«Վրացական երազանքը» տոնում է հաղթանակը․ ԿԸՀ հաղորդմամբ՝ Վրաստանի ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում իշխող կուսակցության թեկնածուները չնչին տարբերությամբ հաղթել են 20 համայնքներից 19-ում։ Ընդդիմությունն՝ ի դեմս նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժման», հայտարարում է զանգվածային ընտրակեղծիքների մասին։ Դիտորդները ակնարկում են՝ ընտրախախտումները կարող էին ազդել արդյունքների վրա․․․
Ընդդիմությունը չի ընդունում․ արդյունքները դեռ կվիճարկվեն
Վրաստանի 20 համայնքներից 19-ում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումում հոկտեմբերի 30-ի ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է իշխող «Վրացական երազանքի» հաղթանակով։ Ընդդիմությունը՝ ի դեմս «Ազգային միացյալ շարժման», հաղթել է միայն Ցալենջիխում։
Թբիլիսիում, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է գործող քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն (55․6 տոկոս)
Ընդդիմադիրները պնդում են, որ քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային կեղծիքոներով, սպառնալիքներով, շանտաժով և ընտրակաշառքներով, ինչը որոշիչ ազդեցություն է ունեցել վերջարդյունքի վրա։
«Ազգային միացյալ շարժման» առաջնորդը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է։ Սեպտեմբերի 29-ին՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, նա վերադարձել էր Վրաստան (2013-ին երկիրը լքելուց հետո առաջին անգամ): Երկու օր անց՝ բանտարկվել։ Անցնում է մի քանի քրգործերով, այդ թվում՝ պետսահմանն ապօրինի հատելու համար։ Հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ է։
Հետընտրական բազմամարդ հանրահավաքին ելույթ էին ունենում նրա թիմակիցները։ Թբիլիսիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Նիկա Մելիան ազդարարեց «պայքարի նոր փուլի» մեկնարկը։
Նիկա Մելիա՝ Թբիլիսիի քաղաքապետի ընդդիմության թեկնածում
Ընտրությունների արդյունքներն ընդդիմադիրները չեն ճանաչում: «Ազգային միացյալ շարժումը» մտադիր է դրանք վիճարկել նաև իրավական դաշտում՝ դատարաններում։
Թերությունները եղել են, բայց արդյունքների վրա չեն ազդել․ ԿԸՀ
Ընտրական գործընթացը մրցակցային էր, բայց թերություններ էլ են եղել՝ հետընտրական ասուլիսին հայտարարել է ԿԸՀ նախագահ Գեորգի Քալանդարիշվիլին։
«Կոնկրետ միջադեպերով պայմանավորված՝ մի քանի ընտրատեղամասերում կարճ ժամանակով ընդհատվել է ընտրական գործընթացը, բայց քվեարկության արդյունքների վրա այս միջադեպերը չեն ազդել», – նշել է Քալանդարիշվիլին։
Ընտրախախտումների վերաբերյալ տարածքային ընտրահանձնաժողովները 272 բողոք են ստացել։ Ընտրատեղամասերից 140-ում վերահաշվարկ կիրականացվի։
Ընտրախախտումները ազդեցիկ էին․ դիտորդներ
«Միջազգային թափանցիկություն – Վրաստան» (Transparency International – Georgia) и «Միջազգային հանրությունը՝ հանուն արդար ընտրությունների և ժողովրդավարության» (ISFED) հասարակական կազմակերպությունների զեկույցներում նշվում է, որ ընտրախախտումները, որոնք արձանագրվել են ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում, հաշվի առնելով թեկնածուների ստացած քվեների միջև չնչին տարբերությունը՝ կարող էին էականորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Պրոցեսուալ խախտումներից բացի՝ երկրորդ փուլում ընտրողների կամարտահայտման նկատմամբ զանգվածային ճնշումներ են գործադրվել՝ հետընտրական ասուլիսին հայտարարել է ISFED ղեկավար Նինո Դոլիձեն։
«Երբ ասում են, որ ընտրական գործընթացը թերարժեք է եղել, նկատի ունենք ընտրողների քվեարկության նկատմամբ արտաքին վերահսկողության գործոնը, որը դիտարկվել է այս ընտրությունների ընթացքում։ Կուտակումներ, ընտրողների ապօրինի ցուցակագրում և կաշառում․․․ Համարում ենք, որ որոշ ընտրատարածքներում տարբերությունն այնքան չնչին է, որ վերջնարդյունքը որոշում էին մի քանի մարդու քվեները․․․», – «Эхо Кавказа»-ի փոխանցմամբ՝ նշել է Դոլիձեն։
Տարակուսանք է առաջացրել նաև անվավեր քվեաթերթիկների քանակը․ ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, Բաթումում անվավեր է ճանաչվել 2071 քվեաթերթիկ, մինչդեռ թեկնածուների հավաքած քվեների տարբերությունն ընդամենը 1200 էր։ Քութայիսիում անվավեր է ճանաչվել 2396 քվեաթերթիկ, մինչդեռ տարբերությւոնը՝ 2222 քվե է։ Ընդդիմությունը հայտարարում է, թե նման վիճակագրությունը պատահական չէ։
Անհամաչափ ռեսուրսներ՝ ի օգուտ իշխանության․ ԵԱՀԿ դիտորդություն
Ընտրությունները, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված էին և մրցակցային, բայց «արձանագրվել են որոշ թերություններ, որոնք մեծապես վերաբերում էին իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանն ու ագրեսիվ հռետորաբանությանը»՝ հայատարարել է Վրաստանում ԵՄ դեսպանությունը։
«Ռեսուրսների սուր անհամաչափությունը (անհավասարությունը) և իշխանություն լինելու առավելությունը հավելյալ դեր են խաղացել՝ ի օգուտ իշխող կուսակցության», – հետընտրական ասուլիսին նշել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ալբերտ Ջոնսոնը։