Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Ղարաբաղի կառավարության անդամներին՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Հանիպման ընթացքում Փաշինյանն ասել է, որ Ղարաբաղի իշխանություններն, «ըստ էության, նույնպես որդեգրում են խաղաղության օրակարգը»։
«Շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում են այն ճանապարհը, այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք, այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անգտանգության և իրավունքների երաշխավորումը․․․ որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ»,- ասել է Հայաստանի ղեկավարը։
Ղարաբաղի նախագահն ասել է, որ արցախահությունը ողջունում է, ընդունում է խաղաղության օրակարգը՝ «քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա»։
«Բայց մյուս կողմից էլ ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքը, որը մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, մենք շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում», – շարունակել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը, որից հետո՝ ապրլի 13-ին արդեն, Ալիևը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստին հայտարարեց, որ միջազգային հանրությունը Երևանին օգնել կարողանալու համար կոչ է անում «մի փոքր իջեցնել կարգավիճակի հարցում իր նշաձողը»։ Ապրիլի 14-ին Հայաստանի վարչապետը ևս մի ելույթ ունեցավ խորհրդարանում, որում, ի թվիս շատ այլ բաների, նշեց, որ իրենք «ճանապարհ են բացում Հայաստանի և Արցախի համար՝ պետականությունը պահպանելու համար»։ Ղարաբաղյան խորհրդարանն ու մի շարք պաշտոնյաներ խիստ բացասաբար արձագանքեցին Փաշինյանի հայտարարությունը և վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։