հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ԱԳՆ-ի` «նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն համանման հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մտքեր են փոխանակվել նաև «ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքների շուրջ»։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։  Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ՝ համաձայն Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 7-ի նիստին, ի թիվս այլի, հայտարարել էր, որ  երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ։