Ղարաբաղի նախագահի հրամանագրով` սահմանվել են ԼՂ տարածքում ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները։
Ըստ հրամանագրի՝ ռազմական բնույթի, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկությունները, Ղարաբաղի սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվությունն և հրապարակումները, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումները կատարվում են բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունն՝ առանց խմբագրման:
Արգելվում է «Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը»։ Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Ղարաբաղի նախագահը, Ղարաբաղի համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք կարող են դա անել Ղարաբաղի նախագահի հանձնարարությամբ։
Ըստ հրամանագրի՝ պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն, իրենց լիազորությունների շրջանակներում, կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
Կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Ղարաբաղի ոստիկանությունը: Սահմանված կանոնների խախտումը ենթադրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն։
Այս հրամանագիրը, հիշեցնենք, ստորագրվել է վերջին օրերին Ղարաբաղում և դրա շուրջ տեղի ունեցող մի շարք կարևոր իրադարձությունների և հայտարարությունների ֆոնին։ Ստեփանակերտի և ԼՂ մնացյալ շրջանների գազամատակարարման պարբերական դադարներից, ինչպես նաև Փառուխ գյուղում ադրբեջանական զինուժերի ներխուժումից հետո Ղարաբաղում սահմանափակվեց հավաքների ազատությունը։
Այնուհետև Բրյուսելում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը, որից հետո՝ ապրլի 13-ին արդեն, Ալիևը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստին հայտարարեց, որ միջազգային հանրությունը Երևանին օգնել կարողանալու համար կոչ է անում «մի փոքր իջեցնել կարգավիճակի հարցում իր նշաձողը»։ Ապրիլի 14-ին Հայաստանի վարչապետը ևս մի ելույթ ունեցավ խորհրդարանում, որում, ի թվիս շատ այլ բաների, նշեց, որ իրենք «ճանապարհ են բացում Հայաստանի և Արցախի համար՝ պետականությունը պահպանելու համար»։ Ղարաբաղյան խորհրդարանն ու մի շարք պաշտոնյաներ խիստ բացասաբար արձագանքեցին Փաշինյանի հայտարարությունը և վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։