Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր հրավիրված ասուլիսին գաղտնի ձայնագրություն է հրապարակել, որը կոչված էր ապացուցելու, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է։ Ձայնագրությունում, ըստ Վարդազարյանի, ռեստորաններից մեկում իր և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի զրույցն է։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը 2020թ․-ի նոյեմբերի 15-ին հանդես էր եկել ուղերձով, որն իշխող կուսակցության պատգամավորներն որակել էին որպես «մարտակոչ դատավորներին» և «ընդդիմադիր հայտ»։ Արդեն 2021-ի մարտի 15-ին նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել․ մանրամասներ չէին ներկայացվել, Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար էր նշանակվել Գագիկ Ջհանգիրյանը։
«Ինձ հրաժարական տալու առաջարկությունը փոխանցվել ա վարչապետի անունից, բայց չեմ ասի՝ ով ա ասել», – այսօրվա ասուլիսին պարզաբանել է Վարդազարյանը։
Վարդազարյանի խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։
Այսօր հրապարակված գաղտնի ձայնագրությունում (ենթադրաբար կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին), նախկին ԲԴԽ նախագահի մեկնաբանությամբ, խոսվում է այն մասին, որ եթե նա հրաժարական տա մինչև նշված ժամանակահատվածը, իր դեմ նոր քրեական գործեր չեն հարուցվի։
Մի քանի հատված ձայնագրությունից․
Ջհանգիրյան — Լսի, դու գիտես էն առյուծը, որ անտառում փախնող գազանների պլորները պոկում ա, հետո ա հաշվում։ Հմի ես քեզ ասում եմ՝ պետք չի տենց բաներ ըլնի, դու ասում ես՝ ես գիտեմ երեք քրեական գործ կա։ Ես էլ ասում եմ՝ եթե երեք քրեական գործ կա, երկրորդ, երրորդ քրեական գործ հարուցողի մերը քունեմ <․․․>
Վարդազարյան — Կա։ Գլխավոր դատախազն վերահսկում է։
Ջհանգիրյան — Ասում եմ չկա, ի՞նչ ես ասում։ Վերահսկելը ո՞րն ա, վերահսկելը տեսական բան ես ասում։ Հիմա չկա՛։ Դու խի ի՞նձ չես լսում։ Դու ինձ հավատո՞ւմ ես, հաշվի՝ չկա։ Էն առաջինն էլ չկա։ Բա որ կա, խի՞ չի գալի։
Վարդազարյան — Վստահ չի։
Ջհանգիրյան — Յա՜։ Ուզում ա վստահ լինի, ուզում ա՝ չլինի։ Խի՞ չի գալիս։
Վարդազարյան — Դե ուրեմն Ջհանգիրյանն էնքան հզոր ա, որ գլխավոր դատախազ ա կառավարում։
Ջհանգիրյան — Է՜․․․ապեր, ես պռեզիդենտ էլ եմ կառավարել։ Դու էդ ի՞նչ կարծիքի ես։
Վարդազարյան — Լավ կարծիքի եմ։
<․․․>
Պատճառաբանելով, որ ձայնագրությունը վատ է լսվում (լրագրողները պնդում էին, որ լավ էլ լսվում է) Վարդազարյանն ընդհատում է այն, երբ Ջհանգիրյանն ասում է «Լսի, Վանեցյան Արթուրին ես տարել եմ բանակ, բանակից բերել եմ, լեյտենանտի կոչումն էլ ես եմ․․․»։
Ջհանգիրյան — ․․․Էս մարդկանց որոշումը կայացված ա, մի թարսվի․․․ Բայց ես ասում եմ՝ չեմ ուզում իմ ազգանվան վրա բիծ ըլնի։ Ես տղամարդավարի ապրել եմ, տղամարդավարի էլ պիտի մեռնեմ։ Դրա համար էլ ասում եմ՝ Ռուբիկ ջան․․․ հաշվի, որ դու ինձ տղա ես։ Դրա համար էլ ասում եմ՝ պրոբլեմ էդտեղ պետք չի սարքել։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, խորհո՛ւրդ։ ․․․Նայի, Ստեփան, էս օրը վկա, ես ասում եմ՝ չկա ոչ երկրորդը [քրեական գործ], ոչ երրորդը։ Եթե կան էլ, իրանց խոհանոցների համար կան։ Բայց ավել բան էլ ինձնից չուզես։ ․․․Էդ բոլորը կանգնեցրած ա, և ես գառանտ եմ դրա։ Էլ ո՞նց ասեմ․ թուղթ տուր, ստորագրեմ գրեմ։ ․․․Ես, տե՛ս, սաղ փակել եմ։ Էս պահին ոչինչ չի գնում՝ սկսած Վահագի գործից, վերջացրած մյուսները։
<․․․>
Ջհանգիրյան — Որոշումը քոնն ա։ Բայց ես չեմ ուզում վատ բաններ ըլնի։
Վարդազարյան — Բայց նման ա էլի սպառնալիքի։ «Չեմ ուզում վատ բաներ ըլնի»։ Վատ բանը ո՞րն ա։ …Դե լավ, ես էլ կգնամ կնստեմ։
Ջհանգիրյան — Դե որ ուզում ես նստես, գնա նստի։ Ուրեմն ես ոչ մի բան չեմ խոսում։
Վարդազարյան — Մի հատ անկեղծ հարց տամ, անկեղծ պատասխան եմ ակնկալում։
Ջհանգիրյան — Նենց ա հարցնում, ոնց որ ինձի զապիս անի․․․
Վարդազարյան — Ուզում եմ իմանամ՝ Ջհանգիրյան Գագիկի ինչի՞ն ա պետք էս ամեն ինչը։
Ջհանգիրյան — Արա, ես չեմ ուզում մեր երկիրը էս վիճակի․․․Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտի նման գյոթը հետ գա։ Հազիվ էդ կլանից պրծել ենք։ Ու եթե ես իմանամ՝ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ՝ Ղազինյան Արթուրն ա գալու, կեթամ կկանգնեմ կողքները։ Բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակն ու էդ գյոթը։
Ձայնագրության ողջ ընթացքում ֆոնից երաժշտություն է լսվում (Թաթա Սիմոնյան, Արմենչիկ․․․)։ Պարբերաբար լսվում են նաև բաժակների չխկոցներ։ Վարդազարյանը քիչ է խոսում՝ հիմնականում խոսեցնում է Ջհանգիրյանին։
Ասուլիսից հետո ԲԴԽ-ից հայտնել են, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում:
«Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության», – նշված է հայտարարության մեջ:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, հիշեցնենք, 1997-2008 թվականներին զբաղեցրել է զինդատախազի պաշտոնը։ Նրա ղեկավարած կառույցի ապօրինություններից ամենահնչեղը Մատաղիսի գործն էր․ երկու զինծառայողների սպանությունը Ջհանգիրյանի գլխավորած դատախազությունը հետևողականորեն վերագրում էր երեք զինվորների, որոնց իրավապահները՝ ծեծելով և նվաստացնելով, ստիպել էին խոստովանական ցուցմունք տալ։ Մեղադրյալները, դատապարտվելով ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման, հետագայում արդարացվել են և նույնիսկ հաղթել Եվրոպական դատարանում։ Ջհանգիրյանը դրանից հետո ևս ոչ միայն հրաժարվել է ներողություն խնդրել, այլև շարունակել է պնդել, որ ինքը և իր ղեկավարած կառույցը ճիշտ են գործել։