Շուրջ 12 տարի տևած դատավարությունից հետո նախօրեին ՄԻԵԴ-ը հրապարակել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ վճիռը։ Հայցը ներկայացվել էր Վրաստանի կողմից։
Ռուսաստանը մեղադրվում է խոշտանգումներ իրականացնելու, կյանքի, ազատ տեղաշարժի իրավունքները խախտելու, մարդկանց սեփական տները վերադառնալու իրավունքից զրկելու մեջ։
5-օրյա պատերազմի ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ-ը գնահատականներ չի տվել, բայց հետագա իրադարձությունները դիտարկել է Ռուսաստանի իրավասության համատեքստում՝ փաստացի արձանագրելով, որ Աբխազիան և Հարավային Օսիան գտնվում են ռուսական կողմի վերահսկողության ներքո։
Եվրադատարանը վճռել է, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում վրաց ռազմագերիների խոշտանգումների, խաղաղ բնակչության անվտանգության և ազատության իրավունքի ոտնահարման, պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունների հետաքննությունից հրաժարվելու համար։
Վրացի գերիները պատերազմի ընթացքում անարդարացիորեն կալանքների են ենթարկվել, հաստատել է Բարձր դատարանը՝ շնորհելով նրանց զոհի կարգավիճակ։
Ռուսական կողմը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի վճիռը, հայտարարել է, թե ռուս զինծառայողների անմիջական մասնակցությունը 2008-ի օգոստոսի 12-ից հետո Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցած միջադեպերին չի հաստատվել։ Ուստի՝ մեղադրանքները հիմնազուրկ են։
Վրացական կողմը ՄԻԵԴ-ի այս որոշումը համարում է համազգային հաղթանակ։ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրադատարանի այս որոշումը երկրի «դեօկուպացիայի համար» պայքարի հիմք է, և խոստացել «դեօկուպացիայի նոր նախագիծը» ներկայացնել մոտ ապագայում։