Սոցիալիստ Գաբրիել Բորիչը երեկ հաղթել է Չիլիի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում` պարտության մատնելով իր աջ ծայրահեղական հակառակորդին՝ Խոսե Անտոնիո Կաստին։ 35-ամյա գործիչը կլինի Չիլիի պատմության ամենաերիտասարդ նախագահն ու երկրորդ ամենաերիտասարդ ղեկավարն աշխարհում։
Չիլիի այս տարվա ընտրություններն առանձնանում էին թե իրենց լարվածությամբ, թե բևեռացվածությամբ և թե առանձնակի կարևորությամբ։
Խորվաթական արմատներ ունեցող Բորիչը հայտնի է դեռևս իր ուսանողական տարիների գործունեությամբ, որ ծավալել է ձախական տարբեր քաղաքական ուժերի ու շարժումների ներսում։ Նորընտիր նախագահը եղել է Չիլիի «Ինքնավար ձախերի», ապա նաև «Կոմունիստական երիտասարդների» շարքում։
2019-ի Չիլիի զանգվածային ցույցերի ընթացքում, ի թիվս այլոց՝ հենց Բորիչի բանակցությունների շնորհիվ տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որով որոշվեց նոր սահմանադրություն կազմել և դնել քվեարկության։ Չիլիի նոր մայր օրենքը, որով կչեղարկվեն պինոչետյան շրջանի մի շարք օրենքներ, ժողովրդի դատին կհանձնվի գալիք տարվա սեպտեմբերին։
Չիլին, ի տարբերություն լատինամերիկյան մի շարք այլ երկրների, առանձնանում է իր իշխանությունների պահպանողականությամբ, վերջիններիս վարած աջ, նեոլիբերալ քաղաքականությամբ։ Դեռևս 1973-ին ամերիկյան հատուկ ծառայությունների ջանքերով Չիլիում իշխանությունը զավթեց Ավգուստո Պինոչետը, իսկ դեմոկրատական կերպով ընտրված նախագահ Սալվադոր Ալյենդեն առեղծվածային պայմաններում «ինքնասպան եղավ»։ Պինոչետը իշխանության տարիները նշանավորվեցին ոչ միայն զանգվածային բռնաճնշումներով ու սպանություններով, այլև նեոլիբերալիզմով, որը փաստացի, որպես տնտեսական մոդել, ծնունդ առավ պինոչետյան Չիլիում։ Ըստ նորընտիր նախագահ Բորիչի, այն Չիլիում էլ պետք է մեռնի։
Բորիչը խոստացել է աշխատանքային շաբաթը 45 ժամանոցից դարձնել 40 ժամանոց, բարձրացնել թոշակներն ու նպաստները, ընդլայնել ներդրումները կանաչ էներգիայի, ինչպես նաև կրթության ոլորտում։
Իր հակառակորդ Կաստը, փոխարենը, առաջարկում էր իջեցնել հարկերն ու սոցիալական ծախսերը, պայքարել «ահաբեկչության ու թրաֆիքինգի» դեմ, «օրենք ու կարգ հաստատել»։ Կաստն, ի դեպ, տեղամասերի փակվելուց դեռ մեկուկես ժամ չանցած ընդունել է պարտությունն ու շնորհավորել Բորիչին՝ նշելով, որ նորընտիր ղեկավարն «արժանի է հարգանքի»։ Երիտասարդ սոցիալիստին շնորհավորել է նաև երկրի հեռացող նախագահ, պահպանողական Սեբաստիան Պինյերան։ Վերջինիս հետ տեսազանգը եղել է հանրային։
Չիլիի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը սպասվում է 2022 թվականի մարտի 11-ին։