Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 2-ին, Վրաստանով մեկ ընթանում էին տեղական ինքնակառավարման մարինների ընտրություններ։ Ձայների 99%-ի հաշվարկով՝ գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու «Վրացական Երազանքը» ստացել է քվեների 47%-ը, մինչդեռ Վրաստանի նախկին նախագահ (և օրերս Վրաստանում ձերբակալված) Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ Ազգային Շարժումը» ստացել է ձայների 31%-ը։ Երրորդ տեղում երկրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է՝ մոտ 8%-ով։
Այս տարվա ապրիլին, հիշեցնենք, «Վրացական Երազանքը» ԵՄ միջնորդությամբ համաձայնագիր էր ստորագրել ընդդիմության հետ, ըստ որի՝ եթե այս ընտրություններում իրենց կուսակցությունը չստանար ձայների 43%ը, 2022 թվականին Վրաստանում պիտի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային։ Ընդդիմադիր «Միացյալ Ազգային Շարժումը» համաձայնագրին միացել էր միայն սեպտեմբերին, սակայն այդ ժամանակ արդեն Ղարիբաշվիլու կուսակցությունը դուրս էր եկել համաձայնագրից, պատճառաբանելով, որ․․․ընդդիմությունը չի միացել։ «Վրացական երազանքի» 47%-ը կազատեր Ղարիբաշվիլուն արտահերթ ընտրություններ անցկացնելու հոգսից, անգամ եթե իր կուսակցությունն արդեն համաձայնագրից դուրս եկած չլիներ։
Չնայած ձայների համընդհանուր քանակով առաջատար լինելուն՝ «Վրացական երազանքը» դեռ պետք է մասնակցի ընտրությունների երկրորդ փուլին Վրաստանի հինգ մեծ քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում և Փոթիում։
Քութաիսիում և Բաթումիում առաջին տեղում են Սաակաշվիլու, իսկ Ռուսթավիում, Փոթիում և Թբիլիսիում՝ Ղարիբաշվիլու կուսակցության ներկայացուցիչները։ Սակայն նրանցից որևէ մեկին չի հաջողվել անցնել ձայների 50%-ի շեմը։
Միխեիլ Սաակաշվիլին, հիշեցնենք, ձերբակալվել էր ուրբաթ երեկոյան՝ Վրաստանում, իսկ հետո՝ ինքն իրեն քաղբանտարկյալ հռչակել և հացադուլ հայտարարել։ Ավելի վաղ նա տեսանյութ էր հրապարակել Բաթումիից, որտեղ հայտարարում էր, որ երկիրը լքելուց 8 տարի անց նա վերջապես վերադարձել է հայրենիք, ինչպես նաև կոչ անում Վրաստանի ժողովրդին ՏԻՄ ընտրություններում քվեարկել «Միացյալ Ազգային Շարժման» օգտին։
Թե ինչպես է նախկին նախագահն առհասարակ հատել Վրաստանի սահմանը, դեռևս անհստակ է։ Վրացական մամուլում, սակայն, տեղեկություններ են շրջանառվում, որ նախկին նախագահը Վրաստան է հասել միկրոավտոբուսով, որը Փոթիի նավահանգիստ է հասել, ըստ ամենայնի, Ուկրաինայից՝ նավի վրա։
Սաակաշվիլու նկատմամբ Վրաստանում 4 քրեական գործ կա բացված՝ պատգամավորի ծեծելու, բանկիրի սպանության, նախկին պաշտոնյաների ապօրինի ներում շնորհելու և այլ մեղադրանքներով։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «երբեք» ներում չի շնորհելու նախկին նախագահին։