«Թանկագին Իրակլի, չնայած դժվարություններին, այսօր մեր երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ», – Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ դիմելով Վրաստանի վարչապետին, նշում էր Նիկոլ Փաշինյանը ։
Հայաստանի ղեկավարի աշխատանքային այցը Թբիլիսի մեկնարկել էր այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ առանձնազրույցով, որին հաջորդեց երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։
«Վրաստանը միշտ մոտիվացված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն։ Մենք միշտ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ գործընթացում», – ասում էր Իրակլի Ղարիբաշվիլին։
Առևտրատնտեսական համագործակցության ոլորտում, ըստ Հայաստանի վարչապետի, ձևավորվել են հստակ ուղղություններ, որոնք ներառում են տրանսպորտի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներ։
«Այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշը արդեն իսկ գրանցել է նախորդ 3 տարիների ցուցանիշը։ Վրաստանի հետ փորձելու ենք մինչև 2026 թվականը երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի», – հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երկու երկրների վարչապետները երկկողմ ֆորմատով այս տարի հանդիպել են արդեն 4 անգամ։