Home / Ազգային ժողով / Պակիստանում վարչապետ է ընտրվել նախկին վարչապետի եղբայրը

Պակիստանում վարչապետ է ընտրվել նախկին վարչապետի եղբայրը

Պակիստանի խորհրդարանն ապրիլի 11-ին երկրի վարչապետ է ընտրել ընդդիմադիր «Պակիստանի մուսուլմանական լիգա» կուսակցության առաջնորդ Շեհբազ Շարիֆին։ Նախօրեին երկրի օրենսդիր մարմինն անվստահություն էր հայտնել Պակիստանը գրեթե 4 տարի ղեկավարած Իմրան Խանին։ Նորընտիր կառավարությունը կարող է պահպանել իշխանությունը մինչև 2023 թվականի հոկտեմբերին անցկացվելիք հերթական խորհրդարանական ընտրությունները։ 

Ով է նոր վարչապետը

70֊ամյա Շեհբազ Շարիֆը՝ Պակիստանի նոր վարչապետը երեք անգամ վարչապետ ընտրված Նավազ Շարիֆի փոքր եղբայրն է։ Վերջինս Պակիստանում բանտարկվել էր՝ մեղադրվելով կոռուպցիայի մեջ, իսկ այժմ գտնվում է Լոնդոնում՝ բուժում ստանալու նպատակով։ 

Խանի իշխանության տարիներին կոռուպցիայի մեջ է մեղադրվել և ազատազրկվել նաև հենց նորընտիր վարչապետը, սակայն ի վերջո արդարացվել է և իր նկատմամբ հետապնդումը որակել քաղաքական։

Շեհբազ Շարիֆը, ով մինչև իր քաղաքական կարիերան զբաղվում էր կրիկետով, եղե է Պակիստանի ամենաբնակեցված մարզի՝ Փունջաբի ղեկավարը։ Նա հայտնի էր որպես «արդյունավետ և աշխատասեր» գործիչ։ 

Խանի կառավարության խնդիրներից մեկը հենց Փունջաբի ղեկավարի պաշտոնն էր։ Շարիֆին հաջորդած Ուսման Բուզդարը շատերի կողմից համարվում էր ոչ կոմպետենտ։ Խանը, սակայն, հրաժարվում էր Բուզդարի փոխարեն այլ մարդու նշանակել որպես Փունջաբի ղեկավար։ Սա էլ, ըստ որոշ վերլուծաբանների, դարձավ արդեն նախկին վարչապետի և Պակիստանի զինված ուժերի միջև խրված սեպերից մեկը։ 

Ինչպես հեռացրեցին Իմրան Խանին

Բանակի հետ Խանի հարաբերությունների սրումն, ինչպես նաև վերջինսի տնտեսական քաղաքականության առաջացրած հանրային վրդովմունքն ընդդիմադիրներն արագ կերպով օգտագործեցին՝ ապրիլի 3-ին անվստահության քվեարկության նախագիծ առաջադրելով խորհրդարանին։ Օրենսդիրի փոխխոսնակը, սակայն, արգելափակեց նախագիծը՝ պնդելով, թե այն ստեղծվել է օտարերկրյա ուժերի ազդեցության տակ։ Իմրան Խանն այնուհետև խորհրդարանը լուծարելու հրաման ստորագրեց՝ փորձելով խուսափել անվստահության քվեից։ Որպես բացատրություն՝ նա ևս հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների վրա ազդեցություն է գործադրվում օտար երկրների կողմից, ինչը դեմ է երկրի սահմանադրությանը։ 

Ընդդիմությունը դիմեց Սահմանադրական դատարան, որն էլ խորհրդարանի լուծարումը անօրինական էր համարել։ ՍԴ Որոշումից հետո Պակիստանի խորհրդարանի 342 պատգամավորից 174֊ն անվստահություն հայտնեց Խանին, և նա ստիպված եղավ լքել վարչապետի պաշտոնը։ 

Նախկին վարչապետի կուսակցության անդամները զանգվածաբար վայր են դրել մանդատները խորհրդարանում՝ հրաժարվելով մասնակցել նոր վարչապետի ընտրությանը, որն, իդեպ, անցել է անվտանգության խիստ  միջոցների կիրառմամբ։ Փակվել են անգամ դեպի խորհրդարան տանող բոլոր ճանապարները։ 

Իմրան Խանը հայտնի է Ռուսաստանի իշխանությունների հետ իր սերտ կապերով։ Փետրվարի 23֊ին՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման նախօրեին, նա անգամ ժամանել էր Մոսկվա։ 

Ըստ Խանի բազմակի հայտարարությունների, իրենից ազատվել են ուզում ԱՄՆ իշխանությունները, որոնց դուր չեն գալիս նրա բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Շարիֆների ընտանիքին Խանը որակում է որպես արքայատոհմ։ Վարչապետի պաշտոնից հեռացվելուց հետո նա պնդել է, որ Պակիստանն այժմ «ստիպված է կրկին պայքարել անկախության համար»։  Նախկին պաշտոնյան այսպիսով հղում է կատարել Պակիստանի՝ բրիտանական գաղութացման տարիներին և նորընտիր կառավարությանը, ում նա մեղադրում է Արևմուտքի դրածո լինելու մեջ։ 

Խանի հեռացումից հետո երկրի խոշոր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել։ Այդ մասին թվիթերում գրել է նաև հենց նախկին վարչապետը։ 

Որոշ վերլուծաբանների կարծիքով սա ցուցիչ է, որ Խանը շարունակում է երկրում մեծ ժողովրդականություն վայելել և հաջորդ ընտրություններին կարող է վերադառնալ  իշխանության։