Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ 8 տարի արտերկրում լինելուց հետո վերադարձել է Վրաստան, բայց երկրի Ներքին գործերի նախարարությունը հավաստում է՝ նախկին նախագահը սահմանը չի հատել։
Սաակաշվիլին ժամեր առաջ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ պնդելով, որ Բաթումում է, իսկ հոկտեմբերի 3-ին կլինի Թբիլիսիում։
Նախկին նախագահը կոչ է արել հոկտեմբերի 2-ին մասնակցել երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններին և քվեարկել իր «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության օգտին։
«․․․․Որևէ պարագայում չքվեարկեք ոչ Իվանիշվիլու, ոչ Գախարիայի օգտին, ովքեր խոստանում են ինձ փակել բանտում։ Ոչ է [քվեարկեք] կուսակցությունների Իվանիշվիլու կողմից ակնհայտորեն փող ստացող կուսակցությունների օգտին․․․․Հոկտեմբերի 2-ին կհաշվենք ձայները, իսկ հոկտեմբերի 3-ին պիտի լցնենք Ազատության հրապարակը։ Երբ մեր թիվը 100 000 լինի, վստահ եմ՝ ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Ես, իհարկե, կմիանամ ձեզ», – ասել է նախկին պաշտոնյան։
Վաղը Վրաստանով մեկ կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Դեռևս ապրիլին ԵՄ-ն միջնորդել էր իշխանության և ընդդիմության միջև գործարք կնքելու հարցում, ըստ որի՝ եթե «Վրացական Երազանքն» այս ՏԻՄ ընտրություններում հավաքի ավելի քիչ քան վավեր ձայների 43%-ը, ապա հաջորդ տարի պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս միջնորդության անհրաժեշտությունն ի հայտ եկավ, երբ 2020 թվականի հոկտեմերի ընտրությունների արդյունքներով խորհրդարան մտած գրեթե բոլոր ուժերը «Վրացական Երազանքին» մեղադրեցին ընտրությունների կեղծման մեջ ու որոշեցին բոյկոտել խորհրդարանական նիստերը։ Սակայն կա ևս մեկ խնդիր․ Սաակաշվիլու «Միացյալ Ազգային Շարժումը» այս գործարքին միացել է միայն սեպտեմբերին, իսկ «Վրացական Երազանքը» գործարքից դուրս էր եկել հուլիսին՝ պատճառաբանելով, որ ընդդիմությունը չի միացել դրան։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, սակայն, վստահեցնում է, որ Սաակաշվիլին սահմանը չի հատել և չի հատի։ Երկրի կառավարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել այս առիթով, իսկ այ իշխող «Վրացական Երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ Բաթումիի տեսանյութը կեղծ է, իսկ Սաակաշվիլին՝ «ծաղրածու»։
Ավելի վաղ Սաակաշվիլին խոստացել էր հոկտեմբերի 2-ին վերադառնալ Վրաստան և ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ցույց տվել Կիև-Թբիլիսի չվերթի տոմսի պատճենը։ Գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ հայտարարել էր, որ եթե նա «ոտք դնի Վրաստանի հողի վրա, ապա անմիջապես կձերբակալվի և կբանտարկվի»։
Սաակաշվիլին, հիշեցնենք, Վրաստանում քրեական հետապնդման է ենթարկվում դեռևս 2014-ից՝ իր նախագահության տարիներից առաջ բանտարկված պաշտոնյաների «ապօրինի ներում շնորհելու», «հափշտականության» և այլ մեղադրանքներով։ Վրաստանը նա լքել էր արդեն 2013-ին, իսկ երկու տարի անց՝ նաև հրաժարվել վրացական քաղաքացիությունից՝ իր քաղաքական գործունեությունը շարունակելով Ուկրաինայում։ 2018 թվականին Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլուն իր բացակայության պայմաններում դատապարտել էր 3 տարվա ազատազրկման։