«Դեպի տուն՝ Եվրոպա»․ Թբիլիսիում տեղի է ունեցել լայնամասշտաբ ցույց՝ ի աջակցություն Վրաստանի եվրաինտեգրման։
Երեկ տասնյակ հազարավոր մարդիկ՝ Եվրամիության ու Վրաստանի դրոշներով, «Մենք Եվրոպա ենք» պաստառներով, հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց։ Ակցիային, որը կազմակերպել էին «Ամոթ» քաղաքացիական շարժումը և մի շարք այլ քաղաքացիական կազմակերպություններ, միացել էին ընդդիմության մեծ մասը, ուսանողներ, իրավապաշտպաններ։
«Այսօր, չնայած մեր տարբերություններին և հայացքների տարբերությանը, մենք միասնական ենք նրանում, որ Վրաստանը պետք է գոյատևի և գոյատևի եվրոպական, ոչ թե ռուսական տարածքում», – հանրահավաքին հայտարարել է գրող և դրամատուրգ Լաշա Բուգաձեն:
Հետագա գործողությունների պլանը բարձրաձայնել է «Ամոթ» շարժման առաջնորդներից մեկը՝ ակտիվիստ Շոթա Դիգմելաշվիլին․
— «Դեպի տուն՝ Եվրոպա» հասարակական շարժման ստեղծում,
— Հունիսի 24-ին Թբիլիսիում նոր ակցիայի անցկացում այն բանից հետո, երբ ԵՄ-ն կհայտարարի իր վերջնական որոշումը Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ,
— Ազգային խորհրդի ստեղծում՝ նոր շարժման ղեկավար մարմին, որի կազմում կլինեն քաղաքացիական ակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, ուսանողներ, արհմիություններ,
— Համաժողովրդական շարժումը պահանջներ է ներկայացնելու իշխանությանը՝ իր բոլոր բաղկացուցիչ խմբերի կոնսենսուսի հիման վրա,
— Պահանջների չկատարումը կբերի անհնազանդության զանգվածային ակցիաների․ «Վրաստանի բոլոր շրջաններն ու քաղաքները ոտքի կկանգնեն, որպեսզի ոչ բռնի դիմադրության ալիքը քշի բոլոր նրանց, ովքեր կխանգարեն մեր երկրին՝ դեպի Եվրոպա ճանապարհին»։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ակցիան վերագրել է «ռադիկալ ընդդիմությանը»․
«Ռադիկալ ընդդիմությունն ամբողջությամբ օգտագործում է Եվրահանձնաժողովի եզրակացությունը բևեռացման համար։ Մենք դա ակնկալում էինք, դրա հետ կապված կանխատեսումներ ունեինք։ Նրանք ի սկզբանե ունեին մի պարզ սցենար՝ ակնկալիք, որ երկու երկրներ կստանան թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը՝ ոչ, և դրանից հետո պետք է սկսվեր այս խռովության սցենարը, սրա առաջին փորձը լինելու է այսօրվա գործողությունը, իսկ վերջնակետը պետք է լինի Վրաստանում իրենց ուզած պատերազմը, թեև, իհարկե, ոչ բունտի սցենարը, ոչ պատերազմը չի հաջողվի»։
Վրաստանը, ինչպես և Մոլդովան, ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում է ներկայացրել մարտի 3-ին: Ավելի վաղ՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, Կիևը նույնպես դիմել էր ԵՄ-ին։
Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունները 3 երկրների դիմումների վերաբերյալ: Այն հանձնարարական է տվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալ, իսկ Վրաստանին՝ միայն մի շարք պայմանների կատարումից հետո.
Երկրի ապաօլիգարխացում, քաղաքական բևեռացման հաղթահարում, քաղաքական կուսակցությունների համագործակցության ապահովում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ամրապնդում, դատաիրավական բարեփոխումների թափանցիկ ու արդյունավետ ռազմավարություն, ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների միջավայր, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուժեղացում։
Եվրոպացի առաջնորդները թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու են հունիսի 23-24-ը` Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին։
Վրաստանի ապագան
Շանսերը, որ Բրյուսելում ընդունված որոշումը կտարբերվի Եվրահանձանժողովի եզրակացությունից, ըստ վերլուծաբանների՝ ցածր են։ Վերջիններս նախազգուշացնում են, որ Վրաստանը կարող է մնալ «Ասոցացված եռյակի» (3 երկրների և ԵՄ միջև համագործակցության ձևաչափ) աուտսայդերի դերում և կոչ են անում անհապաղ կատարել այն 12 պայմանները, որոնց մասին խոսվում է Եվրահանձնաժողովի եզրակացության մեջ։
Միևնույն ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եզրակացությունն անվանում է «պատմական»՝ նշելով, որ նման հանձնարարականը բացառիկ իրողություն է։ Վրաստանի եվրաինտեգրման հետ կապված բոլոր ձեռքբերումները «Վրացական երազանքի» և նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վաստակն են, նշում է վարչապետը։
Մինչդեռ հենց Բիձինա Իվանիշվիլին է, ըստ իշխանությունների քննադատների, գլխավոր խոչընդոտը ոչ միայն թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմանների կատարման, այլև Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Իվանիշվիլին այժմ ոչ մի պաշտոնական քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, սակայն շատերը կարծում են, որ նա դեռ կանգնած է կառավարության առանցքային որոշումների հետևում։ Ընդդիմությունը նրան մեղադրում է երկրի միանձնյա և ոչ ֆորմալ կառավարման մեջ։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը կոչ էր արել դիտարկել Իվանիշվիլիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ մտահոգություն հայտնելով Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ նրա կործանարար դերի և կառավարության նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Իշխող կուսակցությունը համաձայն չէր այս գնահատականի հետ՝ պնդելով, որ Իվանիշվիլին գործարար և բարերար է, իսկ օլիգարխները նախկին իշխանությունների, այդ թվում՝ այժմ ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայացուցիչներ են։