Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել ընդդիմության հետ կոնստրուկտիվ համագործակցություն վարելու վերաբերյալ։ Նա դիմել է ընդդիմությանը՝ կոչ անելով հաշտվել ընտրություններում պարտության հետ։
Ըստ Ղարիբաշվիլիի, եթե ընդդիմությունը ցանկանում է կատարվածի վերաբերյալ իրական բանավեճեր անցկացնել, դա պետք է անել խորհրդարանում։ Նա նաև հաջողություններ մաղթեց Ցալենջիխի քաղաքապետ Գեորգի Խարչիլավին՝ տեղային ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոն ստանձնած միակ ընդդիմադիր թեկնածուին։
Վրաստանի ընտրությունների երկու փուլերի արդյունքներով՝ բնակիչները ընտրել են քաղաքապետների և սակրեբուլոյի պատգամավորների՝ 64 մունիցիպալիտետների, որոնց թվում և հինգ ինքնավար քաղաքների ներկայացուցիչների։ Վերոնշյալներից 63-ում հաղթել են ներկայիս կառավարության կուսակցության՝ «Վրացական երազանք»֊ի ներկայացուցիչները, և միայն Ցալենջիխում՝ «Ազգային միացյալ շարժման» ներկայացուցիչ Գեորգի Խարչիլավը։
Դրա հետ մեկտեղ, այսօր ավարտվել է ընդդիմության կողմից առաջադրված վերջնաժամկետը՝ նախորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին 24 ժամվա ընթացքում բանտից հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ։ Վերջինիս գլխավորած «Ազգային միացյալ շարժման» ղեկավար Նիկա Մելիան երկուշաբթի՝ նոյեմբերի 8֊ին, լայնածավալ բողոքի ակցիային միանալու կոչ էր արել, հայտնում է «Новости-Грузия»-ն։
Միխեիլ Սաակաշվիլին ազատազրկվել է հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում՝ 2013-ից հետո առաջին անգամ Վրաստան վերադառնալուն պես, 6 տարի ժամկետով։ Նա մեղադրվում է մի շարք պաշտոնեական հանցանքներ կատարելու մեջ։
Սաակաշվիլին իրեն քաղբանտարկյալ է համարում և ազատազրկումից հետո որպես բողոք, հացադուլ էր հայտարարել։
Նրա անձնական բժիշկը, փաստաբանները և հարազատները շարունակաբար հայտնում են Սաակաշվիլի վատացող առողջության մասին և պահանջում տեղափոխել նրան քաղաքացիական բազմապրոֆիլ հիվանդանոց։ Կառավարական մարմինները համաձայն են կատարել պահանջը, միայն՝ Թբիլիսիում գտնվող բանտային հիվանդանոց։ Սրա հետ կապված Վրաստանում ցույցեր են անցկացվում Սաակաշվիլիին մասնավոր բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։