Վրաստանը փետրվարի 1-ից չեղարկում է միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները։
Երկրի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան չի բացառել, որ արդեն գարնանը Վրաստանը զբոսաշրջիկներ կարող է ընդունել Իսրայելից, Պարսից ծոցի, Եվրամիության այն երկրներից, որտեղ քաղաքացիներին ակտիվորեն պատվաստում են կորոնավիրուսի դեմ։
Համավարակի պատճառով անցյալ տարվա մարտի 21-ից Վրաստանը դադարեցրել է այլ երկրների հետ կանոնավոր չվերթները։ Հուլիսի 13-ին վերականգնվել են միայն թռիչքները Թբիլիսիից դեպի Մյունխեն, Փարիզ և Ռիգա, իսկ նոյեմբերից որոշվել էր վերսկսել կանոնավոր հաղորդակցությունը ևս մի քանի ուղղությամբ։ Երկրում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով, սակայն, այդ չվերթները ևս հետաձգվել կամ դադարեցվել էին։
Երկրի իշխանությունները նշել են նաև, որ առևտրի կենտրոնները ևս պատրաստվում են վերաբացել հաջորդ ամսվա ընթացքում, իսկ դպրոցներն ու հասարակական տրանսպորտը՝ մարտին։
Վրաստանում, որն ունի մոտ 4 միլիոն բնակչություն, կորոնավիրուսով է վարակվել շուրջ 252 հազար մարդ, մահացել՝ 3022-ը։