հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղը, ազդակներն ու առևտուրը

Ղարաբաղը, ազդակներն ու առևտուրը

Վերջին երկու օրվա ընթացքում մի շարք հայտարարություններ են հնչել Հայաստանի և Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների կայանալիք հանդիպումների, Ղարաբաղ-Ադրբեջան շփումների, ինչպես նաև Երևան-Բաքու և Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման շուրջ։

Մոտ օրերս կայանալիք հանդիպումներ

Մայիսի 2-ին Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Գրիգորյանը։ Վերջինս չի բացառել նաև, որ Բրյուսելում կարող է տեղի ունենալ նաև Փաշինյան-Ալիև հանդիպում։

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող․․․Եթե մենք կարողանանք [այդ] բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – ասել է ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը հավելել է նաև, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը գրեթե վերջնական փուլում է․

«Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին, և կսկսենք քննարկել դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը», – ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մայիսին Բրյուսելում կարող է տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն ասել, որ նման հանդիպման մասին առայժմ տեղեկություն չկա։

Այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։ Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու՝ ռուսական կողմի առաջարկին»։

Ռուսական ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, ընդ որում, Դուշանբեում կայանալիք եռակողմ հանդիպման մասին ոչինչ չկա։ Ըստ Turan.az-ի՝ Ադրբեջանի ԱԳՆ ևս դեռ չի մեկնաբանել հանդիպման մասին հայտարարությունը։

Հանդիպում է սպասվում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Մայիսի 3-ին Վիեննայում կհանդիպեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն և Սերդար Քըլըչը։

«Դրական ազդակներ»՝ Ղարաբաղից Բաքու և Երևան-Անկարա «բացվող դռներ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Ղարաբաղի հայերից» դրական ազդակներ են գալիս։ Թե կոնկրետ ում մասին է խոսքը՝ Ալիևը չի մանրամասնել։

«Հուսով ենք, որ նրանք (Ղարաբաղի հայերը -խմբ․) ևս շուտով կհասկանան, որ Ադրբեջանի քաղաքացի լինելով՝ նրանք կստանան բոլոր իրավունքներն ու ազատությունները, իսկ իրենց անվտանգությունը կապահովվի», ասել է պաշտոնյան և հավելել, որ արդեն իսկ սկսվել են «առաջին շփումները»։

Ալիևը պնդել է, որ ադրբեջանական պետության շրջանակներում ղարաբաղցի հայերը կարող են տնտեսական զարգացում ապրել, բայց «նախ անհրաժեշտ է հրաժարվել անջատողական տրամադրություններից և ընդունել իրողությունները»։

«Ղարաբաղի հայերը պիտի վերջ դնեն թշնամանքին, մեկուսացնեն անջատողականներին և կտեսնեն դրա օգուտը», – ասել է Ալիևը և հավելել, որ մոտ ժամանակներում հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պիտի վերադառնան Շուշի, Աղդամ, Լաչին ու Քելբաջար, իսկ հայերը նրանց հետ պիտի ապրեն «հարևանության մթնոլորտում»։

Ադրբեջանի ղեկավարի կարծիքով՝ 10 տարուց հարավային Կովկասի երեք երկրներն ամբողջությամբ ինտեգրված կլինեն։ Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն կարող է միջնորդի դեր ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում՝ փոխարինելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Մինսկի խմբի հետ կապված ճգնաժամի թեմայով՝ Մոսկվան իրենով է անում հայ-ադրբեջանական հաշտությունը

Հարկ է նշել, որ վերջին օրերին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և առևտրի հնարավոր մեկնարկի  մասին խոսել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, առաջիկայում խնդիրները հաղթահարվելու են Հայաստանի հետ և սկսվելու է առևտուրը․

«Տա Աստված սահմանները բացվեն և մեր բարեկամական հարաբերությունները շարունակվեն», – ասել էր թուրք նախագահը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ղարաբաղի մի շարք պաշտոնյաների՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հենց Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն ու խաղաղության օրակարգը։ Այս հանդիպումը հաջորդել է Ղարաբաղյան կարգավորման հետ կապված մի շարք իրադարձությունների։ Ապրիլի 6-ին Բրյուսելում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու ԵԽ նախագահ Շառլ Միշելը, որից հետո՝ ապրլի 13-ին արդեն, Ալիևը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստին հայտարարեց, որ միջազգային հանրությունը Երևանին օգնել կարողանալու համար կոչ է անում «մի փոքր իջեցնել կարգավիճակի հարցում իր նշաձողը»։ Ապրիլի 14-ին Հայաստանի վարչապետը ևս մի ելույթ ունեցավ խորհրդարանում, որում, ի թիվս այլի, նշեց, որ իրենք «ճանապարհ են բացում Հայաստանի և Արցախի համար՝ պետականությունը պահպանելու համար»։ Ղարաբաղյան խորհրդարանն ու մի շարք պաշտոնյաներ խիստ բացասաբար արձագանքեցին Փաշինյանի հայտարարությունը և վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։