Home / Դատարան / Ռուբեն Վարդազարյանին կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանը

Ռուբեն Վարդազարյանին կփոխարինի Գագիկ Ջհանգիրյանը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են, հայտնել է ԲԴԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նախագահի պարտականությունները կկատարի խորհրդի՝ տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով ԲԴԽ անդամ է ընտրվել հունվարի 22-ին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Մանրամասներ կառույցից չէին հայտնել։

Վարդազարյանը նոյեմբերի 15-ին հանդես էր եկել ուղերձով, որն իշխող կուսակցության պատգամավորներն որակել էին որպես «մարտակոչ դատավորներին» և «ընդդիմադիր հայտ»։ Պատգամավոր Արմեն Բաբաջանյանն էլ հայտարարել էր, որ ԲԴԽ նախագահի մասնակցությամբ լարված նիստից հետո «օրենքով գողեր» են կապվել իր հետ և սպառնացել։ Արդյոք հարուցված քրգործը որևէ առնչություն ունի այս պատմության հետ՝ հայտնի չէ։

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է ընտրվել հունվարի 22-ին։ 1997-2008 թվականներին նա զբաղեցրել է զինդատախազի պաշտոնը։ Նրա ղեկավարած կառույցի ապօրինություններից ամենահնչեղը Մատաղիսի գործն էր․ երկու զինծառայողների սպանությունը Ջհանգիրյանի գլխավորած դատախազությունը հետևողականորեն վերագրում էր երեք զինվորների, որոնց իրավապահները՝ ծեծելով և նվաստացնելով, ստիպել էին խոստովանական ցուցմունք տալ։ Մեղադրյալները, դատապարտվելով ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման, հետագայում արդարացվել են և նույնիսկ հաղթել Եվրոպական դատարանում։ Ջհանգիրյանը դրանից հետո ևս ոչ միայն հրաժարվել է ներողություն խնդրել, այլև շարունակել է պնդել, որ ինքը և իր ղեկավարած կառույցը ճիշտ են գործել։