Երկու օր է լրավտամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ «Երազ» այգու 7 մետրանոց զիփլայնից մարդ է ընկել և, գիտակցության չգալով, մահացել հիվանդանոցում։
Ավելի ուշ պարզվեց, որ զիփլայնից ընկածը հենց այդ զիփլայնի տնօրենն է։
Տնօրենի քույրը ֆեյսբուքում գրել էր, որ եղբայրը «մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»։
Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։ Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ գործը քննվում է 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ ազնգուշությամբ առաջացնելով տուժողի մահ)։
«Նյութերի նախապատրաստման ընթացքում [վկաներ] Սեյրան Պողոսյանի և Արտակ Տերտերևի բացատրությունների արդյունքում պարզվել է, որ զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը զիփլայնից օգտվելու կանոնները բացատրելուց հետո փորձել է օգնել ոմն Հռիփսիմեին կատարել թռիչքը, որի ընթացքում կորցրել է հավասարակշռությունը և մնացել պարանից բռնած վիճակում։
Կարճ ժամանակ անց ձեռքերը բաց է թողել և ընկել բետոնապատ փոսը, որը նախատեսված է եղել լողավազանի համար», – Epress.am-ի հետ զրույցում պարզաբանել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։