ՄԽ անգործությանը, Երևանը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է համանախագահող եռյակի շրջանակներում։ Բաքուն, հակառակը, պնդում է, թե 44-օրյա պատերազմից հետո համանախագահներն այլևս անելիք չունեն, «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա», «Մինսկի խումբ գոյություն չունի»։

Այս պնդմանը հետ համաձայն է նաև Ռուսաստանի արտգործնախարարը․ ապրիլի 8-ին Լավրովը հայտարարել է, թե այլևս չի պատկերացնում՝ ինչ ապագա կարող է ունենալ Մինսկի խմբի եռյակը։ Ըստ Լավրովի՝ ֆրասիական և ամերիկյան կողմերը «ռուսատյաց տենդի մեջ են», նրանք «չեղարկել են Մինսկի խմբի նախագահությունը» և հայտարարել, որ այդ ձևաչափով ռուսական կողմի հետ չեն շփվելու։

Հայաստանը թեև ընդունում է, որ Մինսկի խմբի հետ կապված որոշակի, այդ թվում՝ նոր բարդություններ կան, բանակցային այս ձևաչափից հույսերը դեռ չկտրում։

Մինսկի խմբի ռուս համանախագահը «կշարունակի նոր որակով»

«Փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Հարավային Կովկասում իրավիճակը բանակցային դադարներ թույլ չի տալիս։ Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր», – նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը «կշարունակի իր աշխատանքը նոր որակով»՝ որպես ՌԴ արտգործնախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի։