Քաղաքապետարանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար նոր փաթեթ է պատրաստում։ Դրանով նախատեսվող վարչարարության ավելի կոշտ մոտեցումը, համոզված են Քաղաքապետարանում, չի՛ խաթարի առևտրականների գործը կամ խփի մարդկանց գրպաններին։ Խնդրին որոշեցինք անդրադառնալ Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքի հետքերով։
Սալորն ու բալն արդեն կշռված էին․ նիհար ու շփվող վաճառողի հետ քննարկում էինք Մեղրուց Երևան չբերվող ապրանքի ճակատագիրը (ասում էր՝ այն տեղում իրացնելը կամ արտահանելն ավելի շահավետ է), երբ նրան մի երիտասարդ մոտեցավ ու իր բջջայինը փոխանցեց։
Վաճառողը, կարծես, խառնվեց իրար։ Հիմնականում լսում էր, մեկ-մեկ էլ արձագանքում․ «Հա, հա, հիմա․․․»։
Հեռախոսով խոսելիս տղամարդը շուրջն էր նայում, կարծես, խոսացողը մոտակայքում էր, տեսնում էր իրեն, բայց նախընտրում հեռանալու մասին իր պահանջը բարձրաձայնել առանց գնորդներին մոտենալու։
Տեղում փոքրիկ հերթ էր գոյացել․ մեկը ծիրան էր ուզում, մյուսը թթի գինն էր ճշտում։ Բայց վաճառողն արդեն իրերն էր հավաքում։
Թերթի կրպակի մոտ կանգած տղամարդն ընկերաբար խորհուրդ էր տալիս արագացնել։ «Հարևանը հարևանի վրա բողոք ա գրում, դարը փոխվել ա», – նկատեց նա։
Կենտրոնական փողոցներից մեկն էր՝ օծանելիքի խանութի դիմաց, որի ներսում, ի միջի այլոց, անսովոր ակտիվություն էր․ մի քանի տղամարդ զրուցում էր աշխատողների հետ։ Նույն այս տղամարդիկ ավելի ուշ մոտեցել էին ծաղիկների վաճառքով զբաղվող երիտասարդին։
Վերջապես, թաղապետարանի ներկայացուցչն ու ոստիկանը մոտեցան նաև Միշային։ Ոստիկանը պլանշետի նման սարքով նկարեց վաճառողին ու ստացավ նկարվողի ամբողջական անունն ու հասցեն։ Պարզվեց, այստեղ առևտուր անելն արգելվում է․ փողոցներում կարող են աշխատել միայն ծաղիկներ ու սառնարաններում ապրանք վաճառողները։ Այսինքն՝ հարկ մուծողները։
Մինչ վաճառողը բացատրում էր, որ բակերում (ուր, «ընդառաջելով», փորձում էին ուղևորել տղամարդուն) առևտուրն առաջ չի գնա ու զուգահեռաբար իրերն էր հեռացնում, հերթ կանգնած մարդիկ իրենց ուզած ապրանքն էին ինքնուրույն կշռում, ձեռքի հետ ասում, որ միշտ այստեղից են միրգ գնում․ «Ի՞նչ ա էղել, որ արգելում եք»։ Վաճառողի խնդրանքից հետո, սակայն, սկսեցին հեռանալ, նախապես վճարելով տոպրակներում տեղավորված ծիրանի, բալի, ելակի համար։
Վարչարարությունը խստացվելու է
Ըստ գործող օրենքի՝ առանց թույլտվության բացօթյա առևտուր իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում․ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձից մինչև նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով: Այժմ խնդիրը հին օրենքով է կարգավորվում, սակայն, քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով, օրենքում փոփոխություններ են սպասվում, որոնք վարչարարության ավելի կոշտ մոտեցում են նախատեսում։
Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ մշակվող օրենսդրական փոփոխություններն է՛լ ավելի են խստացնելու վարչարարությունը․ օրինակ, դրանց ուժի մեջ մտնելուց հետո ապրանքը կարող են նաև առգրավել։
«Նախկինում ինչքան էլ վարչական պատասխանատվության էինք ենթարկում, մարդիկ անվճարունակության կամ այլ պատճառներով չէին վճարում, բայց հիմա արդեն օրենսդրական նախաձեռնություն ենք մշակում, որի արդյունքում պարտադրված են լինելու և, հակառակ պարագայում, ապրանքը առգրավելու հնարավորություն է տրվելու։
Այո, նոր օրենսդրությունը նախատեսում է վարչարարության ավելի կոշտ մոտեցում, որը հնարավորություն կտա իրապես վերահսկելու ու նպատակային դարձնելու այդ ամեն ինչը։
Ո՛չ թե անել անելու համար, այլ բացառելու համար, որովհետև արձանագրություն կազմելուց հետո շատ դեպքերում իրենք չեն էլ վճարում այդ արձանագրությունը, այլ մի քանի ժամ անց նորից նույն տեղում շարունակում են առևտուրը։
Մենք բյուջեն լցնելու խնդիր չենք հետապնդում, մենք պարզապես երևույթի դեմ իրոք լուրջ պայքար ենք ուզում մղել», – ասել է Գևորգյանը։
Նշենք, որ այժմ պայքարը դեռ հին օրենքով է մղվում։
Այլընտրանքը շուկաներն են
«Այլընտրանքը շուկաներն են՝ դրա համար պատշաճ նախատեսված պայմաններով, վաճառասեղաններով», – նտակել է զրուցակիցը։ Հարցին՝ արդյոք վաճառողներն ի վիճակի կլինե՞ն համապատասխան վարձակալության վճարը տալ, Գևորգյանը վստահեցրեց, որ «շատերն այդ գումարի անգամ հարյուրապատիկի առևտուր են անում»։
«Ես չեմ ասում՝ բոլորը միասին, բայց հաստատ այդքան մեծ գումարներ չեն [շուկաներում]։ Ասենք՝ շուկաներ ունենք՝ 500 դրամից մինչև 1000 դրամի շրջանակում ա օրական վարձավճարը։ Մեր շուկաներում բավականին ազատ վաճառատեղեր կան, պարզապես որոշ վաճառողներ ասում են, որ շուկայում մարդկանց անցուդարձը այդքան ակտիվ չէ, իրենք գումարային առումով տուժում են։ Բայց եթե բոլորս գիտակցենք, որ շուկա՛ն է այն վայրը, որտեղից կարելի է այդ առևտուրն անել, կարծում եմ, նույն անցող-դարձող քաղաքացին չի զլանա, մի 10 մետր այն կողմ կմտնի, առևտուրը գործող շուկայից կանի՝ ավելի ցիվիլ պայմաններում, գոնե վաճառասեղաններով, փակ ծածկերով»։
Մի տեսակ արաբական շուկա․․․
«Բոլոր դեպքերում, մենք պետք է հաշվի առնենք, որ, անկախ վարչարարությունից, փողոցային առևտուրը հանդուրժելով, մենք նաև վտանգի ենք ենթարկում ինքներս մեզ, հատկապես այս ամառային շրջանում, երբ սննդային թունավորումների բազմաթիվ դեպքեր կան», – շարունակել է լրատվության վարչության պետի տեղակալը՝ հիշեցնելով, որ փողոցի անմիջական հարակից հատվածներում առևտուրն ուղղակի արգելված է․ «Այդ փոշու անմիջական առկայությամբ, հատկապես եթե խոսքը կրեմային ապրանքատեսակների, շուտ փչացող, մսամթերքի մասին է։ Դա կատեգորիկ արգելված է։
Ոչ միայն քաղաքաշինական առումով է տգեղ, երբ փողոցում է վաճառվում, այլ նաև էսթետիկ առումով է տգեղ։ Մի տեսակ արաբական շուկայի է վերածվում․․․
Բոլոր դեպքերում, պետք է կարևորել անվտանգության բաղադրիչը»
Հնարավոր բողոքի հետքերով
Գևորգյանը դժվարացավ մեկնաբանել այն հանգամանքը, որ ստուգողների խումբը խանութի աշխտատողների հետ շփվելուց հետո էր մայթում միրգ ծախողին մոտեցել․
«Չեմ կարող իմանալ կամ կոնկրետ դեպքում մեկնաբանել, թե իրենք ինչո՞ւ են սկզբից խանութ մտել։ Իրենք խանութներում ստուգումներ անելու լիազորություններ ևս ունեն, բայց կոնկրետ էն մասով, թե ինչի՞ են սկզբից խանութ մտել, ճիշտն ասած, չգիտեմ՝ ոնց մեկնաբանել»։
Այնուհետև նա պատմեց ամենօրյա ստուգայցերի մասին, որոնք իրականացվում են և՛ Առևտրի ու ծառայությունների վարչության, և՛ վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից՝ «բառիս բուն իմաստով առանց շաբաթ-կիրակիների»։