Պուտին -Էրդողան հանդիպումից մեկ օր անց Անկարան և Կիևը թուրքական Bayraktar ԱԹՍ-ների սպասարկման և արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին հուշագիր են ստորագրել։ Թուրքիան և Ուկրաինան նախատեսում են նաև Բայրաքթարների համատեղ արտադրություն սկսել։
«Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ովներկա էր թուրք-ուկրաինական հուշագրի ստորագրման արարողությանը։
Ուկրաինայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, թե թուրքական դրոնների ձեռքբերումը Կիևին կօգնի զսպել «ռուսաստանյան ագրեսիան տարածաշրջանում»։ Կիևն անգամ չէր թաքցնում իր հիացմունքը Բայրաքթարների՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցադրված «արդյունավետությունից»։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով` Կիևն այս պահի դրությամբ իր զինանոցում արդեն 12 Բայրաքթար ունի, առաջիկայում պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։
Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության, «Բայրաքթար»-ների մեկ խմբաքանակը, որն իր մեջ վեց անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կետ է ընդգրկում, արժե 70 միլիոն ամերիկյան դոլար։